Saturday, August 7, 2010

ԳԵՐՄԱՆԻԱՆ ՀԵՏԵՎՈՒՄ Է ՄԵԶ

«Առավոտ» 5-8-2010- «Գերմանիան ուշադիր հետեւում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին եւ կարծում է, որ այն պետք է լուծվի Հելսինկյան սկզբունքների հիման վրա, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- ըստ news.am-ի, երեկ մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս-Յոհեն Շմիդտը: Դեսպանն անթույլատրելի է համարել ՄԽ ձեւաչափի փոփոխությունը՝ միաժամանակ ողջունելով Եվրամիության երկրների աջակցությունը հակամարտության կարգավորման գործընթացին. «Հենց այդ պատճառով էլ ԵՄ-ն ասոցացման բանակցություններ սկսեց Հարավային Կովկասի երկրների հետ միաժամանակ»,- նկատել է դեսպանը: Tert.am-ի փոխանցմամբ, խոսելով տարածաշրջանում իրավիճակի մասին, դեսպանը նշել է, որ Գերմանիան ուշադիր հետեւում է Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետի երկարաձգման գործընթացին, սակայն կոնկրետ մեկնաբանություններից հրաժարվել է: Նա քննադատել է փաստը, որ Հարավային Կովկասում պարբերաբար ավելացվում է ռազմական նպատակներով ֆինանսավորումը: «Ես նկատի ունեմ նաեւ Ադրբեջանի կողմից C-300 զենիթահրթիռային համալիրների գնման փաստը: Ուստի շատ կարեւոր է սովորական սպառազինությունների պայմանագրի ստորագրումը: Հայաստանը տվել է իր համաձայնությունը եւ արդեն համապատասխան օրենսդրական բարեփոխումներ է իրականացնում, այն դեպքում, երբ Ադրբեջանը կտրականապես հրաժարվում է այդ գաղափարից՝ իր դիրքորոշումը պատճառաբանելով ղարաբաղյան հարցի լուծված չլինելով»,- նկատել է Հանս-Յոհեն Շմիդտը: Անդրադառնալով Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելուն՝ դեսպանը կարծիք է հայտնել, որ այդ հարցում առանցքային դեր են խաղալու Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումն ու կիպրական խնդիրը: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացման գործընթացը կշարունակվի, եւ սահմանը կբացվի, քանի որ դա բխում է Հայաստանի շահերից, ու Հայաստանն այսպիսով դուրս կգա բարդ իրավիճակից:

No comments: