Saturday, August 28, 2010

Վրացական ծուղակ հայերի համար

«Tert.am», 27.08.2010: Ցանկացած երկրի քաղաքացի, որը կհատի Վրաստանի սահմանը առանց երկրի իշխանություններին իրազեկելու, քրեական պատասխանատվության կենթարկվի։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ տեղեկատվական վերլուծական բաժնի ղեկավար Շոթա Ուտիաշվիլին։ Ըստ նրա՝ այդ քայլերը հավասարապես վերաբերվում են թե Ռուսաստանի, թե Վրաստանի քաղաքացիներին։ Ուտիաշվիլին ավելացրել է, որ նման դեպքերը Վրաստանում հաճախակի բնույթ են կրում։ «Աբխազիայի և Հարավային Օսիայի սահմանը «սխալ տեղից» անցնողներին ազատազրկում է սպասվում», – գրում է Российская газета-ն։ Թերթի խմբագրություն է դիմել ձերբակալված, այնուհետև «Գլդանի» բանտում հայտնված մի քանի երիտասարդների հարազատներ, որոնցից մեկը պատմել է, որ այս ամառ Երևանից Թբիլիսի մեկնած երիտասարդը առանց խոչընդոտի անցել է վրացական սահմանը, սակայն վերադառնալիս վրացի սահմանապահները նրան ձերբակալել են՝ պատճառաբանելով, որ երիտասարդը խախտել է Վրաստանի կանոնները, քանի որ նրա անձնագրում կա «չճանաչված պետությունների» կնիքը։ Սկզբում երիտասարդից պահանջել են 20 000 դոլար պետական տուգանք վճարել, սակայն շուտով զրկել են այդ հնարավորությունից՝ նրան ուղարկելով «Գլդանի» բանտ։ Թերթը գրում է, որ «վրացական ծուղակն» են ընկել տասնյակ մարդիկ՝ հիմնականում հայեր։ Նրանց թույլ են տալիս մտնել երկիր, իսկ դուրս գալիս ձերբակալում են, թեև կարող են պարզապես արգելել այդպիսի մարդկանց մուտքը երկիր։

No comments: