Monday, August 2, 2010

Պետք էր մտածել՝ գուցե այս մարդը վտանգավոր է հասարակության համար. հոգեբանը բանակի միջադեպի մասին

Tert.am. 2-8-2010- «Իհարկե լուրջ սխալ է տեղի ունեցել, ինչ–որ մեկը վատ է աշխատել, ինչ-որ օղակ լավ չի աշխատել»,– այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայկական բանակում տեղի ունեցած վերջին միջադեպի մասին նման կարծիք հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը։ Տեղի ունեցածը նա որակեց որպես ողբերգություն՝ նշելով, որ «վրիպում է տեղի ունեցել»։ Միաժամանակ, հոգեբանի խոսքով, հարկավոր է օբյեկտիվ լինել ու հասկանալ, որ նման արտակարգ իրավիճակներ տարբեր բանակներում էլ տեղի են ունենում։ Հոգեբանը մտավախություն ունի, որ հիշյալ միջադեպը կարող է ինչ–ինչ ուժերի կողմից շահարկվել, ուստի նա անթույլատրելի համարեց բանակի վարկաբեկումը, քանի որ դա կնշանակի թուլացնել պետական անվտանգության երաշխիքը։ «Երևի այսպիսի դեպքերը պետք է հուշեն, որ բանակին պետք է լուրջ վերաբերվել»,–հայտարարեց Կարինե Նալչաջյանը՝ հավելելով, որ միջադեպի մասնակից երիտասարդներից մեկի կենսագրությունը այնպիսին է եղել «որ պետք էր կանգ առնել ու մտածել, որ գուցե այս մարդը իսկապես վտանգավոր է հասարակության համար»։ Ասուլիսի մյուս մասնակիցը՝ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, սոցիոլոգ Հայկ Սահակյանը, իր հերթին նկատեց, որ «բանակը ավելի մոտ է հասարակության նախնադարյան ձևին, որտեղ կան հրամաններ և բոլորը դրանց պետք է ենթարկվեն»։ «Այնտեղ կա «չի կարելի սա, չի կարելի նա», և մարդը այդ «չի կարելիներից» մեկն անցնելուց հետո ստիպված է պաշտպանել իր պատիվը և կարող է դիմել ինքնասպանության»,– կարծիք հայտնեց Սահակյանը։

No comments: