Wednesday, August 25, 2010

Քոչարյան. Ալիևն ընդունել է պետերբուրգյան առաջարկները

«Panorama.am», 25.08.10: Չնայած պաշտոնական Բաքվի հայտարարություններին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԼՂ խնդրի կարգավորման սանկտպետերբուրգյան առաջարկները: Այս մասին նախօրեին «Իրական քաղաքականություն» ծրագրին տված հարցազրույցում հայտարարել է արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Վերջին հանդիպման ժամանակ /Սանկտ Պետերբուրգում/ Ադրբեջանի նախագահը Հայաստանի նախագահի ներկայությամբ համաձայնություն է տվել ՌԴ նախագահին, որ իրենք առաջնորդվելու են այդ փաստաթղթով»,-ասել է Քոչարյանը: Դիվանագետը տարօրինակ է համարել այն, որ ադրբեջանական լրատվամիջոցներն ու նաև պաշտոնատար անձինք դրանք փորձում են ներկայացնել որպես միայն կողմերից մեկի առաջարկություններ: Այս համատեքստում Քոչարյանը պատահական չհամարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությունը, որ Ռուսաստանը որպես միջնորդ ոչ մի քայլ չի անում առանց մյուս միջնորդների` Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի համաձայնության: Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Մեդվեդև-Սարգսյան-Ալիև հանդիպման ժամանակ ռուսական կողմը հակամարտող երկրների ղեկավարներին ներկայացրել է նոր առաջարկներ: Դրանից հետո Ադրբեջանում կտրուկ քննադատեցին այդ առաջարկները, ապա ԱԳՆ ներկայացուցիչը այն որակեց որպես աշխատանքային առաջարկություններ, որոնք շատ հաճախ են արվում:

No comments: