Sunday, August 22, 2010

Իրավունք ունենալն ու այն իրացնելը տարբեր բաներ են

«Aysor.am», 21.08.2010: Հաղորդագրություն էր ստացվել, որ դարձյալ, արդեն որերրորդ անգամ Գառնու ձորից «Քարերի սիմֆոնիային» մաս կազմող քարեր են հանվում` առանց պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենաներով: ՀՀ Բնապահպանության նախարարության Հասարակայնության հետ կապերի պետ Արծրուն Պեպանյանը Aysor-ի հետ զրույցում հաստատեց, որ երկու օր առաջ ահազանգ է ստացել Գառնու ձորից բեռնատարներով քարեր հանելու վերաբերյալ, տվյալները փոխանցվել են ՀՀ բնապահպանության նախարարության Կոտայքի մարզի տեսչություն: Բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման Հատուկ պահպանվող տարածքների բաժնի պետ Արամ Աղասյանը նշեց, որ հսկողությունը իրականացնում է Կոտայքի մարզի տեսչությունը: «Եթե նման ահազանգեր են լինում, տեսչությունն է զբաղվում այդ հարցերով»,- շեշտեց Արամ Աղասյանը և հավելեց, որ Հայաստանում 200 անուն հուշարձան կա, ըստ էության` համայնքի վրա է հսկողությունը դրված, բայց քանի որ չկա անձնգիր, չկա դրանց հետ կապված սահմանների քարտեզագրված տարբերակ, հսկողությունը կատարվում է համյանքի և մարզային տեսչության միջոցով: «Կոտայքի տեսչությունը իրավունք ունի մեղավորներին բռնել, արձանագրություն կազմել, նշանակել տույժ, տուգանք»,- տեղեկացրեց Արամ Աղասյանը: Կոտայքի մարզի Գառնի համայնքի գյուղապետ Աշոտը` ազգանունը չնշեց, Aysor-ի հետ զրույցում ասաց. «Ես գյուղում չեմ, ըտենց ինֆորմացիա չունեմ, ես գիտեմ, որ տեսչությունից մարդ է եկել, ձորերը ման եկել»: Իսկ այն հարցին, որ երկու օր առաջ ահազանգ է ստացվել, թե Գառնու ձորից քարեր են հանվում, Աշոտը պատասխանեց. «Հարգելի'ս, ինֆորմացիան ձեզ են տալիս, ինձ չեն տալիս, ի՞նչ իմանամ»: «Ըտնեց բան ես չեմ նկատել, որ Գառնու ձորից քար կտրեն, տանեն»,- ասաց նա և հարցրեց, թե արդյո՞ք ձայնագրում ենք մեր խոսակցությունը, դրական պատասխանից հետո` «ինչի՞ համար եք ձայնագրում, ես չեմ կարող խոսել ձայանգրելուց» և հեռախոսն անջատեց: Ավելի ուշ զանգահարեց ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արծրուն Պեպանյանը և տեղեկացրեց, որ Կոտայքի տարածքային տեսչության աշխատակիցը բնակվում է հենց Գառնիում և նրան հանձնարաված է հսկողություն սահմանել տարածքի վրա: «Ամենօրյա հսկողություն կա տարածքի վրա, մարդու միջամտություն չի արձանագրվել, թե մարդիկ քանդում են: Իսկ եթե թափված քարեր են հավաքում, եթե լինի էլ` կարող են հավաքել: Մեր տեսուչները տեղում եղել են և մարդու միջամտություն չեն հայտնաբերել»,- վստահեցրեց Արծրուն Պեպանյանը: Ըստ նրա, եթե ոտնձգություներ են եղել քարերի նկատմամբ` կտրել են և այլն, ապա թարմ հետքերով կարելի է գտնել:

No comments: