Wednesday, August 25, 2010

ANCA-ն պահանջում է, որ Պետքարտուղարությունը հարգի ԱՄՆ Կոնգրեսի որոշումը

News.am», 24.08.10: ԱՄՆ պետքարտուղարությունը չի կարողանում հանգամանորեն բացատրել, թե ինչո՞ւ է ուշանում Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված օգնության դրամական միջոցների մոտ կեսի փոխանցումը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայ դատի ԱՄՆ գրասենյակի ներկայացուցիչ, Ամերիկայի հայկական կոմիտեի (ANCA) մամուլի քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը։ «Պետքարտուղարությունը պնդում է, որ այդ գումարը պարզապես անհրաժեշտ չէ Լեռնային Ղարաբաղին, իսկ մենք հարցնում ենք, թե ինչի՞ց եք եզրակացրել»,- ասաց կոմիտեի մամուլի քարտուղարը։ Նրա խոսքով՝ ամբողջական գումարի չփոխանցման պատճառը ադրբեջանական լոբբիի գործունեության արդյունքն է, որը ողջ ուժերն ուղղում է խոչընդոտելու համար ԼՂ-ին ամերիկյան ֆինանսական օգնության տրամադրումը։ «Մեզ համար պարզ է, որ այդ գումարը Լեռնային Ղարաբաղի համար կենսական նշանակություն ունի»,- նշեց նա՝ ավելացնելով, որ ANCA-ն պարզապես պահանջում է, որ Պետքարտուղարությունը հարգի ԱՄՆ Կոնգրեսի որոշումը եւ կատարի Կոնգրեսի կամքը։ «Մենք Կոնգրեսի հետ համատեղ աշխտատում ենք, որպեսզի այս հարցը վերջնական լուծում ստանա»,- ասաց Չուլջյանը։ Հարցին, թե որքանո՞վ է իրական հարցի դրական լուծումը, ԱՄՆ Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչը պատասխանեց, որ «դա մեկ-երկու օրվա ընթացքում լուծելիք հարց չէ, սակայն հարցի դրական լուծման հավանականությունը մեծ է»։ Հիշեցնենք, որ 1998 թվականի ֆինանսական տարվանից սկսած ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող օգնությունը 25 մլն դոլարով ավելի քիչ է եղել, քան Կոգրեսը պատրաստվում էր տրամադրել։ Ըստ ANCA-ի, Ղարաբաղի համար նախատեսված 61 մլն դոլարից փաստացիորեն ծախսվել է 36 մլն-ը։ Լեռնային Ղարաբաղին տրվող օգնության գրեթե 12 մլն դոլարը չի ծախսվել Օբամայի վարչակազմի առաջին երկու տարիների ընթացքում։

No comments: