Tuesday, August 10, 2010

Նախարարի հրաժարականով կամ ինքնասպանությամբ որևէ խնդիր չի լուծվում. փորձագետ

Tert.am. 10-8-2010- «Աշխարհի ամենազարգացած երկրների բանակներում անգամ միշտ էլ ողբերգական դեպքեր լինում են, բայց ինչքան որ հետևել եմ, ոչ ամերիկյան բանակի, ոչ ռուսականի դեպքում չեմ հանդիպել մի լրատվամիջոցի, որն այդ կապակցությամբ գրեր, որ, օրինակ, ԱՄՆ–ի պաշտպանության նախարարը պետք է ինքնասպան լինի (Facebook-ում վերջերս արշավ էր սկսվել, որի մասնակիցները պահանջում էին «Սեյրան Օհանյանի ինքնասպանությունը» – Tert.am)։ Նման աբսուրդի չէր հասնում որևէ լրատվամիջոցի լուսաբանումը, այլ մոտենում են օբյեկտիվ, որ դժբախտություն է տեղի ունեցել, այդ դժբախտության պայմաններում զինծառայողների հարազատների միակ մխիթարանքը պետք է լինի արդարացի պատիժը»,– այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց տեղեկատվական քաղաքականության փորձագետ Վահրամ Միրաքյանը, որի ելույթն արժանացավ ասուլիսին ներկա լրագրողների քննադատությանը։ Նախապես հայտարարվել էր, որ մամուլի ասուլիսին պետք է մասնակցեր նաև ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը, սակայն նա չներկայացավ՝ Միրաքյանի խոսքով, ընտանեկան խնդիրների պատճառով։ Ասուլիսի միակ հյուրի ասելիքը հունից հանեց լրագրողներին, քանի որ նա իր խոսքն սկսեց աշխարհի տարբեր բանակներում տեղի ունեցած սպանությունների վիճակագրությունը ներկայացնելով և լրատվամիջոցներին մեղադրելով ՀՀ բանակի դեպքերն օբյեկտիվ չլուսաբանելու համար. «Կային ուղղակի թունոտ ընդհանրացումներ»։ Միրաքյանն ասաց, որ Սեյրան Օհանյանի հրաժարականի պահանջն անհիմն է։ «Սեյրան Օհանյանի հրաժարականով բանակի հետ կապված խնդիրը չի լուծվում, բայց նա այն նախարարներից է, որ բաց է առաջարկների համար»,– ասաց փորձագետը։ Հարցին, որ եթե մեղավոր չէ նախարարը, ապա ո՞վ է պատասխանատու այն ծնողի առաջ, որը որդի է ուղարկում բանակ, բայց միայն նրա դիակն է վերադարձվում, Վահրամ Միրաքյանը պատասխանեց, որ ինքը քննիչ չէ, որ ասի՝ ով է մեղավոր, բայց «կոնկրետ դեպքում կոնկրետ անձինք են մեղավոր, որոնք պատժվում են», նաև հարուցված են քրեական գործեր։ «Բայց նախարարի հրաժարականով կամ ինքնասպանությամբ որևէ խնդիր չի լուծվում»,– կրկին պնդեց Միրաքյանը։ Նա այդպես էլ չկարողացավ բացատրել լրագրողներին, թե որն է «բանակի դեպքում զգույշ և օբյեկտիվ լուսաբանումը», միայն ասաց, որ «բացասական տեղեկատվության միակողմանի հոսքը անելանելիության իրավիճակ է ստեղծում»։ Փորձագետը, այնուամենայնիվ, համաձայնեց, որ «պաշտոնական տեղեկատվության պակասը ծնում է ասեկոսեներ, հաճախ վնասակար»։ Միրաքյանը նաև անդրադարձավ մեր բանակում տեղի ունեցած դեպքերի ադրբեջանական արձագանքներին, որոնք ուրախանում են նման լուրերից և ընդհանրացնելով՝ վարկաբեկում հայկական բանակը։ Միրաքյանը նաև նկատեց, թե ադրբեջանական բանակի դեպքերն այդպես լայնորեն չեն լուսաբանվում լրատվամիջոցներում, ինչպես մեզ մոտ, թեև դրա պատճառը, ըստ նրա, այն է, որ պետական վերահսկողությունը ադրբեջանական լրատվամիջոցների նկատմամբ ավելի մեծ է։

No comments: