Saturday, August 28, 2010

ԹՈՒՐՔԻԱՆ ՆԱՀԱՆՋՈ՞ՒՄ Է

«Լրագիր», 27.08.2010: Տարածաշրջանային որոշ իրադարձություններ թույլ են տալիս պնդել, որ Թուրքիայի վրա ԱՄՆ ճնշումը հայկական հարցով աճման միտում ունի: Այդ մասին են վկայում նախևառաջ ամերիկյան օրենսդիր մարմինում տեղի ունեցող գործընթացները: Առաջին հերթին կարելի է հիշել Թուրքիայում և Ադրբեջանում դեսպաններ նշանակելու գործընթացը: Նշանակումները, ըստ պաշտոնական վարկածի, տորպեդահարվում են հայկական լոբբիի կողմից: Սակայն ակնհայտ է, որ դա Վաշինգտոնի մեսիջն է Անկարային: Այլ փաստեր ևս կան: Հանկարծ պարզվեց, որ ԱՄՆ վերջին 10 տարիներին 35 միլիոն դոլար պակաս է հատկացրել Ղարաբաղին, չնայած Կոնգրեսի նախատեսածին: Չի բացառվում, որ Ղարաբաղը ստանա այդ գումարը միանգամից, և դա կլինի հերթական ապտակը Թուրքիային: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը, որով Թուրքիան մեղավոր է ճանաչվում Հրանտ Դինքի սպանության հարցում, ևս խոսում է այդ մասին: Բացի այդ, չի բացառվում աշնանը Կոնգրեսում հայերի ցեղասպանության ճանաչման բանաձեւի քննարկումը, որն իր հետևից կբերի տարածքային պահանջներ Թուրքիայից: Անկարայում հասկանում են դա, այդ պատճառով պատրաստվում են ԱՄՆ ուղարկել լուրջ պատվիրակություն, որը պետք է համոզի ամերիկացիներին, որ տպավորությունը, թե Թուրքիան դադարել է հարգել Միացյալ Նահանգներին, սխալ է: Սակայն համոզելու համար հարկ կլինի մի շարք քայլեր կատարել, այս անգամ ևս կապված Հայաստանի հետ: Աղթամար կղզու եկեղեցում պատարագ մատուցելու թույլտվությունը ոչ այնքան հաջող դուրս եկավ: Հայկական կողմը դրան չարձագանքեց բարձր պաշտոնական մակարդակով: Ավելին, դա որակվեց որպես PR շոու: Եւ Թուրքիան որոշեց այլ մեթոդ կիրառել: Թուրքիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ ընթրիքի ժամանակ երկրի փոխվարչապետ Բյուլենտ Արընչը հայտարարել է, որ բռնագրավված կալվածքների վերադարձը թուրքական իշխանությունների պարտքն է: “Արընչը հստակ ասել է. կարող եմ վստահորեն պնդել, որ անօրինական կերպով բռնագրավված կալվածքների վերադարձը մեր պարտքն է”, Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Ստամբուլում լույս տենող Մարամարա օրաթերթի խմբագիր Ռոբեր Հատտեճյանը: Կալվածքները վերադարձնելով, Թուրքիան պատնեշում է իրեն տարածքային պահանջներից ԱՄՆ Կոնգրեսի կողմից ցեղասպանության ճանաչման դեպքում: Չէ որ հայերի հիմնական պահանջները կայանում են նրանում, որ Թուրքական Հանրապետությունը ստեղծվել է հայերին պատկանող հողերի վրա: Եվ նրանք պահանջում են վերադարձնել: “Օսմանյան կայսրությունը մոտ 100 տարի առաջ, 1915 թվականին, հայերին ցեղասպանության է ենթարկել”, հայտարարել էր Իրանի փոխնախագահ Համիդ Բաղաին: “Հիմա, երբ Օսմանյան կայսրությունը գոյություն չունի, Հայաստանի իշխանությունները դեռևս պահանջում են պաշտոնական ներողություն և փոխհատուցման վճարում”, հայտարարել է Համիդ Բաղաին: Այդ ֆոնին Հայաստանը Ռուսաստանի հետ բազմանշանակ համաձայնագրեր է ստորագրում, փաստորեն հանձնվելով Մոսկվայի հայեցողությանը: Չնայած Հայաստանի Անկախության հռչակագրի հոդված 11-ում նշված է, որ Հայաստանը պահանջում է Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած ցեղասպանության ճանաչում: ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: