Monday, August 30, 2010

ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱԶՄԱԶԱՎԱԿՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄԸ՝ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ

«Ազատ Արցախ», 27.08.10: Ընտանիքի նկատմամբ իրականացվող պետական քաղաքականության մշակումն ու դրա հետևողական իրագործումը պետության կարևորագույն գործառույթներից է: ԼՂՀ-ում հատկապես կարևորվում է երիտասարդ ընտանիքների պետական աջակցությունը: Հայտնի է, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 2008թ. հունվարի 1-ից բարձրացվել է կրկնակի, իսկ 2009թ. հունվարի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը պայմանավորվում է ընտանիքում ծնված երեխաների հաջորդականությամբ: 2010թ. հունվարի 1-ից երկրորդ երեխայի ծննդյան դեպքում նպաստն արդեն սահմանվել է 200 հազար դրամ, նախկին 100 հազարի փոխարեն:

ԾՆՆԴՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏ Է ՏՐԱՄԱԴՐՎԵԼ 1769 ԵՐԵԽԱՅԻ
Երեխայի ծննդյան միանվագ նպաստը տրամադրվում է ԼՂՀ-ում փաստացի բնակվող երեխայի ծնողներից մեկին կամ միակ ծնողին, ինչպես նաև որդեգրողին, խնամակալին: Ինչպես մեզ տեղեկացրեց ԼՂՀ սոցապնախարարության ընտանիքի և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Սամվել Դադայանը, 2010թ. օգոստոսի 15-ի դրությամբ՝ ԼՂՀ-ում 1769 երեխայի ծննդյան կապակցությամբ տրամադրվել է միանվագ նպաստ՝ 515 մլն 700 հազար դրամի չափով: Ընդ որում, այդ երեխաներից 612-ն ընտանիքում ծնված առաջնեկներն են, որոնց էլ համապատասխանաբար հատկացվել է 100-հազարական դրամ: Երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ է տրամադրվել 546 հոգու, որոնցից 76-ին՝ մինչև 2010թ. հունվարի 1-ը ծնվածներին, տրամադրվել է 100-հազարական դրամ, իսկ հունվարի 1-ից հետո ծնված 470 երեխայի՝ 200-հազարական դրամ: Ընտանիքում 3-րդ երեխայի ծննդյան կապակցությամբ 374 հոգու տրամադրվել է 500-հազարական դրամ, իսկ 4-րդ և հաջորդ 237 երեխայի՝ 700-հազարական դրամի չափով միանվագ նպաստ:
Մեր զրուցակցի խոսքերով՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստը տրամադրվում է ԼՂՀ-ում փաստացի բնակվող երեխայի ծնողներից մեկին կամ էլ որդեգրողին, խնամակալին: Ինչպես միշտ, նպաստը նշանակվում է այն դեպքում, եթե ծնողներից մեկն անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է երեխայի ծննդյան օրվանից հետո 12 ամսվա ընթացքում: Իսկ վճարումներն իրականացվում են ՙԱրցախփոստ՚ ՓԲԸ -ի մասնաճյուղերի խողովակներով՝ նպաստ նշանակող ստորաբաժանումների կողմից կազմված վճարման ցուցակներով:
Վերջում էլ, ինչպես միշտ, հաշվետվություն է ներկայացվում համապատասխան ստորաբաժանում: Ս. Դադայանի տեղեկատվությամբ՝ նշված ժամանակահատվածում երեխայի ծննդյան միանվագ նպաստ Ստեփանակերտում ստացել է 609 հոգի, Մարտակերտի շրջանում՝ 258, Մարտունու՝ 284, Ասկերանի՝ 191, Հադրութի՝ 147, Շուշիի՝ 71, Շահումյանի՝ 62 և Քաշաթաղի շրջանում՝ 147:

82 ԱՎԱՆԴ ԱՎԵԼԻ Է ԲԱՑՎԵԼ
Ընտանիքում ծնված 3-րդ և հաջորդ երեխայի անվամբ ԼՂՀ բանկային կամ այլ ֆինանսական հաստատություններում բացվում են ժամկետային նպատակային ավանդներ: Դրանք ձևակերպում են սոցիալական ծառայության տարածքային գործակալությունները (Ստեփանակերտ քաղաքում՝ քաղաքապետարանի սոցիալական հարցերով զբաղվող ստորաբաժանումը): Ըստ սահմանված կարգի՝ ավանդները բացվում են այն դեպքում, երբ ծնողը դիմում է ներկայացնում երեխայի ծնվելու օրվանից 6 ամսվա ընթացքում:
ԼՂՀ սոցապնախարարության ընտանիքի և երեխաների հիմնահարցերի վարչության պետի իրազեկմամբ՝ ս.թ. օգոստոսի 15-ի դրությամբ 351 մլն 900 հազար դրամի չափով ժամկետային նպատակային ավանդներ են բացվել 3-րդ և հաջորդ 609 երեխայի անվամբ: Ընդ որում, 3-րդ երեխայի անվամբ բացվել է 372, իսկ 4-րդ և հաջորդ՝ 237 ժամկետային ավանդ: Համապատասխանաբար էլ 3-րդ երեխային հատկացվել է 500 հազար, 4-րդ և հաջորդ՝ 700 հազար դրամի չափով ավանդ:
Ս. Դադայանի խոսքերով՝ 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ բացված ավանդների թիվը եղել է 527, որից 309-ը՝ 3-րդ երեխայի, իսկ 218-ը՝ 4-րդ և հաջորդի անվամբ: Փաստորեն, անցյալ տարվա համեմատությամբ 82 ավանդ ավելի է բացվել: 2009թ. դրանց գումարը կազմել է 307 մլն 100 հազար դրամ, ներկայումս այդ թիվն ավելացել է 44 մլն 800 հազար դրամով: Ս.թ. օգոստոսի 15-ի դրությամբ՝ Ստեփանակերտ քաղաքում բացվել է 146 ավանդ, Մարտակերտի շրջանում՝ 105, Մարտունու՝ 106, Ասկերանի՝ 71, Հադրութի՝ 55, Շուշիի՝ 27, Շահումյանի՝ 37 և Քաշաթաղի շրջանում՝ 62:

ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՆՎԱԳ ՆՊԱՍՏ ՍՏԱՑԱԾՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ 200-ՈՎ
ԼՂՀ կառավարության համապատասխան որոշմամբ՝ երիտասարդ ընտանիքներին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով 2009թ. հունվարի 1-ից նորաստեղծ ընտանիքներին հատկացվում է 300 հազար դրամի չափով ամուսնության միանվագ նպաստ: Օգոստոսի 15-ի դրությամբ ամուսնության միանվագ նպաստ է տրամադրվել 539 նորաստեղծ ընտանիքի: Նրանց տրամադրված նպաստի ընդհանուր գումարը կազմել է 161 մլն 700 հազար դրամ: 300 հազար դրամի ամուսնության միանվագ նպաստ տրամադրած 539 նորաստեղծ ընտանիքներից 15-ը զինծառայողի ընտանիքներ են: Սկսած 2009թ. օգոստոսից՝ ամուսնության նպաստից օգտվելու հնարավորություն է տրված նաև ԼՂՀ Պաշտպանության բանակում ծառայության անցած ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր ամուսնացել են ԼՂՀ քաղաքացիների հետ: 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ ամուսնության միանվագ նպաստ է տրամադրվել 339 նորաստեղծ ընտանիքի: Փաստորեն, ինչպես տեսնում ենք, այս տարի 200-ով ավելացել է վերոնշյալ նպաստ ստացածների թիվը, որն էլ ուրախալի է, սակայն ամուսնությունների աննախադեպ ամենաբարձր ցուցանիշը՝ 3057, գրանցվել էր 2008 թվականին: Նպաստ ստացած 539 նորաստեղծ ընտանիքներից 182-ը Ստեփանակերտ քաղաքից են, 89-ը՝ Մարտակերտի շրջանից, 72-ը՝ Մարտունու, 47-ը՝ Ասկերանի, 30-ը՝ Հադրութի, 25-ը՝ Շուշիի, 21-ը՝ Շահումյանի, 73-ը՝ Քաշաթաղի շրջանից: Ի դեպ, 539 նորաստեղծ ընտանիքներից 198-ի ամուսնությունները գրանցվել են 2009 թվականին:

No comments: