Ըստ Ալեքսանդր Նալբանդովիՙ Կոսովոն բացառիկ օրինակ է եւ ոչ մի դեպքում նախադեպ համարվել չի կարող
«ԱԶԳ», 28-07-2010- Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Նալբանդովը , որն իրեն ներկայացնում է որպես թբիլիսահայության` վրացական հասարակության մեջ ինտեգրված լինելու կենդանի օրինակ, ինչպես նաեւ վրացերեն իմանալու դեպքում առավել հեշտ ձեւով ինքնահաստատման հնարավորություն ստացած մարդու, հայաստանյան մի շարք լրատվամիջոցների հետ հանդիպմանը ներկայացրեց Վրաստանի դիրքորոշումը` մի շարք հարցերի վերաբերյալ: Վրաստանի մի քանի տարածաշրջաններ այցելությունն ու տարբեր մակարդակի հանդիպումները հայաստանյան մի շարք լրատվամիջոցների համար կազմակերպել էր Հայաստանում Վրաստանի դեսպանատունը:
«Հաագայի միջազգային դատարանն ընդունել է այսպես կոչված խորհրդատվական կարծիք կամ որոշում, ինչը դատական որոշում չէ ու չունի իրավական պարտադիր ուժ: Բացի այդ, Հաագայի միջազգային դատարանը իր կարծիքն է հայտնել այն մասին, թե որքանով Կոսովոյի անկախության հռչակագիրը չէր հակասում միջազգային իրավունքի նորմերին», այսպիսին է Կոսովոյի առնչությամբ Հաագայի դատարանի որոշման վերաբերյալ Ալեքսանդր Նալբանդովի կարծիքը: Վրաստանի ԱԳ փոխնախարար Նալբանդովի մեկնաբանությամբՙ որեւէ որոշում, թե ինչ հարաբերություններ ունեն ազգերի ինքնորոշման իրավունքն ու տարածքային ամբողջականության սկզբունքը, դատարանը չի կայացրել, քանի որ նման հարց չէր դրվել:
Դատարանն իր բոլոր ձեւակերպումներում, ըստ Նալբանդովի, ընդգծում է Կոսովոյի դեպքի բացառիկությունը: «Սա բացառիկ իրավիճակ է, ըստ որիՙ Կոսովոյի օրինակը չի կարող տարածվել այլ դեպքերի վրա: Վրաստանի վերաբերմունքն այն է, որ Կոսովոյի դեպքը բացառիկ է: Պետք է հստակ տարանջատում մտցնել ինքնորոշման իրավունքի եւ երկրի տարածքի մի մասի` այլ երկրի կողմից օկուպացման միջեւ: Վրաստանի դեպքում հենց այդ է, երբ երկրի տարածքի մոտ քսան տոկոսը այլ երկրի կողմից օկուպացված է»:
Եվս մեկ հանգամանք, Նալբանդովի մատուցմամբ, կարեւոր է, որ Կոսովոյի իրավիճակում միջազգային հանրությունը ստիպված էր միջամտել, քանի որ սերբական կողմն այդ երկրամասում կոսովոյան ալբանացիների էթնիկ զտում էր իրականացրել, մինչդեռ կոսովյան ալբանացիները գերակշռող մեծամասնություն էին: «Վրաստանում էլ է տեղի ունեցել էթնիկ զտում, բայց հակառակ նշանով` ընդդեմ էթնիկ վրացիների: Եթե մենք տանում ենք ինչ-որ զուգահեռներ, ապա ստացվում է, թե ինչ-որ երկիր կարող է էթնիկ զտումներ իրականացնել, այդ տարածքի բնակչության մեծ մասին վտարել երկրից ու հետո ինքնորոշման պահանջներ ունենալ: Այդ դեպքում կստացվի, որ օրինականացվում է էթնիկ զտումը, որը միջազգային իրավունքում հանցագործության ծանրությամբ պակաս է գուցե միայն ցեղասպանությունից», ասաց վրաց ԱԳ փոխնախարարը: Նրա խոսքերով, յուրաքանչյուր հակամարտություն պետք է լուծվի խաղաղ ճանապարհով` օգտագործելով միայն այդ հակամարտության համար ընդունելի եւ կիրառելի ընթացակարգեր:
«Ազգի» հարցին, թե էթնիկ զտումից ավելի սարսափելի հանցագործության` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ինչպիսի՞ն է Վրաստանի մոտեցումը եւ արդյոք այս երկիրը չի՞ պատրաստվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Նալբանդովը պատասխանեց. «Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա ես ձեռնպահ կմնամ, քանի որ ինչ-որ եզրահանգումներ կամ կանխատեսումներ անելը այս դեպքում կարող է ունենալ վատ ազդեցություն»: Մանրամասնմանը, թե արդյոք ցեղասպանության ճանաչման հարցում Վրաստանի այսպիսի դիրքորոշումը պայմանավորվա՞ծ է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները չվատացնելու մոտեցմամբ, թե՞ այլ պատճառներով, վրաց փոխարտգործնախարարը նշեց, թե ավելին ասել չի կարող:
Հայաստանյան արդեն երեք հայ գործիչներ գտնվում են Վրաստանի «սեւ ցուցակում»: «Ազգի» հարցին, թե ի՞նչ է սա նշանակում, Նալբանդովը ներկայացրեց, թե, վրացական կողմի մոտեցմամբ, Հայաստանի եւ Վրաստանի բարեկամական հարաբերությունները որեւէ բան որեւէ կերպ չպետք է փչացնի: «Երբ խոսքը գնում է այն մարդկանց մասին, որոնք, հավանական է, այնքան էլ մտահոգված չեն, թե ինչ են ասում, ինչպես են ասում եւ ինչ թեմաների են անդրադառնում, մենք դիտարկում ենք դա այն տեսանկյունից, թե որքանով են նման հայտարարությունները նպաստում մեր բարեկամական հարաբերություններին: Նման մարդկանց հանդեպ մեր վերաբերմունքը որոշվում է հենց այդ չափանիշով»:
Հայ եւ վրացի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, թե Հայաստանի եւ Վրաստանի միջեւ չկան անլուծելի հարցեր: «Ազգը» հետաքրքրվեց, թե այդ դեպքում ինչո՞ւ մինչ օրս որեւէ կերպ լուծում չի ստանում «վիճահարույց» ներկայացվող հայկական եկեղեցիների վերադարձի հարցը, հատկապես որ կա Մուղնեցոց Ս. Գեւորգի օրինակը, երբ առանց տիրոջ մնացած եկեղեցիներն ուղղակի փուլ են գալիս: Վրաստանի ԱԳ փոխնախարարի ներկայացմամբՙ Ս.Գեւորգի վերականգնման աշխատանքները սկսված են` անկախ եկեղեցու կարգավիճակից:
«Մնացյալ եկեղեցիների առումով հարցը բարդ խնդրի պարզ ձեւակերպման մեջ է. դա հայ եկեղեցու կարգավիճակի հարցն է, որը կապված է սեփականության իրավունքի հետ: Վրաց օրենսդրությունը թույլ է տալիս յուրաքանչյուր կրոնական միության ունենալ իրավաբանական գրանցում, որից հետո սեփականության հարցերն առավել պարզ են դառնում: Այլ հարց է, որ տվյալ դեպքում հայկական եկեղեցին ինչ-որ պատճառներով չի ցանկանում լուծել իր կարգավիճակի հարցը, չնայած նման հնարավորություն կա», պարզաբանեց Նալբանդովը, մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ նախՙ ոչ միայն հայկական եկեղեցին, այլեւ Վրաստանում գործող մյուս կրոնական համայնքներն են հրաժարվում գործող օրենսդրության շրջանակներում գրանցվել որպես հասարակական կազմակերպություն:
Ջավախքում դեռեւս բարձր է միգրացիայի մակարդակը: Ճանապարհների առումով որոշ ներդրումներ են արվում` սոցիալ-տնտեսական վատ պայմանների վրա դեռեւս ազդեցություն չունենալով: Թե ինչպես դա կարող է ազդել տարածաշրջանից հայերի հեռանալու կանգնեցմանը ու սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, Նալբանդովը ներկայացրեց, թե Սամցխե-Ջավախեթիում նույն դժվարություններն են, ինչ Վրաստանի այլ տարածաշրջաններում, սակայն Ջավախքի պարագայում կան նաեւ առաձնահատկություններ, որ կապված են վրացական հասարակություն տեղի բնակչության ցածր ինտեգրմանը: Դա, ըստ վրաց փոխարտգործնախարարի, հետեւանք է վրացերեն լեզվի ոչ բավարար իմացության կամ ընդհնարապես չիմացության: «Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որի վերջին օրինակն էլ մայրենի լեզվով բուհ ընդունելության քննություն հանձնելու հնարավորության ընձեռումն էր»:
«Ազգի» հարցին, թե եղբայրության հայտարարությունների կողքին ինչպե՞ս է գնահատվում այն հանգամանքը, որ Վրաստանն ու Հայաստանը միջազգային նախագծերում ու կազմակերպություններում երբեմն ունենում են հակառակ դիրքորոշումներ, Նալբանդովը պարզաբանեց, որ միջազգային կազմակերպություններում երկիրը հայտնվում է մի վիճակում, երբ մեկ այլ երկրի հետ բարձր կամ ոչ բարձր մակարդակի հարաբերությունները կարող են լուրջ դեր ունենալ կամ չունենալ:
Նալբանդովը հիշեցրեց ՄԱԿ-ի բանաձեւերից մեկը, որ վերաբերել է փախստականներին ու տեղահանվածներին: Այդ բանաձեւին, ըստ Նալբանդովի, Հայաստանը քվեարկել է դեմ: «Երբ մենք դիմում ենք Հայաստանին նման դեպքում, հասկանալով առկա բարդությունները, հարց չի դրվում նման բանաձեւին կողմ քվեարկելու, այլ խնդրում ենք քվեարկությունից ձեռնպահ մնալ, հատկապես որ այդօրինակ եւս մեկ բանաձեւ կներկայացվի սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում», նշեց վրաց փոխարտգործնախարարը: Թերեւս Նալբանդովը կարող էր իր բերած օրինակի կողքին հիշեցնել այլ մի քանի հակահայկական բանաձեւերը, որոնց Վրաստանը միացել է, թեեւ ամենայն հանգստությամբ ինքն էլ կարող էր ձեռնպահ դիրքորոշում ցուցաբերել:
Ամեն դեպքում, ըստ Նալբանդովի, վրացական կողմն իր բարիդրացիությունը ցույց է տվել ու տալիս է: Մասնավորապես, Վերին Լարսի անցակետի բացումը, ըստ փոխարտգործնախարարի, Վրաստանի համար ոչ տնտեսական, ոչ էլ քաղաքական առումով որեւէ նշանակություն չուներ եւ չունի: Այդ անցակետով անցնում են, Նալբանդովի խոսքով, հայաստանյան ապրանքներ ու մարդիկ: Նման իրավիճակ է նաեւ ռուսական գազի տարանցման դեպքում: Ըստ վրաց արտաքին գերատեսչության ներկայացուցչիՙ Վրաստանի տարածքով Հայաստան անցնող ծավալներից գանձվող մասը վրացական տնտեսության համար մեծ նշանակություն չունի: Մի խոսքով, ինչպես Վերին Լարսը, այնպես էլ Հայաստան Ռուսաստանից գազ մատակարարող գազատարը Վրաստանի համար ոչ մի նշանակություն չունեն: Թերեւս դա է պատճառը, որ Վրաստանը ցանկանում է վաճառել գազատարի բաժնեմասերը: Չնայած եթե հետեւենք վերը շարադրվածի տրամաբանությանը, ստացվում է, թե Վրաստանը գազատարը վաճառելու է ու ստացածը նվիրելու է Հայաստանին, քանի որ այն «մեծ նշանակություն չունի»:
Հ.Գ. Հանդիպումներին եւ լրատվամիջոցներին ներկայացված բարեփոխումներին դեռեւս կանդրադառնանք:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի-Երեւան
Wednesday, July 28, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment