Wednesday, July 28, 2010

Արձագանք Ստեփանակերտից... Իրանահայ մամուլի հայտարարությունների վերաբերյալ

ՄԻ ՑԱՎԻ ՄԱՍԻՆ ... Ինչքան էլ, որ բառիս բուն իմաստով զզված եմ մեր իրականությունում գործող բոլոր կուսակցություններից ու հատվածական մտածելակերպի բոլոր կրողներից՝ չկարողացա անտեսել վերջերս սկիզբ առած լեզվակռիվն ու փոխադարձ ամբաստանությունները Թեհրանի «Ալիք» օրաթերթի ու «Արաքս» շաբաթերթի միջև, որի առիթն էր հանդիսացել «Ռոստոմ» դպրոցի փակման մասին տեղեկությունը։ Ինչ-որ ներքին մղումով գրիչ վերցրի (եթե համակարգչի ստեղնաշարը կարելի է այդպես անվանել), որ իմ սրտի խոսքն էլ ես ասեմ։ Վերջապես հայ եմ չէ՞։ Ե՛ս էլ եմ գիտակ, ե՛ս էլ ասելու բան ունեմ և վերջապես ինչո՞վ եմ պակաս գրող-մրողներից, դոկտոր-պրոֆեսորներից կամ թեկուզ նախարար-նախագահներից… Ի սկզբանե ասեմ, որ դեպքի մանրամասնություններին տեղյակ չեմ և չեմ կարող անաչար դատել թե որտե՛ղ է իրականության սահմանագիծը։ Սակայն այստեղ ինձ քաջ ծանոթ ձեռագրի «հոտ» է գալիս և թվում է թե «Արաքսն» իրավացի է այս հարցում։ Սակայն, ավելացնեմ, որ ինչքան էլ ցավալի է, բայց փաստ է, որ Պարսկաստանի ու միջին արևելքի հայկական համայնքները ոչնչացման եզրին են և կամա թե ակամա նման գործընթացներ լինելու են ու միշտ էլ ցավով են ընկալվելու… Կարծում եք դպրոցը փակողների սիրտը չի՞ ցավում… Հարցը թափանցիկության ու գործելաոճի մեջ է։ Սա պարզապես առիթ հանդիսացավ, որ ես էլ իմ զարը գցեմ հայկական խաղատախտակին։ Իմ ասելիքն ասեմ թեկուզ վստահ եմ, որ խուլ ականջների վրա է ընկնելու… Վերջապես ես ո՞վ եմ։ Մի հասարակ մահկանացու, որ ոչ փողատեր է, ոչ էլ թիկունք ունի։ Ցավալի է, բայց իրականություն, որ մեր կուսակցությունները (շեշտում եմ սա, որովհետև այս գործելաոճը հատուկ չէ միայն Դաշնակցությանը) եթե ոչ միշտ՝ ապա հաճախ, առանց երկու անգամ մտածելու՝ պատրաստ են հատվածական շահերն ու որոշումները ներկայացնել որպես ընդհանուրինը։ Սա, իրենց կամքը պարտադրելու, այդ նպատակի համար ստորաբար իրականությունը խեղաթյուրելու, հասարակությունը մոլորեցնելու մի հետաքրքիր վարժանք է։ Այս գործում, ի հարկ է, մեղքի մեծ բաժին ունի նաև Դաշնակցությունը։ Սակայն, նորից եմ շեշտում, ո՛չ ամենևին որովհետև ավելի նենգ է քան մյուսները, այլ պարզապես նրա համար, որ անդամաշատ է, ունի համակիրների մի մեծ բանակ, ավելի գործունեա է և ունի աշխատանքի լայն ծիր (գոնե սփյուռքում)։ Հետևաբար Դաշնակցությունը ուշադրության կիզակետում է ու սխալներն առավել ակնառու և աններելի են։ Թող այնպիսի կարծիք չստեղծվի թե փորձում եմ արդարացնել, հաշտարարի դերում հանդես գալ, կամ Դաշնակցական եմ և այլն։ Ամենևին ո՛չ։ Ես էլ մուր ունեմ Դաշնակցության հանդեպ։ Այս մասին ստորև։ Եղել եմ Ռամկավար բայց մի տասնամյակից ավել է արդեն չեմ մասնակցում ոչ մի ժողովի, անդամավճար չեմ վճարում և առհասարակ հեռու եմ ամեն ինչից... մնում է միայն հրաժարական տալ, նրանցից էլ եմ զզվել։ Համակրում եմ Դաշնակցության որոշ դրույթներին, ինչպես նաև Ռամկավարների և այլոց։ Խնդիրն այն է, որ խոսքն ու գործը տարբեր բաներ են և հարկավոր է դատել առանձին հարցերի նկատմամբ տվյալ պահին այս կամ այն կուսակցության կեցվածքով և գործով։ Այնպես որ, ընտրություններին կմասնակցեմ ոչ որպես կուսակցական այլ որպես ՀԱՅ։ Վերադառնանք գործելաոճին։ Այս ցավագին խնդրի հիմնական պատճառն այն է, իմ կարծիքով, որ մեր կուսակցություններում գերիշխողը մտավորականությունը չէ, որը հաճախ մտնում է գեր դրամապանակի տեր «Հակոբ աղաների» ու «Գրիգոր աղաների» ինչ-որ տեղը… Հայաստանյան իրականությունում այս դերն են ստանձնել մականվավոր արդի բիզնեսմենները, որոնք հրաշք-խեժ են հայտնաբերել որը թույլ չի տալիս պատգամավորական ու այլ աթոռները նրանց հետույքից պոկել… Հակո՛բ, մի՛ ծիծաղիր, խոսքս Պոլսո մասին չէ, այլ մե՛ր օրերի։ Փո՛ղ, տեսքի՛դ ղուրբան։ Ի՜նչ հրաշքներ որ չես գործում, քո համար մարդու որտե՛ղն ասես չեն համբուրի… Չունի՞ արդյոք Դաշնակցությունը բանիմաց, գրագետ, ազնիվ ու ազգասեր անդամներ։ Ունի՛, ի հարկ է ունի, այն էլ շատ։ Բայց ո՞րտեղ են նրանք, ինչու՞ ձայն չեն վերցնում, ինչու՞ են ղեկը թողնում կիսագրագետ, կոշկակարությամբ կամ ոսկերչությամբ փող դիզած աղաներին (ամենայն հանգանքներս կոշկակարներին ու ոսկերիչներին, որոնցից մեկի զավակն էլ ես եմ)։ Միանշանակ պատասխան տալ հնարավոր չէ։ Արդյոք դա այդպե՞ս է։ Կարծում եմ պատասխանը նաև դաստիարակության մեջ է և տվյալ համայնքից (որի զգալի մասը կույր հավատավորներ են) մերժված լինելու վախի մեջ՝ իր բոլոր հետևանքներով։ Անժխտելի է, որ Դաշնակցությունը իր զանազան կառույցներով մեծ աշխատանք է իրականացնում, հատկապես սփյուռքում, հայապահպանության ու նոր սերնդի մէջ հայրենասիրության սերմանման գործում։ Սակայն, անժխտելի է նաև, որ դա արվում է, հատվածական մտածելակերպի ու անքննարկելի հնազանդության ներգործությամբ։ Հետևանքը՝ այլամերժություն, անհանդուրժողություն և սեփական սխալները հրապարակայնորեն ընդունելու անկարողություն։ Մյուս կուսակցությունները առավել բարվոք վիճակու՞մ են այս հարցում։ Ո՛չ։ Պարզապես սփյուռքյան իրողությունում դրանց հետևանքը նվազ է, չնայած կատարում է նաև ազդեցություն-հակազդեցություն արատավոր օղակի դեր։ Սա էլ հումք է ծառայում բոլոր հատվածների համար՝ իրենց դիրքերում անխախտ մնալու։ Այս շրջանակից դուրս պրծնելու համար կարիք ունենք խիզախ գործիչների, որոնք չեն վախենա յուրայինների քննադատությունից։ Մարդիկ, որոնք կկարողանան սեփական ամոթը բացեիբաց քննարկել և բացատրել ու ներողություն խնդրել առաջին հերթին իրենց շրջապատից՝ նրանց մոլորեցրած լինելու համար և հետո ամբողջ համայնքից ու հայությունից։ Կլինե՞ն ձեռք մեկնելու պատրաստ նման հերոսներ։ Համոզված եմ որ կլինեն։ Ժամանակ է պետք մեր արևելյան հոգեբանական բարդույթները թոթափելու համար։ Բայց մերօրյա աշխարհում ժամանակը շատ սուղ է։ Այն մարտահրավերները, որ ծառացել են մեր առաջ՝ լինի սփյուռքում կամ Հայաստանում (Արցախը չեմ առանձնացնում) պարզապես մեզ հապաղելու հնարավորություն չեն ընձեռում… Ինձ մոտ հատկապես քմծիծաղ է առաջացնում սփյուռքում զանազան հայկական կուսակցությունների գոյության փաստը։ Հայրենի հողում, որտեղ կա քաղաքական գործունեության, իշխանության հասնելու և սեփական ծրագրերն իրականացնելու իրատեսական ու պարարտ հող, դա հասկանալի է։ Կարո՞ղ ենք պատկերացնել, օրինակ, որ Լիբանանում մի օր լինի Դաշնակցական կառավարություն կամ ԱՄՆ-ում կոնգրեսը ունենա Ռամկավար մեծամասնություն։ Սթափվի՛ր սփյուռք։ Օտարության ծոցում երբ հերթը հասնի հայության իրավունքները տրորելուն, չե՛ն հարցնի թե Հնչակ ես, Դաշնակ, թե՞ Ռամկավար… Լիբանանի օրինակը իմ մոտ պարզապես սրտխառնոց է առաջացնում… մեկը ա՛յս տեղական ուժի, մյուսն էլ մէկ ուրիշի փեշի տակ է սողոսկել… Պարոնա՛յք, կուսակցություննե՛ր, եթե դա անում եք տեղական քաղաքական ծովում ջրի երեսին մնալու համար, գոնե այնպես արեք, որ շարքայիննները հասկանան և սառը պատերազմյան ոգով չվերաբերվեն հակառակ ճամբարում գտնվողներին… Եթե շատ եք հրապուրված կուսակցություն-կուսակցություն խաղով՝ ապա եկե՛ք Հայաստան։ Ինչ կվերաբերի Դաշնակցության հանդեպ իմ ունեցած «մուրին», ասեմ, որ թեև իմ ընտանիքը ֆիզիկապես չի տուժել 1958-ին Լիբանանում Դաշնակցության սանձազերծած սպաննությունների ալիքից (ինքս տաս տարի հետո եմ ծնվել), այնուամենայնիվ ակնկալիքներ ունեմ այդ կուսակցությունից այս հարցի կապակցությամբ։ Որպես մարդ, առավել ևս հայ, աններելի եմ համարում մեկ այլ արյունակցի սպաննությունը այսպես կոչված գաղափարական հողի վրա, որտեղ էլ դա լինի, առավել ևս օտար հողի վրա։ Այս սպանդի զոհն են գնացել տասնյակ մարդիկ, տասնյակ ընտանիքներ են այրիացել ու որբացել։ Բազմապատկե՛ք այդ թիվը նրանց սերունդների քանակով ու դրանց հարազատներով, ընկերներով ու շրջապատով և կստանաք այն մեղքի կշիռը որը կախվել է Դաշնակցության վզից (ոչ պակաս նաև Հնչակյանների և այլոց)։ Այդ մարդիկ, գաղթելով Լիբանանից, իրենց հետ աշխարհի տարբեր ծագերն են տարել այդ ցավը։ Նման վերքը երբե՛ք չի սպիանա անգամ մեղայականող հանդես գալու դեպքում։ Չի՛ մոռացվի, չի՛ ներվի։ Սակայն անկեղծ զղջումը, ներողություն խնդրելը կարող են ամոքել, սփոփել և կոտրել անհարդուժողությունը երկուստեք։ Թե՛ տուժողների և թե՛ հրահրողների սերնդների միջավայրում։ Այս իրադարձությունների հիսնամյակի կապակցությամբ, երկու տարի առաջ Փարիզի «Յառաջ»-ում հանդես եկավ Դիրբոռնում Միչիգանի համալսարանի հայագիտական ամբիոնի պրոֆեսոր՝ Արա Սանջյանը (տե՛ս հոդվածը այստեղ http://www.keghart.com/node/120), սակայն՝ ձայն բարբառոյ յանապատի… Արձագա՞նք, քննարկու՞մ։ Ես անտեղյակ եմ եթե անգամ այդպիսիք եղել են։ Մի գուցե և եղել են… պատերի տակ, ականջից հեռու։ Պարոնա՛յք (նաև տիկնայք և օրիորդներ, թող չնեղանան) Դաշնակցականներ, լռությունը լավագույն դեղատոմսը չէ։ Ազգային վեհ գաղափարների կրող հանդիսացող և զանազան թմբկահարվող հավակնությունների տեր ու պատմական հարուստ անցյալ ունեցող կուսակցությանը պարզապես անհարիր է նման կեցվածքը։ Որտե՞ղ է վեհանձնությունը, որտե՞ղ է քաջությունը։ Ինչպե՞ս մենք կարող ենք Թուրքից պահանջել վերանայել իր արյունոտ անցյալը այն դեպքում երբ ինքներս պատրաստ չենք մեր իսկ մեղքերը մեր մեջ քննարկել ու ներում հայցել։ Անհամեմատելի՞ ոճիրներ են։ Ո՛չ, լավ էլ համեմատելի են։ Խնդիրը ծավալների ու որակավորման մեջ չէ, այլ փաստի՛։ Սխալն ընդունել կարողանալը ինքնին մեծագույն արժանիք է։ Եկեք ազգային համերաշխության առաջին քայլը այս տեղից սկսենք։ Բուժելու վերքեր շատ ունենք, այնպիսի վերքեր որոնց համար ուրիշին մեղադրել չենք կարողանա։ Շեշտս դնում եմ Դաշնակցության վրա, որովհետև եթե ոչ տարիքով, գոնե անդամներով ու կարողությամբ սփյուռքի ավագ կուսակցությունն է և առաջին քայլը կատարելը ավելի հարիր է ավագին։ Եվ թող որ հակա- կամ ոչ- Դաշնակցականները հրճվանք չապրեն այս խոսքերից, որովհետև մեղքերի հարցում նրանք էլ անմասն չեն։ Խոսքս հատկապես Հնչակյաններին է վերաբերում։ Եթե սկսենք փորփրել, վստահ եմ, որ շատ ուրիշ խայտառակություններ ի հայտ կգան։ Բայց Պանդոռայի տուփը հարկավոր է բացել ինչքան էլ դա դժվար լինի։ Կարևորը բարյացակամորեն ու անկեղծորեն քննարկելու և խնդիրները մեկ առ մեկ հարթելու պատրաստակամություն ունենալն է։ Քաղաքակրթությունը այսպիսի վիճակներում է երևում և ոչ թե անցյալում Մաշտոցներ ու Շիրակացիներ կամ վանքեր ու խաչքարեր ունեցած լինելու մեջ։ Եթե մենք մեզ համարում ենք արժանիքների տեր ազգ, եթե չենք ուզում ապագայում մեր անցյալին նորից ամոթով նայել, ապա եկե՛ք այս քայլը հիմա վերցնենք։ Արշակ Դավիդյան Ստեփանակերտ, Երևան 27.07.2010թ.

No comments: