խողովակը պարտադիր չէ պայթեցնել միայն հրթիռով
«Լրագիր» 19-8-2010- ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցում կային երեք կարեւոր մեսիջներ: Բացի հստակ հաստատումից, որ Ռուսաստանը Ադրբեջանին վաճառում է C 300 զենիթային համալիրներ, Լավրովը հայտարարեց, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում ոչ ոք չի պատրաստվում որեւէ մեկի վրա պատերազմ գնալ: Այդ դեպքում ումից է Ռուսաստանը պատրաստվում պաշտպանել Ադրբեջանին, եթե նրա վրա ոչ ոք չի պատրաստվում հարձակվել: Որտեղից է Ադրբեջանը սպասում այդպիսի սպառնալիք, որ մեծ փողեր է ծախսում պաշտպանական զենքի համար:
Ադրբեջանի հարեւաններն են Ռուսաստանը, Վրաստանը, Թուրքիան, Հայաստանն ու Իրանը: Թուրքիային, Ռուսաստանին եւ Վրաստանին կարելի է միանգամից բացառել Ադրբեջանի պոտենցիալ “ագրեսորների” ցանկից: Մնում են Հայաստանն ու Իրանը: Հայաստանը երբեք չի հայտարարել Ադրբեջանի ագրեսիվ մտադրությունների մասին: Մնում է երկու տարբերակ. Կամ Ադրբեջանը ձեռք է բերել C 300-ները, որպեսզի պաշտպանվի իրանական հրթիռներից, եթե իր տարածքից Իրանին հասցվեն հարվածներ, կամ էլ Ադրբեջանը մտադիր է ռազմական ռեվանշի գնալ Հայաստանի հանդեպ եւ ցանկանում է ապահովել իր ռազմավարական օբյեկտների պաշտպանությունը:
Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի ռազմատենչությանն ի պատասխան, հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանում բազմաթիվ ռազմավարական օբյեկտներ կան` ինչպես ռազմական, այնպես էլ արդյունաբերական եւ հումանիտար , եւ այդ օբյեկտները պատերազմի դեպքում կդառնան հիմնական թիրախներ: Հնչել են ակնարկներ նավթագազային համալիրին, խողովակաշարերին, Մինգեչաուրի ջրամբարին հարվածելու մասին: Թերեւս հենց դա ստիպեց Ադրբեջանին ձեռք բերել C 300 համալիրներ:
Միանգամայն առողջ արձագանք է: Միայն թե Ադրբեջանը մոռանում է, որ այդ օբյեկտները խոցելի էին եւ այն ժամանակ, երբ Հայաստանը չուներ հեռահար հրթիռներ: Եվ այդ օբյեկտները մատչելի են ոչ միայն հրթիռների համար: Կան շատ այլ միջոցներ: Ընդ որում, դրանց կարող են դիմել թե հայկական կողմը, թե իրանական կողմը, եւ մյուս բոլոր “շահագրգիռ կողմերը”:
Լավրովի եւս մեկ կարեւոր հայտարարություն` ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ստեղծելու մտադրության մասին: Մեկնաբանելով օգոստոսի 20-22 Երեւանում կայանալիք ՀԱՊԿ ոչ պաշտոնական Վեհաժողովի հանգամանքը, Լավրովը նշել է, որ այս անգամ առաջնորդները ոչ պաշտոնական միջավայրում քննարկելու են խաղաղապահ ուժեր ստեղծելու հարցը: Նա նշել է, որ ՀԱՊԿ-ն չունի խաղաղապահ առաքելություն իրականացնելու մեխանիզմներ, իսկ վերջերս ստեղծված արագ արձագանքման ուժերի մանդատը թույլ չի տալիս դրանք օգտագորել շատ դեպքերում:
Դա բավական հետաքրքրական հայտարարություն է: Ըստ ամենայնի, զորքերը կստեղծվեն, երբ մոտենա ղարաբաղյան հանգուցալուծումը: Եվ հայերի ու ադրբեջանցիների միջեւ կարող են հայտնվել ոչ թե ՄԱԿ կամ ԵԱՀԿ ուժերը, այլ ՀԱՊԿ խաղաղապահները, այլ կերպ ասած` ռուսները: Հայերին ու ադրբեջանցիներին արժե մտորել, ում են պետք ռուսները Ղարաբաղում: Միայն ռուսներին:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Thursday, August 19, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment