«Իրանահայեր Լրատու ցանց», 24.08.10: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի` փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի նորանշանակ ներկայացուցիչ Դամթյու Դեսալեյնին: Այս մասին հայտնեցին երկրի ղեկավարի մամլո գրասենյակից:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը և հանձնակատարի գրասենյակը շուրջ երկու տասնամյակ արդյունավետ համագործակցում են: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել փախստականների ինտեգրման և նրանց խնդիրները լուծելու գործում Հայաստանի կառավարության ջանքերին գրասենյակի ցուցաբերած աջակցության համար:
Նախագահն ընդգծել է, որ, չնայած կատարված մեծ աշխատանքին, բազմաթիվ փախստականներ դեռևս ապրում են ժամանակավոր կացարաններում: Հանրապետության ղեկավարը կարևորել է փախստականներին բնակարաններով ապահովելու գործում հանձնակատարի գրասենյակի և կառավարության միջև համագործակցության շարունակականությունը:
ՄԱԿ-ի` փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչն ասել է, որ հանձնակատարի գրասենյակի հետ ՀՀ կառավարության ճիշտ և նպատակամղված երկարամյա համագործակցությունը, իսկապես, մեծ արդյունքներ է տվել:
Նախագահը և Դամթյու Դեսալեյնը խոսել են Հայաստանի և ՄԱԿ-ի վերոհիշյալ գրասենյակի միջև համագործակցության առաջիկա ծրագրերի մասին, մասնավորապես, կարևորել 2011թ. կազմակերպվելիք դոնորների համաժողովը, որին կմասնակցի նաև Կազմակերպության` փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը:
Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում ապրող փախստականների խնդրին: Նշելով, որ ՀՀ-ն և ԼՂՀ-ն փախստականների խնդիրը երբեք չեն դարձրել քաղաքական շահարկումների առարկա, Սերժ Սարգսյանը մտահոգիչ է համարել փաստը, որ նրանք ընդգրկված չեն ՄԱԿ-ի` փախստականներին աջակցության ծրագրերում:
Wednesday, August 25, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment