Thursday, July 15, 2010

ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ ՈՒ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ ԱԼՄԱԹԻՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՆ ԼԱՉԻՆԻ ԽՆԴԻ՞ՐԸ

«Լրագիր» 15ռ7ռ2010ռ Թուրքական Hurriyet թերթը գրում է, թե Ալմաթիում ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերների հետ: Քննարկվելու է Ղարաբաղի եւ հայ-թուրքական կարգավորման ներկայիս վիճակը: Թերթը գրում է, թե քննարկվելու է Լաչինի միջանցքի եւ խաղաղարար ուժերի տեղակայման խնդիրը: Երեկ Էդվարդ Նալբանդյանը լրագրողների խնդրանքով անդրադարձել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման հնարավորությանը եւ նրա այն հայտարարությանը, թե Ալմա Աթայում քննարկվելու է Ֆիզուլիի եւ Քելբաջարի հարցը: “Ես կարող եմ ասել, որ այդպիսի հանդիպում հնարավոր է եւ այս պահին եռանախագահները ձգտում են կազմակերպել այդպիսի հանդիպում, բայց դեռ վերջնական հաստատված չէ: Եթե այդպիսի հանդիպում կայանա, ապա առաջին հերթին պետք է պարզել, արդյոք Ադրբեջանը պատրաստ է շարունակել բանակցությունները Սանկտ-Պետերբուրգում ներկայացված մադրիդյան փաստաթղթի վերջին տարբերակի հիման վրա, ինչի մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել ամենաբարձր մակարդակով հենց Սանկտ-Պետերբուրգում: Կարծում եմ, դա է գլխավոր խնդիրը Ալմաթիի հնարավոր հանդիպման: Մնացած երեւակայություններին մեր փոխարտգործնախարարը պատասխան արդեն տվել է”, հայտարարել էր Էդվարդ Նալբանդյանը:

No comments: