Wednesday, August 25, 2010

ԻՆՉՈՎ ԵՆ ԿԵՐԱԿՐՈՒՄ ՀԱՅԵՐԻՆ

«Լրագիր», 24.08.10: Ռուսաստանն այդպես էլ գումար չհատկացրեց Իրան-Հայաստան երկաթգծի շինարարության համար: Հայաստան ժամանած տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը մի շարք ոչ այնքան նշանակալից քաղաքական հայտարարություններ արեց, սակայն գումար չխոստացավ: Չնայած Ռուսաստանը, որպես ռազմավարական գործընկեր, պետք է որ հասկանար Հայաստանի համար այդ երկաթուղու կարևորությունը: Փոխարենը, մեկ միլիարդ խոստացան նոր ատոմային էներգաբլոկի շինարարության համար: Ում է պետք նոր ԱԷԿ-ը` Երևանին, թե Ռուսաստանին` ոչ ոք այդպես էլ չպարզաբանեց: Սակայն դրա հիմնադրման անհրաժեշտության համար պաշտոնական դեմքերն առիթը բաց չթողեցին հիշեցնել մութ և ցուրտ տարիների մասին, կարծես այդ ժամանակվանից Հայաստանում լույս չկա, և պետք է շտապ կառուցել նոր ատոմակայան: Գործնականում ատոմակայանը հազիվ թե պետք լինի Հայաստանին, իսկ Ռուսաստանը պարզապես իր համար նոր գործ է բացում: Չէ որ Ռուսաստանը քիչ բաների է ընդունակ` գազ, զենք վաճառել, և թանկ ատոմակայաններ կառուցել: Ահա դրանով էլ նա կերակրում է Հայաստանին: Իսկ մենք ուրախ ենք: Դմիտրի Մեդվեդևը, ելույթ ունենալով Երևանում, ասել է, որ ընկերությունը մնում է ընկերություն, իսկ եկամտի մասին նույպես պետք է մտածել: Այդ պատճառով, թերևս, ինչպես ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախորդ 2 տարիներին Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերությունը էապես կրճատել է ներդրումների ծավալը: Հայաստանում արտաքին ներդրումների 60 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին, հայտարարել է Մեդվեդևը Երևանում: Ճիշտ է, դժվար թե ինչ-որ մեկը հաշվարկել է, թե ինչքան իրական ներդրումներ է կորցրել Հայաստանն այն պատճառով, որ տնտեսությունը գտնվում է ռուսական և պրոռուսական ուժերի ձեռքում: “Մենք պրագմատիկ մարդիկ ենք և կցանկանայինք ոչ միայն ընկերություն անել, ապահովել անվտանգության խնդիրները, այլև փող աշխատել: Սա ավելորդ չէ նույնիսկ ընկերների միջև”, նշել է Մեդվեդևը: Թե ում է նկատի ունեցել նա ընկերներ ասելիս` պետություններին, թե նախագահներին, հայտնի չէ: ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: