Wednesday, July 28, 2010

Գերմանիայի ԱԳՆ. Նրանք ովքեր կարծում են, թե Թուրքիայի ԵՄ անդամագրումն արդեն օրակարգում է, սխալվում են

Panorama.am. 27-7-2010- Պաշտոնական Բեռլինի համոզմամբ, Թուրքիան դեռևս պատրաստ չէ ԵՄ անդամագրմանը: Գերմանական Բիլդ (Bild) պարբերականում նման ենթատեքստով հոդված է հեղինակել այդ երկրի արտգործնախարար Գուիդո Վեսթերվելը. «Նրանք, ովքեր կարծում են, թե Թուրքիայի ԵՄ անդամագրումն արդեն օրակարգում է, սխալվում են»,-գրում է հոդվածում Վեսթերվելը` Թուրքիայի կատարվելիք այցին ընդառաջ: Այս մասին փոխանցում է Ուկրինֆորմ գործակալությունը: Միժամանակ Գերմանիայի արտգործնախարարը չի բացառում Թուրքիայի անդամագրումը եվրոպական ընտանիքին հեռանկարում: «Գերմանիան ունի հատկապես տնտեսական հետաքրքրություն, որպեսզի Անկարան կողմնորոշվի Եվրոպայի ուղղությամբ»,- ասել է նախարարը, հավելելով, թե Եվրոպան կարիք ունի Թուրքիայի «կառուցողական օգնությանը» տարածաշրջանային խնդիրների լուծման հարցում, ինչպես օրինակ Աֆղանստանում, Իրաքում, Մերձավոր Արևելքում: Նշենք, Թուրքիայի ԵՄ անդամագրման գործընթացը սկսվել է 2005 թ-ի հոկտեմբերից, սակայն սառեցվել է 2006 թ-ին, այն բանից հետո, երբ Անկարան հրաժարվեց տարածել Եվրամիության հետ մաքսային միության մասին պայմանագիրը Կիպրոսի վրա: Թուրքիայի ԵՄ անդամագրման ամենամեծ ընդդիմադիրներն են Ֆրանսիան ու Գերմանիան: Լիարժեք անդամակցության փոխարեն, Գերմանիան, մասնավորապես, առաջարկում է կառույցի հետ արտոնյալ գործընկերոջ կարգավիճակ տալ Թուրքիային, ինչը, վերջինիս կողմից չի ընդունում:

No comments: