Sunday, August 22, 2010

Ստեփան Սաֆարյան. Ղարաբաղի հարցը մնում է բաց

«NEWS.am», 21.08.2010: Հնարավոր ագրեսիայի դեպքում Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանին, ինչը չի կարելի ասել Լեռնային Ղարաբաղի մասով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, մեկնաբանելով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պատասխանն այն հարցին, թե ի՞նչ կանի Ռուսաստանը, եթե Ադրբեջանն սպառնա ԼՂ ժողովրդի անվտանգությանը: Սաֆարյանի խոսքով՝ ՌԴ նախագահը իրեն ուղղված կոնկրետ ու հստակ հարցին տվել է անորոշ պատասխան: «Ադրբեջանի ԱԳՆ-ն օրերս հիշեցրեց Ռուսաստանի հետ պայմանավորվածության մասին, ըստ որի Գյումրիի 102 ռազմաբազան չի կարող օգտագործվել Ադրբեջանի դեմ, իսկ դա մտահոգության տեղիք է տալիս»,-նշեց Սաֆարյանը: «Ես չեմ կարող արված հայտարարությունը գնահատել որպես լավատեսական, ինչպես դա անում են որոշ փորձագետներ, վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ ու քաղաքագետներ: Հարցը մնում է բաց»,-նշեց նա: Հարցին, թե իր կարծիքով, ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի պահվածքը ԼՂ-ում ռազմական գործողություններ սկսելու դեպքում, «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը հայտարարեց, թե պատերազմը անկանխատեսելի երեւույթ է եւ նախապես դժվար է կռահել եւ կանխատեսել դեպքերի ընթացքը: «Այդ հարցը բաց է մնում»,-հայտարարեց խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչը:

No comments: