
Tert.am. 13-2-2010- «Ակօս» շաբաթաթերթի կայքէջը վերադարձել է բնականոն աշխատանքին։
Հիշեցնենք, որ երեկ «Ակօսի», «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամի, «Նոր զարթոնք» հայկական հասարակական նախաձեռնության և «Արվեստ հանուն խաղաղության» նախաձեռնության կայքէջերը ենթարկվել էին հաքերային հարձակման։
Հաքերները, կոտրելով շաբաթաթերթի կայքէջը, այնտեղ տեղադրել էին «Ակօսի» խմբագրապետ Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթի նկարը՝ նրան գովաբանող տեքստով, իսկ շաբաթաթերթին` սպառնալիքներ։
Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet օրաթերթը, հարձակումն իրականացրել են Ak Hacker’s անունով խմբի չորս անդամներ։ Թերթի փոխանցմամբ՝ «Ակօսի» կայքէջի վրա հարձակում իրականացրած հաքերները լավ չեն տիրապետում թուրքերենին, ինչի մասին է վկայում շաբաթաթերթի կայքէջում տեղադրած տեքստում մի շարք ուղագրական սխալները։
Մինչ այդ շարունակվում են սպառնալիքներ ուղարկվել «Ակօսի» էլեկտրոնային հասցեին։ Այդ նամակներից մեկի հեղինակի՝ Բիլալ Ու.-ի դեմ 2-ից մինչև 5 տարվա ազատազրկման պահանջով դատական գործ է հարուցվել։
Հիշեցնենք, որ անցած տարի թուրքական դատարանը 3,3 տարվա ազատազրկման էր դատապարտել «Ակօս» շաբաթաթերթի էլեկտրոնային հասցեին սպառնալիքներ ուղարկած Մեհմեդ Քարային:
No comments:
Post a Comment