Saturday, August 21, 2010

Հայերից վախեցած Թուրքիայի փոխվարչապետի հերթական զավեշտը

«NEWS.am», 21 Օգոստոսի 2010 - Կրկին հակահայ հայտարարությունով է հանդես եկել Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը։ Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը հանդիպել է թուրք գործարարների հետ, ներկայացրել Թուրքիայի հարավ-արեւելյան նահանգների համար նախատեսված տնտեսական ծրագրերը, որի ընթացքում հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ. «Թուրքիան 40 տարի է ահաբեկչության ենթարկվում։ 80-ականներից առաջ իդեոլոգիկ ահաբեկչություն էր, իսկ դրանից հետո՝ աջ-ձախ ահաբեկչություն։ Հայկական «ահաբեկչության» եւ PKK-ի ահաբեկչության միջեւ սերտ համագործակցություն կա, նրանք արյունակից եղբայրներ են։ Հայերը խաղից դուրս եկան եւ գործը փոխանցեցին PKK-ին»-նշել է թուրք փոխվարչապետը։ Փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքը եւս մեկ «բացահայտում» է արել՝ նշելով. «Կներեք, սակայն PKK-ի ահաբեկիչների մի մասը թլպատված չեն։ Կարծում են, որ սա շատ բան է ասում։ Սա բամբասանք չէ։ Մենք լավ գիտենք, թե ով ով է»։ Ջեմիլ Չիչեքը վախը հայերի նկատմամբ արտահայտվեց նախորդ՝ 2009-ին, երբ Թուրքիայում մարտի 29-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում Իգդիրում 85 տարի անընդմեջ ազերի քաղաքապետերից հետո առաջին անգամ քուրդը դարձավ քաղաքապետ։ Ջեմիլ Չիչեքը այն ժամանակ հետեւյալ կերպ էր արտահայտվել. «Քրդերը հաստատվեցին Հայաստանի հետ սահմանին»։ Ավելորդ չէ հիշեցնել, որ այդ քուրդ քաղաքապետը ընտրվելուց ամիսներ անց ձեռնաշղթաներով քաղաքապետարանից տեղափոխվեց կալանավայր` մեղադրվելով PKK-ի հետ կապեր ունենալու մեջ։ Թուրքիայում մի տեսակ ավանդույթ է դարձել այն, որ թուրքերը, եթե չեն կարողանում գլուխ հանել մի բանից կամ պայքարել դրա դեմ, անպայման շեշտում են, թե դրա մեջ հայի մատը խառն է։ Արթուր Հակոբյան

No comments: