Wednesday, August 25, 2010

Գ. Սահակյան. ՀՀ անվտանգություն ասելով, ես հասկանում եմ միայն Ղարաբաղը

«Panorama.am», 25.08.10: Հանրապետական խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը օրերս Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման վերաբերյալ փոփոխված ու ստորագրված համաձայնագիրը չի կարդացել: Համենայն դեպս այսօր լրագրողների հետ հանդիպմանն ի պատասխան հարցին, նա ասաց. «Վայ, մոռացել եմ կարդալ»: Նա ասաց, որ ուշադրություն չի դարձրել, թե փաստաթղթում ՀՀ տարածքը ինչքան է հաշվված: «Բարդ հարց եք տալիս, ուշադրություն չեմ դարձրել: Դա պայմանագրում պիտի չլիներ, չկա պայմանագրում»,-ասաց խորհրդարանական մեծամասնություն կազմող ուժի ներկայացուցիչը, ապա ավելացրեց, որ ՀՀ անվտանգություն ասելով, նկատի ունի «միայն Ղարաբաղը»: «Դա ռուսներին շատ քաջ հայտնի է, որ մեր խնդիրների կիզակետում, հիմնական մեր քաղաքական պրոցեսների և դիվանագիտական պրոցեսների լեյտմոտիվը Ղարաբաղն է, որի հետևանքով կառուցվում է նաև մեր միջազգային դիվանագիտական քաղաքականությունը»,-ասաց ՀՀԿ փոխնախագահը, պատասխանելով հարցին, թե ինչ է հասկանում ռուսական կողմը ՀՀ անվտանգություն ասելով: Ինչ վերաբերում է հարցին, թե Արցախում հնարավոր պատերազմի ժամանակ կպաշտպանի արդյոք Ռուսաստանը իր ռազամավարական գործընկերոջը, քաղաքական այս գործիչն ասաց, որ նախ` Ղարաբաղում պատերազմ չի սկսվի, իսկ եթե սկսվի էլ, ապա մենք հույսներս պետք է դնենք մեր ուժերի վրա, այդ դեպքում ոչ միայն ռուսները կպաշտպանեն, այլև շատ-շատ պետություններ: «Խնդիրը վերաբերում է, թե մենք ինչքան կարողություններ ունենք, ուժեղի կողքին միշտ ուժեղները կանգնում են»,-ասաց այսօրվա բանախոսը:

No comments: