Wednesday, August 11, 2010

ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է

Էդգար Վարդանյան. Քաղաքագետ, հրապարակախոս -Էդգար, վերջերս մի զեկույցով հանդես եկաք, որտեղ խոսում էին ազգային ժողովրդավարության վտանգների մասին: Ի՞նչ վտանգներ են դրանք: Մանավանդ որ կա տեսակետ, ըստ որի ազգային-դեմոկրատական փոփոխությունները միայն կտան ժողովրդավարական, ինքնիշխան, իրավական և սոցիալական պետություն ունենալու հնարավորություն: -Սկսենք նրանից, որ ժողովրդավարությունը չի կարող լինել ապազգային: Ժողովրդավարությունն ինքնին քաղաքական համակարգ է: Երբ մենք ինչ-որ մի բառ ենք ավելացնում ժողովրդավարության կողքին, մենք նախ պետք է պարզենք` ինչ նպատակով ենք դա անում: Մարդիկ, ովքեր խոսում են ազգային- ժողովրդավարական բարեփոխումների, կամ ազգային ժողովրդավարական հեղափոխության, կամ ազգային-ժողովրդավարական համակարգ ստեղծելու մասին, ուզում եմ հասկանալ, թե ինչով է պայմանավորված իրենց այդ ձգտումը ժողովրդավարության կողքը դնել «ազգային» բառը: Ստացվում է` եթե «ազգային» բառը դրվում է ժողովրդավարության կողքը, նշանակում է, հակադրում ենք իբրև թե մեկ այլ` ապազգային ժողովրդավարության, բայց դա աբսուրդ է: Ինչո՞ւ, որովհետև ժողովրդավարությունը ստեղծում է ազատ ազգը: Եթե մենք ունենք ազգ, եթե այդ ազգը նպատակ է դրել ինչ-որ մի տարածքում ստեղծել ժողովրդավարական համակարգ` որպես ինքնորոշման ձև, նշանակում է հենց այդ ազգն էլ որոշում է այն սկզբունքները, որոնք պետք է լինեն այդ քաղաքական համակարգի հիմքում: Ինչպե՞ս կարող է ազգը, որը կազմակերպվել է ինչ-որ մի տարածքում ժողովրդավարական քաղաքական համակարգ ստեղծելու նպատակով, ապազգային համակարգ ստեղծել: Ազգի ազատ կամարտահայտությունը չի կարող լինել ապազգային: Շատերը հակադրվում են, ասում են` ժողովրդավարությունը կարող է լինել ապազգային, որովհետև շատ դեպքերում օտար ուժերի կողմից է հաստատվում, դրա համար մենք պետք է այդ տեսակի ժողովրդավարությանը հակադրենք մեկ այլ` ազգային ժողովրդավարություն, որը բխում է ազգի շահերից: Ցանկանում եմ նշել, որ օտարների կողմից հաստատված համակարգերը ժողովրդավարություններ չեն: Ժողովրդավարությունը ազգային երևույթ է, այն հաստատվում է կոնկրետ ազգի կողմից իր կոնկրետ տարածքի սահմաններում: -Բայց մենք` որպես ազգ, ժողովրդավարություն ուզո՞ւմ ենք: Արա Նեդոլյանն ասում է, որ սրանից մի տասը տարի առաջ հասարակության գիտակցությունը հիմնականում փորձում էր լուծել պատմական, «ազգային» հարցեր, այսինքն`այդ բառապաշարի, այդ տրամադրության վրա էր հիմնված, բայց վերջին երկու տարում մենք տեսնում ենք, որ հասարակական գիտակցությունը հյուսվում է հիմնականում ժողովրդավարության թեմայի շուրջ` սահմանադրական կարգի գիտակցման միջոցով: -Այս հարցին հարցով պատասխանեմ. մենք ովքե՞ր ենք. եթե Դուք ի նկատի ունեք հայերին, ապա հայ ասելով դուք ո՞ւմ ի նկատի ունեք, ՀՀ-ի տարածքում ապրող ժողովրդի՞ն: Այս առումով մենք կարող ենք ասել, որ ՀՀ տարածքում ապրող հայերը տարբեր են, կան տարբեր աշխարհայացք և տարբեր արժեքային համակարգ կրող հայեր: Ինչպե՞ս կողմնորոշվել, հասկանալ` ով ինչ է ուզում: Եվ մենք տեսնում ենք, որ այսօր քանի որ չունենք ժողովրդավարություն, ուրեմն նշանակում է ունենք մի հակադեմոկրատական քաղաքական համակարգ, որը հաստատվել է ինչ-որ խումբ հայերի կողմից, այնպիսի հայերի, որոնց խորթ են ժողովրդավարական արժեքները, այնպիսի հայերի կողմից, որոնք ունեն ժողովրդավարական քաղաքական համակարգին բնորոշ աշխարհայացքին կամ արժեքային համակարգին հակառակ արժեքային համակարգ: Եթե մենք ասում ենք, որ այսօր ունենք քրեաօլիգարխիկ քաղաքական համակարգ, նշանակում է` քրեաօլիգարխիկ համակարգին բնորոշ արժեքային համակարգ կրող մարդկանց կողմից է այն ստեղծվել, որոնք հայեր են: Թե քանի տոկոսն են դրանք, շատ դժվար է ասել, որովհետև որևէ սոցիոլոգիական հարցում նման պայմաններում իրականացնելն արդյունավետ չէ, այն չի տա ճշգրիտ տվյալներ, քանի որ քրեաօլիգարխիկ քաղաքական համակարգում մարդիկ հաճախ վախենում են իրենց իրական դիրքորոշումը, արժեքային համակարգը և իրական տեսակետները ներկայացնել: Բայց, կարծում եմ` մեզ այդքան էլ չպետք է հետաքրքրի` քանի տոկոսն է հասարակության նման աշխարհայացքի կրողը: Մենք փաստն ենք արձանագրում, երբ նման աշխարհայացք ունեցող մարդիկ կարողացել են հաստատել այս տարածքում քրեաօլիգախիկ համակարգը: Դա նշանակում է, որ այն մարդիկ, ովքեր ունեն այլ տեսակի արժեքային համակարգ, այլ տեսակի աշխարհայացք, ասենք` ժողովրդավարական, չեն կարողացել հաստատել իրենց ուզած համակարգը: Ինչո՞ւ չեն կարողացել հաստատել, որովհետև չեն կարողացել կազմակերպվել, իրենց առջև խնդիր չեն դրել, որ մենք այս տարածքում, այսքանովս պետք է հաստատենք այս համակարգը, և փաստորեն թույլատրել են, որ հակասահմանադրական արժեքային համակարգը կրող մարդիկ հաստատեն իրենց ռեժիմը: Ժողովրդավարական մտածողություն ունեցող հայերը պարտվել են քրեաօլիգարխիկ մտածողություն ունեցող հայերին: Բայց, ելնելով այն հանգամանքից, որ մեծ զանգվածներ դժգոհ են մեր այսօրվա քաղաքական համակարգից և արտահայտում են իրենց դժգհությունը թեկուզ ընտրություններին ընդդիմության օգտին քվեարկելով, դեմոկրատական կարգախոսների ներքո զանգվածային և ոչ զանգվածային բողոքի միջոցառումներին մասնակցելով և այլն, կարող ենք ասել, որ ժողովրդավարության ձգտողները քիչ չեն, այդ հատվածը կա: -Էդգար, անուամենայնիվ, հիմա մենք ժողովրդավարության հասնելու հնարավորություն ունե՞նք: -Այսինքն ուզում եք ասել, թե ՀՀ կոչվող տարածքում հնարավո՞ր է ստեղծել ժողովրդավարական համակարգ: Այո, հնարավոր է: Բայց դրա համար պետք է ձևավորվի ժողովրդավարական հանրություն, իսկ դրա նախադրյալներն այժմ առկա են: Ի դեպ, պարտադիր պայման չէ, որ այդ հանրության մեջ մտնի Հայաստանի ողջ ժողովուրդը: Ճիշտն ասած, մեր այսօրվա պայմաններում դա հնարավոր էլ չէ: Իմիջիայլոց, շատերը, երբ ասում են, որ Հայաստանում դեմոկրատիա հնարավոր չէ, ի նկատի ունեն հենց այս հանգամանքը, սակայն դա սխալ մոտեցում է: Ժողովրդավարությունը կարող է հաստատվել համեմատաբար փոքրաթիվ խմբի ջանքերով: Կարևորը, որ լինի հավասար իրավունքների սկզբունքով ստեղծված ազատ մարդկանց մի խումբ, այլ ոչ թե մեկ անձի շուրջ հավաքված, հիերարխիկ մի կառույց: Այդ հավասարների խումբը`ժողովրդավարական հանրությունը, պետք է նոր դեմոկրատական համակարգ կառուցելու պատասխանատվությունը վերցնի իր վրա: Ժողովրդավարական հանրությունը ժողովրդավարական պետություն ստեղծելու հայտ պետք է ներկայացնի իր կազմակերպվածությամբ: Նա պետք է այս տարածքում իր հատուկ պահվածքով և մտածելակերպով ժողովրդավարական ճաշակ ձևավորի և դրանով իսկ մեծ ճնշում կգործադրի այսօրվա ռեժիմի պահապանների վրա: Ժողովրդավարական հանրությունը պետք է պարտադրի պետական ինստիտուտներին կատարել իրենց պետական գործառույթները, այլ ոչ թե քրեա-օլիգարխների հրամանները: Երբ մենք տեսնենք, որ այս ամենն արվում է, ուրեմն ժողովրդավարությունը շուտով կայցելի մեզ: ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ «Լրագիր» 11-8-2010

No comments: