«Լրագիր» 5-7-2010- Հայաստանի Սահմանադրությունն այսօր դարձավ 15 տարեկան: Երբ այն 10 տարեկան էր, ենթարկվեց “պլաստիկ վիրահատության”` Սահմանադրության հոդվածների գերակշիռ մեծամասնությունը փոխվեց: Բայց թե դրանից առաջ եւ թե դրանից հետո, Հայաստանի քաղաքացիների համար Սահմանադրությունը չդարձավ պաշտպանվածության երաշխավորության զգացման հիմք: Փոխված, թե չփոխված, Սահմանադրությունը Հայաստանի քաղաքացիների կյանքի որակի բարելավման վրա որեւէ էական ազդեցություն չունեցավ:
Սահմանադրության դերի եւ նշանակության մասին շատերն են խոսում, նաեւ իշխանությունը, հատկապես Սահմանադրության օրվա առիթով, բայց առարկայական, գործնական առումով Սահմանադրության դերն ու նշանակությունը կյանքում շատ քիչ է նկատելի: Այդ փաստաթուղթը, իր կյանքի առաջին 15 տարիների ընթացքում, այդպես էլ չդարձավ քաղաքացիական համակեցության միասնական կոդեքս, որի շուրջ ընդհանուր հայտարարի են գալիս հասարակական-քաղաքական բոլոր շերտերը, դրա միջոցով գծելով խաղի ընդհանուր մի կանոն:
Հայաստանում շատ է խոսվել, խոսվում, դեռ կխոսվի, որ պետք է ազգային համաձայնություն, ազգային միասնություն, համախմբվածություն: Սահմանադրությունն այն հարթակն է, որը պետք է լիներ այդ համաձայնության, միասնության, համախմբվածության առանցքը, արտահայտիչը. Համաձայնություն խաղի ընդհանուր կանոնների շուրջ, ինչը պետք է արդյունավետ եւ հանրօգուտ դարձներ տարբեր արժեքների, գաղափարների, նպատակների շուրջ ներազգային մրցակցությունը, դրանով նպաստելով հասարակական եւ պետական որակների զարգացմանը:
Բայց, 1995 թվականի քաղաքական “վերնախավը” իր Սահմանադրությունը պարտադրեց քաղաքացիներին, իսկ 2005 թվականի “վերնախավն” էլ քաղաքացիներին պարտադրեց Սահմանադրության իր փոփոխությունը: Ու որեւէ “վերնախավ” չփորձեց նախ եւ առաջ ձեւավորել հասարակական-քաղաքական միջավայրի սահմանադրապաշտ գիտակցություն, ինչի բացակայության դեպքում Սահմանադրության գոյությունը ոչ միայն անիմաստ է դառնում, ոչ միայն ավելորդ, այլ նաեւ վտանգավոր, որովհետեւ այդ պայմաններում Սահմանադրության գոյության ամեն մի օրն արժեզրկում է պետական կյանքի կազմակերպման այդ լուրջ գաղափարը:
Եթե ամեն ժամանակի “վերնախավ” պետք է Սահմանադրությունը ծառայեցներ իր քաղաքական շահին, ապա շատ ավելի լավ կլիներ, որ Հայաստանը մինչեւ հիմա չունենար Սահմանադրություն: Գոնե Սահմանադրության գաղափարը չէր լինի մեկն այն մնացյալ լուրջ գաղափարներից, որ Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում վարկաբեկվեցին մինչեւ ուղն ու ծուծը: Ի վերջո, եթե Սահմանադրությունն առավելապես ծառայելու է ոչ թե քաղաքացիական, այլ քաղաքական նպատակների սպասարկմանը, ապա որն է դրա գոյության իմաստը. արդյոք լրացուցիչ ոչ աշխատանքային օրը: Թեեւ իհարկե երեւանյան շոգի պայմաններում դա էլ քիչ չէ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Monday, July 5, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment