Wednesday, August 25, 2010

Բաքուն «Հայկական ուսումնասիրությունների կենտրոն» է ստեղծում հակահայ քարոզչություն իրականացնելու համար

«Tert.am», 24.08.10: Բաքվի պետական համալսարանում առաջիկա օրերին կսկի գործել Հայկական ուսումնասիրությունների գիտական կենտրոն։ Այդ մասին այսօր Trend գործակալությանն ասել է համալսարանի տեղեկատվության և մամուլի բաժնի ղեկավար Փարվանա Իբրահիմովան։ Ըստ նրա՝ Կենտրոնը զբաղվելու է «հայկական հարցի պատմական և ժամանակակից խնդիրների ուսումնասիրությամբ, ինչպես նաև Հայաստանում կատարվող հասարակաքաղաքական գործընթացների մասին Ադրբեջանի հասարակությանն իրազեկելով»։ Կենտրոնի գործունեությունը կապված է լինելու հայկական սփյուռքի և հայկական պետության գաղափարախոսական գործունեության հետ, որի դեմ կենտրոնը, Իբրահիմովայի խոսքերով, մի շարք միջոցառումներ է կազմակերպելու Ըստ նրա՝ կենտրոնում նախատեսվում է հավաքել հայերեն լեզվին տիրապետող հետազոտողներ, մշակել ընդհանուր հայեցակարգ և հետևել դրան։ «Կենտրոնը կհամակարգի հայալեզու մամուլի, ինտերնետ կայքերի և հեռուստատեսության նյութերը, որոնց հիման վրա էլ կպատրաստի վերլուծական աշխատանքներ։ Կենտրոնի համար առանձին կայք է ստեղծվելու, ինչպես նաև գիտական ամսագիր է թողարկվելու։ Այս թեմային առնչվող բոլոր գիտական ուսումնասիրություններն ու հոդվածները թարգմանվելու են տարբեր լեզուներով և տարածվելու են»,–ասել է Իբրահիմովան։

No comments: