Sunday, August 22, 2010

Թուրքական ընկերությունները կարող են հայտնվել ԱՄՆ «սև ցուցակում»

«Tert.am», 21.08.10- Թուրքական ընկերությունները, որոնք հակառակ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներին շարունակում են հարաբերություններ ունենալ այդ երկրի հետ, վտանգի տակ են դնում ԱՄՆ–ի հետ իրենց գործարար կապերը։ Այս մասին թուրքական Hurriyet Daily News & Economic Review թերթի հետ զրույցում ասել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան խոսնակ Դեբորահ Գվիդոն։ «ԱՄՆ ֆինանսների նախարարության պատվիրակությունն այս շաբաթ այցելեց Թուրքիա՝ քննարկելու Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու առնչությամբ ՄԱԿ–ի որոշման մասին ԱՄՆ օրենսդրությունը։ Կան թուրքական ընկերություններ, որոնք ցանկանում են բիզնեսով զբաղվել ԱՄՆ–ում և նրանք պետք է տեղյակ լինեն այս նոր օրենքի մասին»,– Գվիդոյի խոսքերն է մեջբերում պարբերականը։ Թուրքական Daily Cumhuriyet թերթն իր հերթին գրում է, որ օգոստոսի 20–ին ԱՄՆ պաշտոնյաներից բաղկացած մի պատվիրակություն է այցելել Անկարա, որպեսզի քննարկի ԱՄՆ նոր՝ «Իրանական պատժամիջոցների մասին» օրենքի հնարավոր հետևանքները։ Ըստ պարբերականի, օրենքի ստեղծվել է՝ առաջնորդվելով ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի այն համոզունքով, որ «Իրանն իր զենքերը ֆինանսավորում է էներգետիկ ոլորտի միջոցով»։ Հետևաբար, օրենքի թիրախ է դառնում Իրանի էներգետիկ հատվածը, իսկ ընկերությունները, որոնք բիզնեսով են զբաղվում իսլամական հանրապետությունում, կհայտնվեն ԱՄՆ «սև ցուցակում» և դրանց նկամամբ պատժամիջոցներ կկիրառվեն։ Ըստ ամերիկացի պաշտոնյաների, օրենքը տարածվում է նաև Իրանի հետ հարաբերություններ ունեցող երրորդ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի վրա։ «Բոլոր ընկերությունները, որոնք Իրանի էներգետիկ ոլորտում որոշակի ծավալը գերազանցող ներդրումներ են կատարում, կհայտնվեն ԱՄՆ սև ցուցակում և պատժամիջոցների կենթարկվեն»,– թերթը մեջբերում է ԱՄՆ պաշտոնյաների խոսքերը՝ ավելացնելով, որ պատժամիջոցները կկիրառվեն 9 ոլորտներում՝ ներկրման–արտահանման թույլտվություններից մինչև վարկային հնարավորություններ։

No comments: