Wednesday, August 25, 2010

Հայ–թուրքական սահմանի ժամանակավոր բացման հարցը Թուրքիայում դեռ չեն փակել

«Tert.am», 24.08.10: Սեպտեմբերի 11–17–ն անցկացվելիք ՆԱՏՕ–ի զորավարժությունների շրջանակում հայ–թուրքական սահմանի հնարավոր բացման հարցը Թուրքիայի ԱԳՆ–ում կորոշեն այս ամսվա վերջին։ Այս մասին ANS–ին ասել են Թուրքիայի արտգործնախարարությունում։ Աղբյուրը հիշեցնում է, սակայն, որ պետնախարար Ջեվդետ Իլմազը Կարս կատարած այցի ժամանակ ասել էր, որ հայ–թուքական սահմանի անգամ ժամանակավոր բացումը ՆԱՏՕ–ի զորավարժությունների ընթացքում անհնար է։ Ըստ նրա, դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ կարգավորվի ԼՂ հակամարտությունը։ «Իհարկե, մենք բոլորս ցանկանում ենք մեր հարևանների հետ ապրել բարեկամության և խաղաղության մեջ, և ոչ ոք դեմ չէ սահմանի բացմանը։ Դա թե՛ մեր, թե՛ Հայաստանի շահերից է բխում, սակայն խնդիր կա Ադրբեջանի և Հայաստանի միջև, ինչը դեռևս անհնարին է դարձնում սահմանի բացումը։ Մենք հավատում ենք, որ մի օր սահմանները կբացվեն և բոլորը, այդ թվում՝ մեր ադրբեջանցի եղբայրները, այս տարածաշրջանում կապրեն հաշտ ու համերաշխ։ Սակայն այս ամենի համար հարկավոր է որոշակի քայլեր ձեռնարկել, որոնք մենք սպասում ենք Հայաստանից»,–ասել է նախարարը։

No comments: