Monday, July 5, 2010

ԱՄՆ-ը շնորհակալ է Հայաստանից հայ-թուրքական գործընթացում ունեցած ներդրման համար

News.am. 4-5-2010- «Չնայած նրան, որ թուրքերը պատրաստ չէին եւ այսօր էլ պատրաստ չեն առանց նախապայմանի Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու, մեզ համար չափազանց կարեւոր է զգալ Միացյալ Նահանգների վարչակազմի վերաբերմունքն այս խնդրի վերաբերյալ»: Այդ մասին հուլիսի 4-ին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպմանը՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից եւ պետքարտուղարից Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործում գործադրած ջանքերի համար: ԱՄՆ պետքարտուղարն անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու գործում իր անձնական ներդրման համար: «Ինչպես մեր նախկին հանդիպումների ընթացքում քննարկել ենք, ԱՄՆ-ը, անշուշտ, շահագրգռված է հիմնախնդրի լուծման հարցում: Մենք շարունակում ենք հավատացած լինել, որ այդ հարցերի լուծումը, ընդհանրապես նաեւ տարածաշրջանի զարգացման ու նոր հնարավորությունների ստեղծման տեսանկյունից, բխում է Հայաստանի ժողովրդի շահերից»,- նշել է Հիլարի Քլինթոնը:

No comments: