Saturday, August 7, 2010

«Ենի Մուսավաթ». «Ադրբեջանի հոռացած պաշտոնյաները զզվեցրել են նույնիսկ Ալիևին»

Ադրբեջանի իշխանության վերին օղակներին մոտ կանգնած աղբյուրներից մեկը «Ենի Մուսավաթ» թերթին հայտնել է, որ իշխանության ներսում լուրջ լարվածություն, փոթորիկից առաջ հանգստության մթնոլորտ է տիրում: Ադրբեջանի նախագահական պալատի կուլուարներում խոսակցությունների հիմնական թեման որևէ պաշտոնյայի կամ ազդեցիկ մարդու փոփոխության, իշխանական օղակներում մաքրման գործողությունների իրականացման հարցն է: Հավանական «պաշտոնական զտումների» պատճառը միայն առաջիկա խորհրդարանական ընտրությունները չեն: Վերջին շրջանում տարբեր նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց ընտանիքի անդամների, զավակների և մերձավորների գործողությունների մասին մամուլում հայտնված լուրերն ու ադրբեջանական հասարակությունում պտտվող խոսակցությունները միանշանակ զայրացրել են երկրի ղեկավարությանը: Աղբյուրը «Ենի Մուսավաթին» հայտնել է, որ նախագահ Իլհամ Ալիևը անհանգստություն է հայտնել հատկապես վերջին օրերին ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ: «Մասնավորապես խոսքը վերաբերում է նախարարներից մեկի կնոջ` իր մերսորդի հետ փախչելուն, նախարարի կարգավիճակ ունեցող պաշտոնյայի` Լոնդոնում սովորող դստեր և հայ տղայի սիրավեպին և մի շարք այլ սկանդալների, որոնք ենթակա չէին հրապարակման: Իհայտ են գալիս բազմաթիվ փաստեր այն մասին, թե ինչպես են մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հարստությունից հոռացած զավակներն ու բարեկամները բռնություններով կեղեքում ու անհանգստացնում ժողովրդին` իրենց «հերոսություններով» հեղինակազրկելով իշխանությանը: Նախագահը միանշանակ համոզվել է, որ պետք է ազատվել բազմիցս զգուշացվելուց հետո իրենց բարեկամներին չսանձահարող, ազգի, պետության հեղինակության մասին չմտածող, բան ու գործը միայն հարստություն դիզելու մեջ տեսնող պաշտոնյաներից: Որոշ նախարարների և պաշտոյաների «լիմիտը» պետության ղեկավարի մոտ վաղուց է ավարտվել և պետք չէ զարմանալ, եթե մոտ ժամանակում մի քանի հրաժարականներ և աշխատանքից հեռացման դեպքեր արձանագրվեն», -հայտնել է «Ենի մուսավաթ»-ի աղբյուրը:

No comments: