Monday, May 23, 2011

Հայկական բուտերբրոտ-4

Սկիզբը`
http://armtoday.info/default.asp?Lang=_Ru&NewsID=34533
http://armtoday.info/default.asp?Lang=_Ru&NewsID=36505
http://armtoday.info/default.asp?Lang=_Ru&NewsID=39238


Հայաստանի ներքաղաքական իրավիճակը վերջերս հայտնվել է ակնդետ ուշադրության, զանգվածային մեկնաբանությունների և զանազան բամբասանքների թիրախում: Ընդ որում, քննարկումների կենտրոնում գտնվող երկու նախկին նախագահներն ու գործող նախագահը առանձնապես չեն շտապում պարզություն մտցնելու ստեղծված իրավիճակի մեջ: Կենտրոնական խաղացողների յուրօրինակ “եռախոսությունը” ստեղծում է իրավիճակի շիկացման և ակտիվ ալեկոծության տպավորություն, մինչդեռ խոսքն ընդամենը մի բեմադրության մասին է, որի հեղինակները բոլորովին այլ մարդիկ են: Քաղաքական գործիչը միշտ էլ իր ժողովրդի, դասի, կուսակցության, տոհմի գործիքն է, իսկ հաճախ` նաև արտաքին ուժերի գործիքը: Թե ում գործիքը դառնալ` ընտրությունը քաղաքական գործչինն է:

Հայաստանում գրեթե ամբողք քաղաքական դաշտը համերաշխորեն ընտրել է արտաքին աջակցությունը` միանգամայն փաստարկված ձևով համարելով, որ ներքին ռեսուրսներ չկան ոչ միայն իշխանական բուրգի փոխարինման կամ արմատական փոփոխության, այլև` դրա պահպանման ու վերարտադրության համար:

Գլխավոր տիկնիկավարի գործողություններում հիացմունք է առաջացնում այն իրողությունը, որ արտաքին քաղաքական կողմնորոշում ունեցող քաղաքական գործիչներն իրենց ծայր աստիճան ռացիոնալ, տրամաբանորեն անբասիր գործողությունների ընտրության մեջ աչքի են ընկնում գործողությունների բացարձակ ռացիոնալությամբ ու կամավորականությամբ, որոնք, սակայն, մեկ սցենարի հունով են գնում:

Օրինակ, Ռոբերտ Քոչարյանի համար տրամաբանական, ռացիոնալ ընտրություն կլինի բոլոր միջոցներով աջակցել նախագահության գծով իր գործող գործընկերոջը` որպես սեփական անձեռնմխելիության երաշխավորի: Համապատասխանաբար, ռուսական կուսակցության մնացորդները հարկադրված կլինեն աջակցել արևմտյան Սերժ Սարգսյանին` ուշադրություն չդարձնելով Սարգսյանի` արևմուտքին արվող ռևերանսներին: Ռուսական կուսակցության առջև այսօր Հայաստանում ավելի շատ գոյապահպանության խնդիր է ծառացած, իսկ դա լուծել կարելի է միայն գործող երաշխավորին ու գլխավոր հրամանատարին աջակցելով: Չքնաղ իրավիճակ է:

Ըստ էության, Սերժ Սարգսյանը հայտնվել է առաջին և երկրորդ նախագահների արանքում և ավելի մոտիկ է ԱՄՆ-ին ու Ռուսաստանին, քան` այդ երկու երկրները միմյանց: Իդեալաան դիրք, որտեղ նույնիսկ տեսականորեն նրան ոչինչ չի սպառնում: Լևոն Տեր-Պետրոսյանը կանխատեսել էր սա, այստեղից էլ` նրա մշտական ռևերանսները Մոսկվային: Այլ հարց է, որ Մոսկվան չի վստահում Տեր-Պետրոսյանին, իսկ Կոնգրեսը դեպի հյուսիս իր միտման մեջ կաշկանդված է Արևմուտքի հետ հաշվի նստելու անհրաժեշտությամբ: Կեմպլեմենտարիզմ նշանակում մշտապես գտնվել կենտրոնում` թե արտաքին քաղաքական կողմնորոշման, գործառույթների առումով և թե, համապատասխանաբար, այդ գործառույթները կրողների, այսինքն` երկրի քաղաքական ուժերի դաշտում ներքին քաղաքական դիրքավորման առումով: Իսկ Կենտրոնում Սերժ Սարգսյանն է:

Ահա այստեղից է գալիս Հայաստանի քաղաքական ուժերի յուրատեսակ վազքը դեպի կենտրոն, որտեղ հաղթող կարող է ճանաչվել միայն ամենաշարժունը, այն է` ամենաանսկզբունքայինը: Երկրորդ և երրորդ նախագահների միջև դիրքավորվելու Տեր-Պետրոսյանի փորձը` հայտնվելով յուրաքանչյուրին ավելի մոտ, քան նրանք` միմյանց և փորձելով բաժանել նրանց միմյանցից` ռազմավարական առումով անհեռանկար է, քանի որ ենթադրում է երկուսի էլ բոլոր մեղքերի թողություն, մի բան, որ ընդդիմադիր բազայի կողմից չի ընկալվի զուտ սկզբունքային, արժեքային նկատառումներով: Իսկ ինչ վերաբերում է մարտավարական դիրքային խաղերին, ապա դրանք ըստ էության ուժեղացրել են Սերժ Սարգսյանին:

Այս տեսակետից հետաքրքրականը միայն մի հարց է` արդյո՞ք Կոնգրեսն ու Տեր-Պետրոսյանը թողություն տվել են Սերժ Սարգսյանի անցյալի մեղքերին: Ամենայն հավանականությամբ` այո, քանի որ նման քայլը երեք նախագահների պայքարի մեջ կարող էր իշխանության և ՀԱԿ-ի մեջև քաղաքական երկխոսության հիմք հանդիսանալ: Քաղաքական երկխոսությունը միշտ չէ, որ ենթադրում է լեգալություն կամ անմիջականություն, բայց այն միշտ էլ հիմնվում է քննարկման մասնակիցների որոշակի հիմնարժեքների, փոխհամաձայնության, կարգավիճակի, լեգիտիմացման վրա: Հայ իրականության մեջ նման փոխադարձ լեգիտիմացման հիմք կարող է ծառայել անցյալը մոռացության տալը և փոխադարձ երաշխիքներ տալը` ոչ զրոյական գումարով խաղի կանոններին համապատասխան, այսինքն, կարելի է ասել` երկխոսության մասնակիցների անձնական երաշխիքներ և քաղաքական պայքարում բռնության սահմանափակում (ուժի չկիրառման վերաբերյալ փոխհամաձայնությունը կարելի է միայն ողջունել, մնում է միայն առաջին իսկ ընտրությունների ժամանակ ստուգել ստանձնած պարտավորությունների կատարումը): Այլ հարց է, որ ընդդիմադիր ընտրազանգվածը արժեքային առումով չի ընկալում Սերժ Սարգսյանի ներողատվությունը (այստեղից էլ` երկխոսության քողարկված և միջնորդավորված լինելու հանգամանքը), և առավել ևս չի ընկալի Ռոբերտ Քոչարյանին ներողատվությունը, որը ամուր փականք է դնում Լևոն Տեր-Պետրոսյանի` լիարժեք դիրքային առևտուր անելու հնարավորության վրա: Մյուս կողմից կարելի վստահ ասել, որ ավտորիտար իշխանութունը հենվում բռնության վրա և իշխանության պահպանման ու վերարտադրության համար բռնության կիրառումը կյանքի նորմ է մնում այնքան ժամանակ, քանի դեռ բնակչությանը չեն իջեցրել անասունների մակարդակի, իսկ երկխոսության վերնախավային փոխհամաձայնությունը կխախտվի իշխանությանը սպառնացող առաջին իսկ վտանգի դեպքում:

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձերնած և Ռոբերտ Քոչարյանի կողմից որպես զենք ընտրված “կոմպլեմենտարության քաղաքականությունը” լիարժեք կերպով իրացրեց հենց Սերժ Սարգսյանը:

Այստեղից է գալիս Սերժ Սարգսյանի նույնքան ռացիոնալ ընտրությունը` հնարավորինս երկար ժամանակ վարելու երեք ձեռքի պարտիա, առանց որևիցե հանգուցալուծման, չմերժելով Ռուսաստանին և չհակառակվելով ԱՄՆ-ին, Կոնգրեսին վախեցնելով Քոչարյանով, իսկ Մոսկվային` Կոնգրեսով:

Բնականաբար, սա կառաջացնի պրեֆերանսի երրորդ խաղընկերոջ հիասթափությունը, բայց վերջինիս ռացիոնալությունը նույնպես կանխատեսելի է` ապահովել եթե ոչ աջակցություն, ապա գոնե ՀԱԿ-ի համար արտաքին քաղաքական բարենպաստ խորապատկեր, Սերժ Սարգսյանին հրելով դեպի իր արտաքին քաղաքական դիրքորոշումը և մինչև կապտելու աստիճան շարունակելով երկրորդ և երրորդ նախագահ-աշակերտներին միմյանց դեմ հանելու փորձերը, այն դեպքում, երբ մարդկանց “հանգստացնելու” այդքան ամիսներից հետո ՀԱԿ-ը իրավիճակի շեշտակի շիկացման տարբերակներ այլևս չունի:

Առհասարակ, վերջին տասնամյակների փորձը ցույց է տալիս, որ Արևմուտքը կողմերի վրա ավանդաբար ճմշում է գործադրել համաձայն ներքին քաղաքական օրակարգի` զիջումներ կորզելով արցախյան հիմնախնդրի ասպարեզում: Պատկերացրեք Արևմուտքի զարմանքը, երբ հայաստանյան քաղաքական վերնախավը արտակարգ □առաձգականություն□ ի հայտ բերեց Արցախի հարցում, բայց երբեք ոչ` ներքին իրադրության հարցում: Բայց, չնայած հայկական քաղաքական վերնախավի հովվերգական փոխհամաձայնությունը, Արևմուտքին հարկավոր չեն Արցախի հարցում այդ առավելագույն զիջումները:

Իսկ այժմ պարզվում է, որ արցախյան հիմնախնդիրը որպես այդպիսին Արևմուտքի համար չի կարող լինել Հայաստանի ներքին իրավիճակի վրա ճնշում գործադրելու արդյունավետ միջոց. ավելի արդյունավետ է արցախյան հիմնախնդիրը կապակցել երկրի ներքին քաղաքական դաշտում ուղղակիորեն տեղի ունեցող գործողությունների հետ: Այդպիսի մոտեցման արդյունավետության աղբյուրը հայ քաղաքական վերնախավի բացարձակ կողմնորոշվածությունն է միայն արտաքին խաղացողների վրա, որը հանգեցրել է սեփական ժողովրդից զգալի հեռացվածության:

Այստեղից էլ` Արևմուտքի եզրակացությունը. Սերժ Սարգսյանին կառավարելու համար պահպանել նրա դեմ ուժեղ ընդդիմությունը: Ռեժիմի փոփոխման դեպքում նոր իշխանութունը` ի դեմս ՀԱԿ-ի, դեռ երկար ժամանակ չի ունենա ուժեղ ընդդիմություն, հետևաբար, նաև վերահսկման ենթակա չի լինի և, չնայած իր բացարձակ հավատարմությունն ապացուցելու բոլոր ջանքերին, ՀԱԿ-ին երկրորդ հնարավորությունը չեն տալիս:

Վարչակարգի վրա ճնշման որոշակի ավելացումը այս առումով ոչ թե իշխանափոփության պլանների ցուցանիշ է, այլ, ընհակառակը, Սերժ Սարգսյանի գահակալության ժամկետների երկարաձգման մասին ընդունված որոշման ցուցանիշ է, որտեղ ՀԱԿ-ի համար նախապատրաստել են այդ իշխանության ներքին վերահսկողության դերը:

Իսկ եթե վերոնշյալ փաստը համադրենք այն փաստի հետ, որ Հայաստանն ընդունել է արցախյան հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքերը, ապա կարելի է վստահ լինել, որ Մինսկի խմբի պլանի ընդունման դիմաց Հայաստանին խոստացվել է ոչ թե տնտեսական աջակցություն կամ ռազմական օգնություն, այլ` Սերժ Սարգսյանի ևս մեկ նախագահական ժամկետի թույլտվություն և անցյալ մեղքերի թողություն: Դա Տեր-Պետրոսյանի քաղաքականության տրամաբական արդյունքն է վերնախավային փոխհամաձայնության սահմաններում. “չխանգարել լուծել Ղարաբաղի հարցը”, որ տրանսֆորմացվեց “չխանգարել իրականացնելու լեգիտիումթյուն վերնախավային զիճումների դիմաց գործարքը”:

Արևմուտքի միակ փոխադարձ պայմանը, թերևս, Հայաստանը քաղաքակիրթ տեսքի բերելն է, որպեսզի խնամակալը չկարմրի իր խնամարկյալի համար: Այսպիսով, նման պլանի իրականացման դեպքում Կոնգրեսին վերապահվել է խորհրդարանական ընդդիմության (բայց ոչ մեծամասնության) դերը Սերժ Սարգսյանի հերթական նախագահության ժամանակ:

Երկրորդ եզրակացությունը հետևյալն է. իշխանափոխության դեպքում վերջնական վերահսկողության կարգավիճակը ենթադրում է ունենալ երկու ժաղովրդավարական և ոչ թե ավտորիտար կառույցներ` մեկը` մոնղոլ-թաթարական, մյուսը` հհշ-ական, որոնք գնալով ավելի ու ավելի են նմանվում միմյանց: Իսկ օպերատիվ կտռվածքով դա նշանակում է, որ եթե Արևմուտքը ձևավորում է և իշխանությունը և ընդիմություն, ապա չի կարող իր մի գործիքով ոչնչացնել մյուսը, դրանք անհրաժեշտ են միաժամանակ: Եվ որքան ավելի շատ է Կոնգրեսն ամրապնդում “կարգապահությունը”, այնքան ավելի է գլորվում ավտորիտարիզմի գիրկը, դրանով իսկ նեղացնելով սեփական բազան:

Իրականում ՀԱԿ-ում ցայսօր չեն հասկացել իրենց նկատմամբ Արևմուտքի անվստահության պատճառները: Կարծեք թե իրենք շատ ավելի լավն են ու ավելի գրագետ, նույնիսկ կառույցում ունեն բազմաթիվ ազնիվ մարդիկ, բայց … վստահություն չկա:

Անհավատալի նարցիսիզմը Կոնգրեսի առաջատար ինսայդերներին, մի կողմից, խանգարում է հասկանալ, որ Սերժ Սարգսյանն արդեն այսօր, գտնվելով իշխանության մեջ, հիանալի կերպով անում է այն, ինչ ՀԱԿ-ը պատրաստվում է անել` հավակնլով իշխանության, իսկ մյուս կողմից` որ գալով իշխանության, ի վիճակի չի լինի անելու այն, ինչ չի կարողանում անել այսօր որպես ընդդիմություն, այն է` լինել իսկապես ժողովրդավարական այլընտրանք, այլ դաս, այլ իրավակարգ: Եվ եթե առաջին հանգամանքը ՀԱԿ-ի փաստացի առաքելությունը նվազեցնում է` նրան վերապահելով միայն արտաքին խաղացողների ձեռքին իշխանություններին ճնշելու գործիքի դեր, ապա երկրորդը Կոնգրեսի ընտրազանգվածը նեղացնում է մինչև “քաղաքական ակումբի” աստիճան:

Հայաստանի ժողովուրդը վերջին կես տարվա ընթացքում բախվել է մի եզակի երևույթի, որ դիպուկ կերպով նշել է հայաստանյան հայտնի բլոգերներից մեկը. “Վարչակազմի հետ փոխզիջման գնալ հնարավոր է, իսկ ընդդիմադիր այլ ուժերի հետ` ոչ: Այսինքն, “մենաշնորհ ընդդեմ մենաշնորհի”: Եվ սա այն պայմաններում, երբ նույնիսկ ՀՀԿ-ն իշխանության ճամբարում չունի մենաշնորհի հասնելու այնպիսի հավակնություններ, ինչպիսին` ՀԱԿ-ը ընդդիմության դաշտում”:

Այստեղից էլ` ՀԱԿ-ի ռազմավարությունը` որևէ այլընտրանքային ընդդիմությանը ճզմելու ձգտումը, այն է` արտաքին խաղացողներին կանգնեցնելով այլընտրանք չունենալու փաստի առջև` նրանց ստիպել ընդունելու իրենց` առ այսօր չընդունված կերպարը: Այստեղից էլ` Արևմուտքի դիրքորոշումը երկու ավտորիտար կառույցների պայքարի հանդեպ: Եվ որքան ավելի է Կոնգրեսն “ամրապնդվում”, այդքան ավելի քիչ հնարավորություն է մնում ընկալվելու որպես ժողովրդավարական կառույց:

Արևմտյան խաղացողների համար տվյալ քաղաքական ուժի այլընտրանքի բացակայությունը չի որոշվում իշխանության համար պայքարում մրցակիցների առկայությամբ կամ չարիքի փոքրագույնի ընտրությամբ, հետևաբար արտաքին ուժերը միշտ էլ կարող են գտնել էլ ավելի լոյալ մի ուժ կամ ստեղծել այդպիսին: Այլընտրանքի բացակայությունը որոշվում է բնակչության աջակցությամբ և ժողովրդական զանգվածների տրամադրությունների ձևավորման մեջ ու գործողություններում առաջատար դեր ստանձնելու ունակությամբ, այսինքն` այլընտրանք չունենալը, այնուամենայնիվ, ենթադրում է համազգային փոխհամաձայնություն, որը հենց խարխլվում է` շարքերում □կարգապահություն□ սահմանելով:

Որևէ գործընթացի կամ ուժերի, քաղաքական, տնտեսական ռեսուրսների, տարատեսակ միջոցների համակենտրոնացումը հնարավոր է երկու մեթոդով` ուժային` վերևից կամ “ներքևից”` տարբեր տեսակետների նկատմամբ համբերությամբ, համբերատարությամբ ու հանդուրժողականությամբ` հանուն ընդհանուր գործի, հիմնվելով գլխավոր թեմաների շուրջ փոխհամաձայնության վրա: 2007-8թթ. սկսելով ներքևում ընդդիմադիր ուժերի համակենտրոնացումից, ընդ որում` տարբեր քաղաքական ուժերի նկատմամբ հանդես բերելով որոշակի հանդուրժողականություն` Տեր-Պետրոսյանը այլընտրանքի բացակայության հարցում հասավ փոխհամաձայնության: Ներկա` 2010-2011թթ. անցումը վերևից կենտրոնացման` անխուսափելիորեն վերաստեղծում է այդ այլընտրանքները արդեն ՀԱԿ-ից դուրս, իսկ դրանց ուժային ճնշումը կարող է միայն ապահովել Կոնգրեսի ներսում եղած ուժերի կարգապահությունը` ի հաշիվ սեփական շարքերից չհամաձայնողներին դուրս մղելու, բայց ոչ երբեք` իր շուրջը հասարակության ընդիմադիր ուժերի կենտրոնացման: Ընդհակառակը, այդպիսի մարտավարությունը սանձազերծում է բողոքող ուժերի ապակենտրոնացում ՀԱԿ-ից դուրս եղած հանրության շրջանում:

Նշված գործողությունների արդյունքը թուլացող ընդդիմությունն է Հայաստանում և, կարելի է ասել, արտաքին ուժերի ձեռքում վարչակարգի վրա ճնշում գործադրելու համար ընդդիմությանը գործիք դարձնելու` գոնե այսօրվա դրությամբ հաջողված փորձը, որի նպատակները շատ ավելի մեծ չափով համընկնում են դրսի խաղացողների շահերին, քան` ՀՀ քաղաքացիների օրախնդիր պահանջմունքներին:

Հարդյունս, ակնհայտ է, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու:

Ընթացիկ տարվա հունիսին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը ավարտում է իր եռամյա առաքելությունը` ստանալով պաշտոնի բարձրացում, իսկ իրադրության վերաբերյալ ԱՄՆ-ից առաջիկայուն ընկալելի պատասխաններ չեն լինի: Առավելագույնը կլինի հայտարարություն այն մասին, թե` ժողովրդավարական, քաղաքացիական հասարակություն անհրաժեշտ է կառուցել համատեղ երկարատև ջանքերով: Մի խոսքով, սպասեք ու շատ էլ մի հուսալքվեք: Կարող է նաև հայտարարեն հայ հասարակության և “նույն միլիեթի” երկու երկրների հասարակության միջև քաղաքացիական եռախոսության անհրաժեշտության մասին, ինչպես նաև “տարածաշրջանում խաղաղության պահպանման այլընտրանքի բացակայության” մասին:

Սերժ Սարգսյանը բանտից կազատի բոլորին, բացի մեկից: Եվ այդ մեկը կլինի ոչ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանին բաց կթողնեն, այսինքն` դե թող հիմա էլ ազատության մեջ գտնվող Նիկոլի պատճառով ՀԱԿ-ի ղեկավարության գլուխը ցավի: (Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը իրեն դրսևորի որպես ‘իմաստուն ռեալ պոլիտիկ’, ապա դա կստիպի հետհայաց կարգով խորհել 2008թ. փետրվար-մարտ ամիսների իրադարձությունների ավելի գլոբալ և ավելի խրթին ռեժիսուրայի մասին):

Նույնիսկ շարքային ոստիկանների չեն ձերբակալելու: Կլինի նոր ու երկարաշունչ հետաքննության գործընթաց նախապես վճարված օտարերկրացի փորձագետների մասնակցությամբ:

Ի դեպ, գեներալ Մանվելը կհայտարարի իշխանության ու ՀՀԿ-ի` ի դեմս Սերժ Սարգսյանի, և ընդդիմության երկխոսությանն իր աջակցությունը բերելու, ինչպես նաև արտաքին թշնամիների նկրտումների մասին:

Ռուսաստանում, գուցե Հյուսիսային Կովկասում, մի քանի օրով կպայթեցնեն գազատարը, բայց ընդհանուր առմամբ տեղի կունենա Հայաստանի և ՌԴ-ի տնտեսական կապերի խորացում և ընդլայնում:

Ադիբեկյանն անսպասելիորեն շատ տոկոսներ կտա Բարգավաճ Հայաստանին:

Իսկ հայ-թուրքական օրակարգում ոչ մի ճեղքում էլ չի արձանագրվի Արցախի հարցում. Թուրքիային ու Ադրբեջանին ձեռնտու է միայն Հայաստանի կապիտուլյացիան, որին համաձայն չեն ոչ Վաշինգտոնը, ոչ Մոսկվան` անկախ երևանյան կրպակատերերի վերնախավի ձգտումներից: Ցավալի է, բայց փաստ է` միայն Բաքվի և Անկարայի անզիջում դիրքորոշումն է, որ խանգարում են Մինսկի խմբի պլանների իրականացմանը:

Թուրքիան կհայտարարի Սերժ Սարգսյանի հետ կապված իր հույսերի մասին (միաժամանակ նրա տակ լարելով ներքին քաղաքական թակարդ և ընծայելով նրան արտաքին քաղաքական “վարդեր”), մինչ Բաքուն բթամտորեն կշարունակի սադրանքները շփման գծում:

Լևոն Զուրաբյանը կհայտարարի, որ ՀԱԿ-ը պատասխանատվություն չի կրում երկրում իրադրության վատթարացման համար, իսկ արտաքին քաղաքականության մեջ ձախողումների համար պատասխանատու է միմիայն իշխանությունը, որից հետո Ժառանգության և ՀԱԿ-ի միջև կբարձրանա պայքարի նոր ալիք` փոխադարձ մեղադրանքներով:

Ճիշտ է, արձակուրդից առաջ վերջին հանրահավաքի ժամանակ Տեր-Պետրոսյանը կհայտարարի Արևմուտքի և Ռուսաստանի ցինիզմի մասին, որոնք չեն կատարում տրված խոստումները և քաղաքականապես ու ֆինանսապես աջակցում են վարչակազմին, սակայն կխոսի նաև գործող Սահմանադրության պայմաններում խորհրդարանի կարևորության մասին և բոլորին կառաջարկի նախապատրաստվել … նախագահական ընտրություններին:

Իրադրությունը կսկսի նմանվել արդեն տեսած երազին:

Տեսականորեն Տեր-Պետրոսյանը դեռ հնարավորություն ունի դուրս գալու հավերժական ընդդիմության-վարչակարգի հակակշռի կարգավիճակից, եթե համարձակություն ունենա խեղդել իր իսկ երգած երգը սեփական կոկորդում և մերժի Արցախի հարցում նույնիսկ որպես վարկած առաջադրվող որևէ զիջում: Ասել է` այն ժամանակ չէր կարելի, իսկ հիմա պետք է ճանաչել Արցախը, իսկ ինքը, որպես □գործիք□ կօգնի չեզոքացնելու արտաքին ճնշումը: Կկարողանա՞ արդյոք: Նրան կարող են պարզապես չհավատալ, մանավանդ հաշվի առնելով իր ունեցած թիմը: Անկանխատեսելի լինելու համար Տեր-Պետրոսյանին անհրաժեշտ է կյանքում գոնե մեկ անգամ դառնալ իռացիոնալ` այդ բառի իր հասկացողությամբ և հենվել բացառապես սեփական ժողովրդի վրա:

Արցախի հարցում դիրքորոշման խստացումը, իսկ ըստ էության` այդ դիրքորոշման մեջ անհրաժեշտ բնականոնության հասնելը միակ հնարավորությունն է լինել այն, ինչը չի կարող լինել իշխանությունը, և սա միակ տարբերակն է, որի դեպքում Սերժ Սարգսյանը չի կարողանա մնալ իշխանություն, քանի որ իշխանությունից դուրս, ներքևից նորից կձևավորվի նոր համազգային փոխհամաձայնություն` 2008թ. նմուշից շատ ավելի հզոր և ոչ թե 1997 թ. դոգմաներով կաշկանդված: Եվ, ի դեպ, հենց այդպիսի փոխհամաձայնությունն է, որ այլընտրանք չի ունենա, քանի որ կլինի համազգային` բացառությամբ կրպակատերերի վերնախավի:

Հենց այդպիսի այլընտրանքն է պարունակում վարչակազմի միակ հենարանի` արտաքին լեգիտիմության խզման եղանակ, իսկ վարչակազմի վրա ճնշում գործադրելու գործիքը կդառնա սուբյեկտ և ձեռք կբերի ներքին ու արտաքին արժեքավորություն: Հավասարման մեջ Արցախի մուտքը նշանակում է ՀԱԿ-ի և իշխանության փոխզսպման համակարգի փլուզում, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների ապալեգիտիմացում արտերկրում, քանի որ հենց արտաքին քաղաքական փոխհամաձայնությունն է հիմք հանդիսացել իշխանության հետ ՀԱԿ-ի երկխոսության համար և լեգիտիմացրել այդ իշխանությունը:
Կամ էլ իրադարձությունների զարգացման ցանկացած տարբերակից` թե Հայաստանի հերթական բաժանման պլանը կասեցնելուց և թե Մինսկի խմբի պլանը առաջ տանելուց հետո հայրենիքի փրկչին (Մինսկի խմբի պլանի հերթական ձախողման դեպքում) կամ Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկրին (պլանն առաջ տանելու դեպքում) փոխարինելու հնարավորությունը հակադարձ համեմատական կլինեն նոր ստատուս-քվոն կայունացնելու` արտաքին խաղացողների ջանքերին:

Ներկա փուլում ՀԱԿ-ը գործում է հակառակ ուղղությամբ և խարխլում է ազգային փոխհամաձայնությունը հանուն Սերժ Սարգսյանի օրոք խորհրդարանական ընդդիմության կարգավիճակի. այսինքն թե` մեկ էլ տեսար մի բան դուրս եկավ: Եթե չկա արտաքին աջակցություն, իսկ ներքին ուժերը բավարար չեն, ապա մարտավարական հաջողությամբ գոհանալն էլ հենց ՀԱԿ-ի ռեալ-պոլիտիկների ռացիոնալությունն է: Ընդ որում այնպիսի հաշվարկ է արվում, որ իրադրության սրման պարագայում “ոչլևոնական” ընտրազանգվածը, ստիպված լինելով ընտրություն կատարել Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև, չունենալով այլընտրանք (որը բարեհաջող կերպով ոչնչացվեց հենց Կոնգրեսի լրատվամիջոցների կողմից), միևնույն է` կվազի քվեարկելու և պայքարելու ՀԱԿ-ի համար, բայց Տեր-Պետրոսյանը ընդդիմության այդ հատվածի նկատմամբ ոչ մի պարտավորվածություն չի ունենա: Մյուս կողմից, իր արտաքին գնանշումների անկման դեպքում Կոնգրեսը միշտ էլ հնարավություն կունենա խաղարկել նույն “ազգայնական” խաղաթուղթը և (կամ) դիմել շանտաժի` ասելով, որ դուրս կգա Հայաստանի երեք նախագահների հավասարակշռության համակարգից, այսինքն` մեր երկրում Ռուսաստանի և Արևմուտքի ուժերի հաշվեկշռից:

Եվ եթե մոռանանք Արցախի հարցում փոխհամաձայնությունից դուրս գալու սկզբունքային տարբերակը, ապա ամեն ինչ շատ տրամաբանական ու գրագետ է և այս հարցում չարժե մանրախնդրություն հանդես բերել:

Հետո՞: Հետո ամառային արձակուդներ են և մինչև սեպտեմբերի 21-ը կլինի նվազագույն ակտիվություն, իսկ հետո` առաջ դեպի արդեն այսօր տանուլ տված ընտրություններ:

Բայց ամբողջ իմաստն, անշուշտ, ընտրությունները չեն:

Շախմատի վարպետը և խարդախության վարպետը պայթյունավտանգ խառնուրդ է, բայց ոչ մեկն իր համար ավելի լավ այլընտրանք չի կարող աճեցնել, քան գործող նախագահը: Սկզբունքային և ակտիվ ընտրազանգվածը, որն ընդունակ է իրենից առանձնացնել-պատրաստել այլընտրանքի իր տարբերակը` պառակտված է: Վարնախավայն փոխհամաձայնությունն ապահովված է: Հին վիզավի Ռուսաստանը լծվել է երկրում և տարածաշրջանում իրադրության կայունացմանը: Բան չի մնացել գործը ավարտին հասցնելու համար` իշխանության մեջ պատրաստել մի նոր ընձյուղ առանց բոլոր “նախկինների”:

Այսպիսին է այսօրվա քաղաքական պատկերը, որը ներկայանում է առավել համարժեք:

Իրականությունը չի լինում վատ կամ լավ, իրականության ընկալումն ու դրա արտացոլումն է լինում համարժեք կամ անհամարժեք:
Սկզբունքային ընտրազանգվածի պառակտվածությունը չի նշանակում դրա բացակայություն, և մեզ բոլորիս դեռ հնարավորություն կընձեռվի համոզվելու, որ հայերն ընդունակ են ազգ լինելու ոչ միայն էթնիկ իմաստով, այլև քաղաքացիական: Խնդիրն այստեղ լոկ ժամկետներն են:

Ռուսերենից թարգմանեց Սոս Ավետիսյանը

ՀԱՅԿ ԲԱԼԱՆՅԱՆ

No comments: