Wednesday, August 11, 2010

Վ. Բոստանջյան. «Ալիևն իր հայտարարություններով իշխանությունը պահելու խնդիր է լուծում»

Panorama.am. 11-8-2010- «Ալիևի այդ հայտարարությունը, ըստ էության մեկնաբանության կարիք էլ չունի այնքանով, որքանով որ նայում ենք Ադրբեջանի նախագահի նախորդ հայտարարություններին ու խոսքերին: Նա ոչ մի նոր բան իր այդ հայտարարությամբ չի ասել»,- գնահատելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նախօրեին արված հայտարարությունը՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը: Նշենք, որ ադրբեջանական Դեյ.ազ լրատվականի համաձայն՝ Պետական սահմանապահ ծառայության ակադեմիայի բացման ժամանակ Ադրբեջանի նախագահն ասել, թե «իրենք կվերականգնեն երկրի տարածքային ամբողջականությունը: Պետք եղած ժամանակ բոլոր ռազմական կառույցները կգործեն որպես մեկ միասնական բռունցք ու կվերականգնեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Դրա համար անհրաժեշտ է ուժեղ տնտեսություն ու հզոր ռազմական պոտենցիալ: Իսկ հակառակորդ կողմը զբաղված է ժամանակի վատնումով և ուղղակի փորձում է ձախողել բանակցություններ: Բայց եթե բանակցությունները ձախողվեն, ապա կառաջանա նոր իրավիճակ ու օրակարգում խնդրի ռազմական լուծման հարց կդրվի»: Նա նշեց, որ բոլոր պարագաններում մեկ բան է հասկանալի ՝ Ալիևն այլընտրանք չունի: «Նա գտնվում է իշխանության գագաթում և զանգվածների վրա ազդելու միակ ձևը դա է: Միայն այն հանգամանքը, որ ՀՀ-ում այդ հայտարարության հետ կապված որևէ իրարանցում չկա, սա նշանակում էր, դրանք լոկ խոսքեր են և դրանք ասվում է միայն ադրբեջանական զանգվածներին հանգստացնելու համար: Դրա իմաստն այն է, որ Ալիևը փորձում է իր քաղաքացիներին ցույց տալ, թե իբր մեծ աշխատանքներ են տարվում, որ իրենք փորձում են լուծել առկա խնդիրները»,- ասաց պատգամավորը: Խորհրդարանականի խոսքերով, բոլոր դեպքերում, փաստը մնում է փաստ, որ ադրբեջանական բանակն արդեն մեկ անգամ պարտվել է և եթե նրանք ուզում են կրկին պատերազմել, ապա պետք է իմանան, որ այս անգամ ևս պարտություն են կրելու, որի կորուստներն ավելի շատ են լինելու, ինչը կարծում է, որ Ադրբեջանի նախագահը գիտակցում է: Պատասխանելով Panorama.am-ի այն դիտարկման, թե չեք կարծում, որ նման հայտարարություններով Ի. Ալիևը ուղղակի իշխանությունը պահելու խնդիր է լուծում՝ Վ. Բոստանջյանն ասաց. «Անշուշտ, կարծում եմ, ու բոլորին էլ պետք է պարզ լինի, որ առաջին հերթին Ալիևն իր հայտարարություններով իշխանությունը պահելու խնդիր է լուծում, քանի որ դա է նրա համար գերակա խնդիրը»:

No comments: