Wednesday, July 28, 2010

ԵԹԵ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆ ՉԻ ՍՏԱՑԵԼ, ԱՊԱ ՍՏԱՆՁՆԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՍԱՓՈՂԻ ԴԵՐԸ

Սակայն դա չպետք է հիմք դառնա լկտիանալու, առավել եւս ցինիզմի, նաեւ անտեսանելի սահմաններն անցնելու համար «ԱԶԳ», 28-07-2010- Հուլիսի 26-ին թուրքական «Դիպլոմատիկ գյոզլեմ» թերթը, որը «Դիվանագիտական դիտարկում» է նշանակում, հրապարակել է «Ինչո՞ւ Հայաստանը հանրաքվեի չի գնում», «Ինձ ի՞նչ Հայաստանից» եւ «Աղրի (Արարատ) լեռան հեքիաթը...» վերնագրերով երեք հոդված: Թերթի կայքէջում տպագրված այդ հոդվածները կապակցված են, լրացնում են միմյանց ինչպես տրամաբանական, այնպես էլ թուրքական նկրտումների առումով: Հոդվածներում խնդրո առարկան հայ-թուրքական արձանագրություններն են եւ դրանց վավերացման համար Հայաստանին առաջադրվող Թուրքիայի նախապայմանների հիմնավորումը: «Ինչո՞ւ Հայաստանը հանրաքվեի չի գնում» վերնագրով անստորագիր հոդվածում «Դիպլոմատիկ գյոզլեմ» թերթը գրում է. «Հայ-թուրքական հարաբերությունները նոր փուլի սկզբնավորման կարիքն ունեն: Մինչ տարածաշրջանում տիրող իրավիճակն ու գլոբալ հնարավոր զարգացումները պահանջում են լարվածության թուլացումը Հարավային Կովկասում, Երեւանը խուսափում է արձանագրությունների առնչությամբ պատասխանատվության ստանձնումից: Դա կարող է պայմանավորել քաղաքական հասկանալի մտահոգությամբ: Սակայն այդ դեպքում էլ Երեւանը թող հանրաքվեի դնի արձանագրությունները, որ ժողովուրդը որոշի: Ամենայն հավանականությամբ, Երեւանի քաղաքական ընտրախավը Թուրքիայի հետ հաշտեցման սեղանին նստել է «արտաքին ճնշման» ազդեցությամբ եւ սեղանից հեռացել այդ ճնշումներով: Երեւանի կառավարության համար ամենաանհրաժեշտը արձանագրությունները հանրաքվեի դնելն է: Ավելին, Երեւանը թող ժողովրդին հարցնի. «Ի՞նչ կարծիքի է Ղարաբաղում առկա օկուպացիային վերջ տալու եւ Թուրքիայի հետ ստորագրված արձանագրությունները վավերացնելու հարցում»: Կարծում ենքՙ հայ ժողովուրդն ավելի հանդուգն ու խելացի որոշում կկայացնի, քան ղեկավարությունը: Անսպասելի կլինի, եթե հանրաքվեի մասնակիցների գոնե 80 տոկոսը կողմ չքվեարկի»: «Ինձ ի՞նչ Հայաստանից» հոդվածում նշված է. «Այս արտահայտությունն ավելի հաճախ է լսվելու, որովհետեւ Երեւանը մեծ սխալ է թույլ տալիս: Անիմաստ են «զրպարտության» հուշարձան Քլինթոնի այցելությունը, դրա առթիվ սփյուռքի ոգեւորությունը: Թեեւ Թուրքիայի հետ ստորագրած արձանագրությունները աղբաման նետելու համար Երեւանին ասում են. «կեցցես», սակայն ասողներից ոչ ոք Հայաստանի հացը չի տալիս: Վատն այն է, որ Երեւանի այս մոտեցումը ուժեղացնելու է դիրքերը նրանց, ովքեր դեմ են Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը: Այլ կերպՙ քանի դեռ չի փոխվել նախագահ Սարգսյանի դիրքորոշումը, իրավացի են լինելու «Ինձ ի՞նչ Հայաստանից» ասողներն ու ավելացնելու են. «Մենք ճիշտ ենք դուրս եկել: Հայերը խոսք կտան, բայց չեն կատարի: Նրանց պետությունն էլ պետության նման չէ, որ խոստումները կատարվեն: Իրականում հայկական պետություն կոչվածը Կրեմլի կովկասյան մասնաճյուղը կարծես լինի: Եթե ռուսներն ասեն նստեք, կնստեն, ամերիկացիները ասենՙ վեր կացեք, կկենան... Ավելին, թեւակոխել ենք գլոբալացման ժամանակաշրջան: Ժամանակն արագ է անցնում եւ ոչ Երեւանի օգտին: Սարգսյանի դիվանագիտական սաբոտաժի ազդեցությամբ մարդիկ ասելու են. «Ոնց որ ուզում են: Թող իրենք (հայերը) վազեն մեր հետեւից: Ոչ նավթ ունեն, ոչ գազ, ոչ էլ դրամ: Ի՞նչ ունեն մեզ մատուցելու: Հետեւաբար սահմանները բաց լինեն, թե փակ, միեւնույնն է: Մեզ բավ են մեր երկրում ապօրինաբար աշխատող հայաստանցիները: Մեկ էլ Հայաստանով չզբաղվենք»: Թուրքիայում բուռն զարգացում են ապրում տնտեսությունը, ներքին եւ արտաքին քաղաքականությունը»: Ինչ վերաբերում է «Աղրի լեռան հեքիաթը...» հոդվածին, ապա այստեղ էլ թուրքական թերթը գրում է. «Արձանագրությունների հարցում Երեւանի ձեռնարկումներով կոմայի մեջ են հայտնվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները: Տարօրինակն այն է, որ տպավորություն է ստեղծվել, թե իբր Հայաստանը կատարել է արձանագրությունների առնչությամբ իր ստանձնած պարտավորությունները եւ հենց այդ պարտավորություններով է առաջնորդվում հայկական կողմը: Աղրի լեռան հռետորիկայով շահագործվածի անուն վաստակած եւ տուժողի հոգաբանությամբ հպարտ հայաստանյան ռոմանտիզմը շարունակում է ընթանալ իր բռնած ճամփով: Երանի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը «քարոզչության թանգարանում» շրջելիս «զրպարտության հուշարձանին» ծաղկեպսակ դնելիս կարողանար մտածել 1915-ից առաջ եւ հետո Անատոլիայում սպանված թուրքերի մասին: Երանի Քլինթոնն ի վիճակի լիներ երկու գեղեցիկ խոսք ասելու «պաշտպանության մարտերում» սպանված ազերիների մասին, օրինակՙ հիշեր Խոջալուի ցեղասպանությունը: Սակայն դա տեղի չունեցավ: Չէր էլ կարող ունենալ, որովհետեւ Աղրի լեռան հեքիաթը դեռեւս շարունակվում է: Այս հեքիաթում նշվում է, որ հայերը մեծ թիվ էին կազմում Անատոլիայում, այնուհետեւ իթթիհադականները, չգիտես ինչու, որոշեցին քշել հայերին, հայերը մեծ ողբերգություն ապրեցին: Իսկ հիմա պետք է ուշքի գալ եւ բուժել վերքերը: Ի դեպ, դրանք պետք է բուժի հենց Թուրքիան: Չպետք է սակայն մոռանալ, որ հայերն այդ թվերին համագործակցել են Օսմանյան կայսրության բոլոր թշնամիների հետՙ սպանելով 600 հազար մահմեդականի: Մեկ օրում մոխրի կույտ են դարձրել Վանի նման խոշոր քաղաքը: Դրանից հետո ով կարողացավ փախավ, իսկ ով բռնվեց, նրանց էլ աքսորեցին: Աղրի լեռան հեքիաթը այսպիսի ճշմարտություններ էլ է պարունակում, որովհետեւ, ըստ հեքիաթի, հայ ժողովուրդն օգտագործվել է, ինչպես երեկ էր օգտագործվում, այնպես էլ հիմա: Եվ որպես հայ ժողովրդի օգտագործման նախագիծ, առ այսօր շարունակվում է Աղրի լեռան հեքիաթը: Տարածաշրջանում իրավիճակն անտանելի է, սակայն Հայաստան-Թուրքիա երկկողմ հարաբերությունների բարեփոխումն ու վերականգնումը հնարավոր է ոչ թե «ատելության» քաղաքականությամբ, այլ «համագործակցության» եղանակով»: Եթե «Դիպլոմատիկ գյոզլեմ» թերթը հանձնարարական չի ստացել, ապա ինքնակամ ստանձնել է Թուրքիայի արտգործնախարարության խոսափողի դերը: Սակայն ինչ էլ որ լինի, եթե Թուրքիայում արտգործնախարարությունը չի կարողացել հայկական կողմին պարտադրել արձանագրությունների վավերացման համար առաջադրվող նախապայմանները, ապա «Դիպլոմատիկ գյոզլեմը» առավել եւս չպետք է փորձի կամք թելադրել Հայաստանին: Անիմաստը հենց այս լկտի արարքն է, այլ ոչ թե Մեծ եղեռնի հուշահամալիրին պետքարտուղար Քլինթոնի ծաղկեպսակ դնելը: Ինչ վերաբերում է Հայաստանի արձանագրություններից բխող պարտավորություններին, ապա թուրքական թերթը Թուրքիայի նախապայմանները շրջանցելու գնով դրանց մասին հիշեցնելիս, անցնում է ցինիզմի տեսանելի եւ անտեսանելի բոլոր սահմանները, որը գագաթնակետին է հասնում արձանագրությունները հանրաքվեի դնելու առաջարկով եւ ակնկալիքով, որ հայ ժողովուրդը հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների պատրաստ կլինի Լեռնային Ղարաբաղը զիջել հայ սպանելու համար մարդասպանին ազգային հերոս հռչակող ադրբեջանական ոհմակներին: ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: