Thursday, July 15, 2010

Լ. Անանյան. «Երևանը, իհարկե, դեռ պատրաստ չէ, բայց ունենք բոլոր հնարավորությունները». Մի՞թե

ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման համաձայն` 2012 թվականին Երևանը հռչակվել է համաշխարհային գրքի մայրաքաղաք: Թեև, ինչպես Panorama.am-ին ասաց Հայաստանի Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը հենց ինքն է նման առաջարկով հանդես եկել, բայց առաջին անգամ հենց մեզանից լսեց այդ մասին: Նշենք, որ նման որոշում կայացվել է հուլիսի 2-ին` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում անցկացված նիստի ժամանակ: Ինչևէ: Պարոն Անանյանից հետաքրքվեցինք` պատրա՞ստ է Երևանը դիմավորել 2012 թվականը: «Իհարկե, այս պահին պատրաստ չենք, բայց ունենք բոլոր հնարավորությունները, որպեսզի երկու տարվա ընթացքում հավուր պատշաճի, բարձր մակարդակով պատրաստվենք. դա մեր ժողովրդի, մշակույթի պարտքն է: Այն մեծապես կխթանի մեր մշակույթի զարգացումը: Բացի այդ` 2012-ին լրանում է Հայկական տպագրության ստեղծման 500-ամյակը, որի կապակցությամբ էլ բազմաթիվ միջոցառումներ պետք է անցկացվեն»: Ըստ նրա, անելիք շատ կա: Նշենք, որ Երևանը դարձել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված 12-րդ քաղաքը: Նախորդ տարիներին այդ տիտղոսին են արժանացել Մադրիդը (2001), այնուհետև` Ալեքսանդրիան, Նյու Դելին, Անդվերպենը, Մոնրեալը, Թուրինը, Բոգոտան, Ամստերդամը, Բեյրութը, այս տարի` Լյուբլյանան, հաջորդ տարի` Բուենոս Այրեսը: Երևանն այս պատվաբեր տիտղոսը կրելու է 2012 թ-ի ապրիլի 23-ից մինչև 2013-ի ապրիլի 22-ը: Ապրիլի 23-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված է որպես գրքի և հեղինակային իրավունքների միջազգային օր: Իսկ թե ինչո՞ւ է ընտրվել հենց Երևանը: Ինչպես փաստել են նախընտրական հանձնախմբի անդամները, Երևանն ընտրվել է` «ներկայացված բարձրարժեք և բազմաբնույթ ծրագրերի համար, որոնք մշակված են ամենայն մանրամասնությամբ, իրատեսական են և արտացոլում են քաղաքի սոցիալական ողջ կազմը` առանձնահատուկ ուշադրության արժանացնելով ոլորտի ինչպես ընդհանրական կերպերն ու տեսակետները, այնպես էլ գրահրատարակությանը առնչվող բոլոր առանձին օղակների խնդիրները»: Իհարկե, ողջունելի է, երբ Հայաստանը, որին աշխարհն այնքան էլ ծանոթ չէ, չնայած ունի հնադարյան պատմություն ու մշակույթ, ընտրվում է որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք: Միգուցե, ներկայացված ծրագիրն, իրոք, «բարձրարժեք և բազմաբնույթ» է, բայց մի՞թե միայն ծրագիրը բավական է: Նախ և առաջ հարկավոր է ծրագրում ներառված կետերը կյանքի կոչել: Իսկ այսօր Հայաստանում, երբ հայ քաղաքացին հեռացել է գրքից, գրականությունից, մի՞թե հնարավոր է խոսել բարձրարժեք ծրագրերի մասին: Այսօր Հայաստանում` ի տարբերություն, ասենք, Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի, գիրքն այնքան թանկ է վաճառվում, որ ոչ բոլորը գնելու հնարավորություն ունեն: Գրքից կտրված ու գրախանութներին միայն ցուցափեղկերից նայող հասարակությունը մի՞թե կարող է «հավուր պատշաճի» ներկայանալ համաշխարհային գրքի մայրաքաղաքում: Կարծում ենք` ոչ: Այսինքն, իրոք, շատ անելիքներ ունենք: Շաաաաա~տ:

No comments: