
«Լրագիր», 21.08.10- Օգոստոսի 20-ին, մոտավորապես ժամը 16.30-ի սահմաններում Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել խոշոր ավտովթար:
Իրար են բախվել Dodge Durango, LADA 110 եւ KAMaz մակնիշի մեքենաները:
Dodge Durango մեքենան ունեցել է դիվանագիտական համարանիշներ, որոնք ըստ եղած տեղեկության, պատկանում են ԱՄՆ դեսպանատանը:
Դեպքի վայրում աշխատող տեսուչներից մեր թղթակցին հաջողվել է պարզել վթարի նախնական եւ ընդհանրական պատկերը: Ըստ այդմ, ԱՄՆ դեսպանատան դիվանագիտական համարանիշով մեքենայի անիվը երթեւեկության ընթացքում ծակվել է, ինչի հետեւանքով մեքենան կորցրել է կառավարումը, հարվածել է փողոցի եզրին եւ մեքենան օդ բարձրանալով հայտնվել է հանդիպակած երթեւեկության գոտում, որտեղ բախվել է Լադա եւ ԿամԱզ մեքենաներին:
Մեր ունեցած տեղեկությամբ, Dodge Durango մեքենան նոր էր ներկրվել Հայաստան եւ նոր էր դուրս բերվել մաքսային պահեստից եւ ուղեւորվում էր նշանակման վայր:
Բարեբախտաբար վթարի հետեւանքով զոհեր չկան: Մեքենաների վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
No comments:
Post a Comment