«7or.am», 28.08.2010: Քաղաքագետները մեկնաբանել են վրաց-ադրբեջանական կոնֆեդերացիա ստեղծելու մասին Սահակաշվիլիի առաջարկությունը։
Հուլիսի 20-ին Բաթումում ընդունելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է կոնֆեդերատիվ հարաբերություններ ստեղծելու անհրաժեշտության մասին, «քանի որ վրաց-ադրբեջանական կապերը ռազմավարականից վերաճել են շատ ավելիին»։ Շատ չանցած, կառավարության նիստի ժամանակ Սահակաշվիլին կրկնել է բաթումյան իր հայտարարությունը։ Օրերս էլ Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Նինո Կալանաձեն լրագրողներին հայտնել է, որ Վրաստանը տեխնիկապես արդեն համաձայնել է կոնֆեդերացիա ստեղծել Ադրբեջանի հետ։
-Այդ նախաձեռնության ձևը կախված է դիվանագետների բանակցություններից, դա դիվանագիտական աշխատանք է... Կոնֆեդերացիայի շրջանակներում մենք կկարողանանք որոշել մեր հարաբերությունների զարգացման ծրագրերը, որոնք կծառայեն ողջ տարածաշրջանի զարգացմանը՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկրների միջև տնտեսական կոոպերացիան շատ արագ է զարգանում,-ասել է Կալանաձեն և նշել, որ այս փուլում խոսքն այդ հարցի շուրջը հետագա բանակցությունների իրավական խնդիրների մասին է։
Հենց սկզբից տագնապ բարձրացրեցին սոցիալ-դեմոկրատները, ովքեր փոխնախարարի՝ նման հայտարարությունները ծայրահեղ վտանգավոր որակեցին։
-Կալանաձեն հայտարարել է, որ կոնֆեդերացիայի տեխնիկական հարցերն արդեն հնչեցվել են։ Ընդհանրապես հասկանալի չէ, թե ինչ է ենթադրվում տեխնիկական հարցերի տակ։ Տպավորությունն այնպիսին է, թե քաղաքական սկզբունքի մակարդակով կառավարությունն արդեն լուծել է այդ հարցը։ Պետք է նշել, որ նման անպատասխանատու հայտարարությունները կարող են լրջորեն վատթարացնել տարածաշրջանի առանց այն էլ անկայունի իրավիճակը։ Ելնելով խնդրի կարևորությունից՝ մենք պահանջում ենք, որ Վրաստանի ԱԳՆ-ն անհապաղ պաշտոնական հայտարարություն անի, որը լույս կսփռի կառավարության քայլերի և նպատակների վրա։ Մենք Վրաստանի բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում սթափություն ցուցաբերել՝ մի հիասքանչ օր այլ պետության քաղաքացի չարթնանալու համար,-ասված է Վրաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության հայտարարության մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովն ադրբեջանա-վրացական կոնֆեդերացիա ստեղծելու հնարավորության մասին ասել է. «Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունը ոչ մի տեղեկություն չունի ադրբեջանա-վրացական կոնֆեդերացիայի ստեղծման մասին»։
Saturday, August 28, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment