Wednesday, April 6, 2011

ԴՐՈՇՆԵՐ ՂԱՐԱԲԱՂԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ

«ԱԶԳ», 06-04-2011- Հարեւան երկրում իսկական դրոշապաշտություն է սկսվել: Մեկնարկն, ինչպես պաշտամունքի ոլորտի մյուս բոլոր հարցերում, անցյալ սեպտեմբերին տրվել էր Իլհամ Ալիեւի «բարձրագույն կամքով». Բաքվում կառուցվել էր «պետական դրոշի հրապարակ, որտեղ կանգնեցվել էր աշխարհի ամենաբարձր դրոշակաձողը»: Իհարկե` «աշխարհի ամենամեծ պետական դրոշի» համար:
«Դարի կառույցի» հետ, իհարկե, Կասպիականի քամիները երբեմն չար կատակներ անում են: Այնքան, որ ԱԻ նախարարությունն ստիպված է լինում տարհանել մերձակա տների բնակիչներին: Բայց, ինչպես ասում են, «վատ օրինակը վարակիչ է լինում». Իլհամ Ալիեւը կարգադրել է 60-70 մետր բարձրության դրոշներ տեղադրել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով:
Թե ի՞նչ խորհրդապաշտական իմաստ է դրել դրանում նա` այդ մասին ադրբեջանական կողմն առայժմ որեւէ մեկնաբանություն չի արել: Խոսքը պաշտոնական մեկնաբանության մասին է: Բայց երեւույթն ինքնին ուշադրության արժանի է:
Եթե վերացարկվելու լինենք ադրբեջանական կողմի բնութագրական անհավասարակշռվածությունից, ապա թերեւս կարելի է ասել, որ այդ կերպ Իլհամ Ալիեւը զորքերի շփման ներկա գիծն ընդունում է որպես պետական սահման: Չէ՞ որ նման դեպքերում է պետությունը բարձրացնում իր դրոշը` արձանագրելով այդ կերպ սեփական տարածքի վերջին հատվածը:
Այս իմաստով, անշուշտ, նա խելացի քայլ է կատարել. շփման գծում ծառայություն անցկացնող զինվորներն ու մերձակայքի քաղաքացիական բնակչությունն, Աստծո ամեն օր արթնանալով եւ հարգանքի տուրք մատուցելով սեփական երկրի պետական դրոշին, ակնհայտորեն գիտակցում են, թե որտեղից է սկսվում եւ որտեղ է ավարտվում իրենց երկիրը:
Սկսվում է Բաքվի «պետական դրոշի հրապարակից» եւ ավարտվում այնտեղ, որտեղով անցնում է զորքերի շփման գիծը:
Այլ իմաստ ադրբեջանական «դրոշապաշտությունը» հաստատ չունի: Անտրամաբանական է մտածել, որ Իլհամ Ալիեւը կարգադրել է զորքերի շփման գծի երկայնքով դրոշներ ծածանել, որպեսզի խրամատներից այս կողմ մենք մեզ վատ զգանք: Ինչո՞ւ պիտի վատ զգանք: Մենք բոլորովին էլ վատ չենք զգում, որ Բաքվի բոլոր շենքերը զարդարված են հայր եւ որդի Ալիեւների մեծադիր լուսանկարներով: Ճիշտ այդպես էլ չենք հրճվում, երբ որեւէ մեկն այդ նկարներով «սրբացված» շենքի պատին այսպիսի գրություն է թողնում. «Այ էշ, մի կեղտոտիր»,- ինչպես օրերս նման լուսանկար էր տարածել, անշուշտ` անզգուշորեն, պետականամետ 1news.az-ը: Իրենց երկիրն է, իրենց «սրբությունները»: Կուզենան` կերկրպագեն, կուզենան` «էշի տեղ» կդնեն:
Նույնը` դրոշի պարագայում: Մանավանդ` շփման գծում:
Բայց օրերս ադրբեջանցի լրագրողներից մեկն այցելել է «Խոջավենդի շրջանի ազատագրված հատված»: Խոսքը ԼՂՀ Մարտունու շրջանի այն հատվածի մասին է` 17 000 հեկտար մակերեսով, որ ադրբեջանական զինված ուժերի օկուպացիայի տակ է: Եվ ի՞նչ եք կարծում: Այո, դրոշապաշտությունը հասել է նաեւ այդտեղ: «Նարգիզթեփե» անվանված վայրում էլ կանգնեցված է Ադրբեջանի պետական դրոշը: Եվ լրագրողը դրանից ընդհանրացրել է, որ «Ադրբեջանի պետական դրոշը ծածանվում է Լեռնային Ղարաբաղի վրա»:
Լրագրողի «տեղանվանագիտական եւ պատմական վերլուծությունները» հանած` սույն «խորհրդապաշտական» քայլի իմաստն այն է, որ, ինչպես նա է գրում, 1994թ. «Նարգիզթեփե այցելել, զինվորների հետ զրուցել եւ «հայկական զորքերի հետագա առաջխաղացումը կանխել է» անձամբ Հեյդար Ալիեւը»:
Ստացվում է, որ «Լեռնային Ղարաբաղի վրա ծածանվող» դրոշն իրականում կանգնեցվել է ի պատիվ Հեյդար Ալիեւի, որը «եթե ժողովրդի պահանջով չվերադառնար Բաքու, ապա Ադրբեջանը կկորցներ պետական անկախությունը»:
Դե թող այդ դրոշակաձողն էլ դառնա Հեյդար Ալիեւի «ղարաբաղյան քաղաքականության հուշասյունը»: Որքան էլ դժվար լինի հաշտվել մեր հայրենիքի մի հատվածի օկուպացիայի հետ, մենք, այդուհանդերձ, հանդուրժողաբար կվերաբերվենք Իլհամ Ալիեւի որդիական սիրո զեղումներին, եթե նա ցանկություն ունի իրավաբանորեն ամրագրել այն սահմանները, որ անկախ Ադրբեջանի համար մեծագույն ջանքերով գծել եւ սերունդներին է փոխանցել «համազգային առաջնորդ» հայրը` Արաքսից ` «Նարգիզթեփե», այդտեղից էլ` Օմարի բարձունք, որտեղ` դեպի Ադրբեջան նայող կեցվածքով կարելի է նաեւ Հեյդար Ալիեւի մոնումենտը կանգնեցնել: Թող այդ բարձրությունից նայի եւ սքանչանա Բաքվի «պետական դրոշի հրապարակով»:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

No comments: