Wednesday, August 25, 2010

«Ռուսաստանի քայլը հղի է տարածաշրջանում բաժանարար գծեր դնելով»

«Aysor.am», 24.08.10: «Այն, որ Ռուսական ռազմաբազաների գործունեության ժամկետը երկարաձգվել է մինչև 49 տարով թե’ Հայաստանում, թե’ Սևաստոպոլում և թե’ Աբխազիայում, խոսում է այն մասին, որ կա’մ կայացել է աշխարհաքաղաքական մի գործարք, քանի որ Արևմուտքի հակադրությունն այս ամենին այնքան էլ ադեկվատ չէ, կա’մ, իսկապես, Ռուսաստանն ամեն ինչ անում է իր ազդեցության թե’ աշխարհագրությունն ընդլայնելու և թե’ ժամկետները երկարաձգելու համար»,- հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը` անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի նախագահների` Հայաստանում ռուսական ռազմաբազաների գործունեության ժամկետի երկարաձգման վերաբերյալ ստորագրված պայմանագրին: Ս. Սաֆարյանի կարծիքով, թե’ Ուկրաինան և թե’ Հայաստանը, ստորագրելով նման պայմանագիր, «բավականին երկար ժամանակ կանխատեսելի վարք կունենան` արտաքին քաղաքականության առումով, որովհետև այլ տեղ գնալու թե’ ռիսկերը մեծ կլինեն և թե’ հնարավորությունները` փոքր»: Ըստ նրա` «Ռուսաստանի այս քայլը հղի է տարածաշրջանում բաժանարար գծեր դնելով»: Պատգամավորը նշեց նաև, որ միջազգային մամուլի` իր հետազոտությունները ցույց են տալիս, որ «շատ լրջորեն քննարկվում է Ադրբեջանի և Թուրքիայի միջև օգոստոսի 16-ին կնքված ռազմավարական և փոխադարձ օգնության մասին ստորագրված համաձայնագիրը, որից այն, ինչ հայտնի է, վերաբերում է ռազմական մատակարարմանը, ռազմական ոլորտում փոխօգնությանը, ինչպես նաև` քննարկվում է Նախիջևանում թուրքական ռազմաբազաներ տեղակայելու հարցին»: «Անկարան և Բաքուն փորձեցին ինչ-որ սիմետրիկ պատասխան տալ հայ-ռուսական այս համաձայնագրին»,- ամփոփելով իր խոսքը` շեշտեց Ս. Սաֆարյանը:

No comments: