Monday, August 2, 2010

ԱԽԹԱՄԱՐԱ ԿՂԶՈՒ ՎՐԱ…

«Լրագիր» 2-8-2010- 1965 թվականին Մեծ Եղեռնի 50-ամյակի կապակցությամբ հայտնի հուզումներից հետո, չնայած որոշ ռեպրեսիաների եւ ինչ-ինչ խստացումների, միեւնույն է, ինչպես կասեր Միխայիլ Գորբաչովը, процесс пошел, եւ հասարակության մեջ չափազանց մեծ պահանջարկ սկսեց ձեւավորվել 60-ն անց անձանց նկատմամբ: Այն անձանց, որոնք այս կամ այն չափով կարող էին առնչված լինել դարասկզբի այդ հայտնի դեպքերի հետ: Այդ տարիներից սկսած մեր եւ մեր հարեւան ազգի հետ հարաբերությունների վերաբերյալ վիճակվեց իմանալ, լսել ու ընթերցել բազում կարծիքներ: Ժանրի դասական կանոններին համապատասխան այստեղ պետք է սպասել, որ շեշտվի… «բայց այդ բազում կարծիքներից մեկը…»: Այո, հենց այդպես էլ կա: Այդ բազում կարծիքներից հատկապես մեկն իրոք որ տպավորվեց ամենից շատ: Նրա հեղինակը 1894 թվի ծնված էր, մի ձեռքը չկար: «Պապիրոս, ասեղ, փուչիկ ծախող, մե թեւանի» Գեւուշն էր: Աջ ձեռքը կորցրել էր «առաջին պատերազմի» հենց սկզբի ամիսներին, տուն էր վերադարձել դեռեւս 1914-ի վերջերին, եւ իր իսկ ասելով, այդ կորցրած թեւն էր փրկել իրեն թե «թուրքի պլենից», թե «Սիբիրից» ու «բռնե-բռնե»-ից, թե «էս վերջին պատերազմից»: Հետաքրքրականն ու տպավորիչն այն էր, որ մյուսների նման նա չէր պատմում մանրամասներ, նկարագրում տեսարաններ, կամ էլ ավարտում ավանդական դարձած, թե «բայց թուրքերի մեջ էլ լավ մարդիկ շատ կային»: Նա մեզ` ջահելներիս, չափազանց հուսահատեցնող, ըստ էության՝ անհուսալի եւ անելանելի մի փակուղու մեջ հայտվածի միտք ասաց. - Թուրքին մենք հեչ բան էլ չենք կրնա էնե: Մե թիզմ հող չէ, մե մազմ էլ չենք կըրնա ինորից պոկե: Թուրքի դեմը հայը հինգ տարեկան էրեխուց էլ է թուլ: Թուրքը հայի խայսաթը լավ առել է, էդոր համար էլ ատամներըս հաշվել է: Թուրքը հայի քթից բռնած ուր ուզենա, ինչըղ ուզենա, էնպես էլ կտանի: Հայը իրա գլխուն թուրքի երեկվա բերածը էսօր կմոռանա, հենց որ թուրքն ըսավ, թե «հաջատս խիյար է», աղը կառնի ու կվազե: Ես շատ մարդ եմ տեսել, շատ բան եմ տեսել: Հըլը մե տեսնեիք, թե ըստեղ, սաղ քաղաքը ինչըղ մատի վրա կխաղցնեին, հայերի ձեռով հայերին թալնել, մատնել ու սպանել կուտային: Չէ, հայը թուրքի խելքը չունի, հայը թուրքի հետ ոտք չի կըրնա քցե: Հանկարծ էդ գիր, գրագիտության վրա ինամ չերթաք: Էդոնք հեչ կապ չունին կյանքի հետ: Թուրքի խելքը տվածուրիկ է: Հայը թուրքին միշտ էլ կխաբվի ու տուժած դուս կուգա: Հըլը որ սաղ մնա, խեր է: Հայի համար ամենաճիշտը թուրքից հեռու մնալն է, հետը գործ չունենալը: Այ հիմի հայի համար ամենալավ վիճակն է, որ թուրքի հետ չի շփվի: Հըմը շփվանք, էլի կտուժենք: Հետեւելով ժանրի կանոններին, այժմ էլ ասենք. «անցան տարիներ…»: Այո, անցան տարիներ, եւ «դժբախտ հայուն» բախտ վիճակվեց կրկին շփվել իր անբաժան հարեւանի հետ: Մենք ի նկատի ունենք մեր արեւմտյան հարեւանին` եղբայրներից ավագագույնին: Ասում են, թե առկա է բավականին աշխույժ ապրանքաշրջանառություն մեր եւ Թուրքիայի միջեւ: Թուրքական ապրանքի, իրոք, կարելի է հանդիպել մեզ մոտ բավական հաճախ: Դատելով Թուրքիայից եկող տեղեկատվությունից, ակամա սկսում ես ենթադրել, որ մեր կողմից հարեւան երկիր արտահանվող հիմնական ապրանքատեսակը դա հայ մարմնավաճառներն են: Որոնց քանակն ու որակը այնպիսիք են, որ հարցը դարձել է նույնիսկ այդ երկրում խորհրդարանական լսումների առարկա: Երեւի Հայաստանի որոշ կանանց հանգիստ չեն տալիս թուրքական գլխավոր «մամա Ռոզայի»՝ հայազգի Մաթիլդ-խանումի տռփահոտ դափնիները: Հայ-թուրքական հարաբերությունների քաղաքական թատերաբեմում մոտ երկու տասնամյակ տեւող խուլ դիմագրավման պատն ի վերջո ճեղքվեց ու փլվեց՝ շնորհիվ հայկական կողմի արմատական ու չլսված նորամուծությանը համաշխարհային դիվանագիտության ասպարեզում: Խոսքն այսպես կոչված «ֆուտբոլային» դիվանագիտության մասին է: Որի արդյունքը եղավ այն, որ Ցյուրիխում, սեղանից միս թրցրած կատվի նմանվող Ահմեդ Դավութօղլույի ժպիտի ներքո, Խավյեր Սոլանան բռնեց ու քաշեց մեր սփրթնած գլխավոր դիվանագետի թշերից, իսկ թուրքական ղեկավարությունն էլ՝ մեր բոլորիս քթից բռնած, արդեն երկու տարի էլ մեզ ազգովի տանում է հայ-թուրքական արձանագրությունների միայն իրենց հայտնի լաբիրինթոսներով: Այսինքն, մենք որքան էլ ինքներս մեզ խոստանանք եւ երդվենք, որ «այս անգամ» թուրքերի հետ էլ չենք հարաբերակցվի «նախորդ անգամների նման, էլ չենք կրկնի անցյալի սխալները», միեւնույն է, արդյունքում Թուրքիան մեզ հետ հենց հիմա էլ վարվում է այնպես, ինչպես վարվել է միշտ: Իրոք որ, կարծես հիպնոսացրած ու մեր քթից բռնած: Լավ, ընդունենք որ հայ դիվանագիտական միտքը դեռեւս իր վերջին խոսքը չի ասել, իսկ երիտասարդ հայկական դիվանագիտական դպրոցն էլ դեռեւս չի կայացել: Եւ հուսանք, որ մեծ տերություններ կոչված քեռիներն այս անգամ չեն մատնի մեզ հոշոտման, եւ մերօրյա Նելիդովն էլ այլեւս չի քաջալերի. «Կոտորեցեք, Ձերդ Գերազանցություն, կոտորեցեք»: Հա, ամենակարեւորը. Մենք էլ այնքան խելք պետք է ունենանք, որ չհայտնվենք հերթական անգամ հերթական մորթարանում: Իսկ կունենա՞նք արդյոք: Դա է հարցերից գլխավորն ու գերագույնը: Եկեք մի պահ հանգիստ թողնենք, ինչպես մերօրյա վերլուծաբան ու քաղաքագետ կոչվողները կասեին` «գլոբալ» հարցերը, եւ անդրադառնանք ավելի պարզունակ, ամեն մեկիցս կախված մի հարցի: Խոսքը հայերի կողմից Արեւմտյան Հայաստանը որպես զբոսաշրջիկ այցելելու մասին է: Ճշտենք մեկ անգամ եւս. խոսքը չի վերաբերում կոմերցիոն, զուտ մասնագիտական, տարածաշրջանային եւ նմանատիպ բնույթի այլ այցելություններին: Խոսքը 1915-1923 թվականների ընթացքում հայաթափված եւ մեզանից խլված հայկական տարածքները հայերի կողմից որպես հայ զբոսաշրջիկ այցելելու մասին է: Ես դիմում եմ բոլոր նրանց, ովքեր եղել են Թուրքիայում այդ կարգավիճակում, բացատրեն, թե ինչ ոգեւորություն, հատկապես ինչ դրական զգացմունքներ են իրենց համակել, երբ կանգնել են ավերված ու անարգված հայկական որեւիցե հուշակոթողի առաջ, եւ հատկապես, ինչը շատ հաճախ է լինում, գնացել ու կանգնել են իրենց պապենական տան դռան առաջ: Մեր կարծիքով, դա այն դեպքն է, երբ քո հոժար կամքով դու քո տոհմիդ ու ազգիդ անարգողին ու կոտորողին իր ուզած փողն ես տալիս, որ նա իր ուզած ձեւով քեզ նույնպես ենթարկի անարգանքի, հոգեւոր կտտանքի ու ծանակի: Իսկ մի պահ գուցե մեզ ստիպենք մտածել նաեւ այն մասին, թե ով ենք եւ ինչ ենք անձամբ մենք եւ ամբողջ մեր ազգն այդ թուրքի, կամ քրդի աչքերում: Սա հարցի զուտ մարդկային, հոգեւոր կողմն է: Բայց չէ որ նման քայլերով՝ գնալ, տեսնել, լացել, հետ գալ, առաջին հերթին հենց մենք ենք օրինականացնում այդ բռնազավթումը, օրինականացնում այն ամենը, ինչը պատճառ հանդիսացավ հայկական տարածքների հայաթափմանն ու բռնազավթմանը: Թուրքը իրոք, մեր «խասյաթը լավ առել է» եւ իր ուզածն անում է՝ մեր ձեռքով, մեր միջոցով: Եթե այդ տարածքները մեզ համար ընդամենը տուրիստական վայրեր են, ինչպես, ասենք, Աֆրիկայի սավաննաները, եկեք ազգովի, ի լուր աշխարհի հայտարարենք, որ մենք այդ տարածքների հանդեպ որեւիցե պահանջ չունենք եւ համարում ենք դրանք թուրք պետության եւ իր ժողովրդի օրինական սեփականությունը: Դա շատ անգամ ավելի ազնիվ կլինի, քան նման լացակումած ու ինքնաստորացնող այցելություններով ուղղակիորեն աջակցել Թուրքիայի կողմից հենց քո դեմ տարվող այսօրվա (եւ ամենօրյա) քաղաքականությանը, աջակցել, նաեւ քո հաշվին, նրա թույլ զարգացած շրջանների զարգացմանը: Թուրքին եթե ձեռնտու չլիներ, եթե նա հայից գոնե մի չնչին վտանգ զգար` այդ հողերը հետ բերելու ձգտման առումով, ոչ թե հայկական տուրիստական խմբեր, այլ հայի շուքն անգամ այդ տարածքներում չէր երեւա: Ոնց որ չի երեւացել տասնամյակներ շարունակ: Այս պահով այդ ամենի ապոֆեոզը, անկասկած, աշնանը նախատեսվող պատարագն է Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցում: Ասում են, Վան քաղաքում ոչ միայն հյուրանոցներում, այլ նույնիսկ սեփական տներում անգամ բոլոր տեղերն արդեն պատվիրված են: Էլ ոնց կլինի, էլ ով ունի: Հայերը պատարագի են գնալու Ախթամարա Սուրբ Խաչ եկեղեցի: Որն այսօր կոնֆեսիալ որեւիցե պատկանելություն չունի: Որի գլխին մինչ օրս դեռ խաչ չկա տեղադրած: Այդ օրն էլ կարող է դնեն, կարող է ոչ: Դնելու դեպքում էլ, կարող է թողնեն, կարող է ոչ: Ինչպես որ իրենց ձեռնտու լինի: Իսկ հայերի մոտ այնպիսի ոգեւորություն ու իրարանցում է սկսվել, ասես Վանն ու ամբողջ Վասպուրականն ազատագրվել է, եւ ի նշանավորումն այդ հաղթանակի մնացել է միայն համազգային պատարագի մատուցումը Վանա լճի կղզու վրա: Դե լավ էլի: Երբ ենք, ի վերջո, հրաժարվելու այդ թատերականացված, բուտաֆորային հայրենասիրությունից` «այստեղ եղանք, այնտեղ եղանք, էս բան տեսանք, էն բան տեսանք, նկարվեցանք, հող բերեցինք»: Դե, թուրքն էլ, իրոք, շատ լավ գիտի, որ էդ մի բուռ հող տանելը հայի համար մի ամբողջ նահանգ հետ գրավելուն հավասար մի բան է: Նա այդքանով էլ լիուլի բավարարվում է: Եւ վարպետորեն ստեղծում է պայմաններ, երբ մեզ թվում է, թե մենք մեր ուզածն ենք անում, բայց իրականում թուրքի ցանկացածն ենք անում, իր ուղղորդմամբ ենք գործում: Մենք ամենեւին կոչ չենք անում վերադառնալ «Նեմեսիս» օպերացիայի ժամանակներին, բայց պապենական կոչվող այդ հողերն այցելել որոշում կայացնելուց առաջ վատ չէր լինի մի հատ էլ պարզել, թե ուր ես գնում եւ ինչի ես գնում: Հավատացեք, գիտեմ զգալի թվով ծագումով արեւմտահայեր, որոնք սկզբից ոգեւորվել են Էրգիր գնալ-այցելելու հնարավորության հեռանկարով, բայց հետո մի տեսակ «սառել» են: Եւ առանց երկար-բարակ բացատրությունների միայն ասել են. «չե, չեմ կարող…»: Ես կցանկանայի իմ բոլոր հայրենակիցներին դիմել նաեւ մեկ այլ հարցով. «իսկ ինչ կլինի որ, եթե մենք ազգովի, բացառությամբ թուրքահայության, հենց ցուցադրաբար բոյկոտենք թուրքական իշխանությունների կողմից շատ հստակ նպատակներով կազմակերպված քաղաքական այդ շոուն, որին որոշել են անվանել պատարագ: Եւ դրանով իսկ հասկացնենք, որ մենք այդ «կուտը չենք ուտի», եւ հենց եւ զուտ մեր հուշակոթողներին տեր կանգնելու առումով մեկ եկեղեցական կառույցի կիսատ-պռատ վեականգնումը տեսնելով, չենք մոռանա եւ չենք ների, օրակարգից չենք հանի մյուս հարյուրավորների պղծումն ու ավերումը: Պահ է, էլի: Եկեք բաց չթողնենք, եւ միաժամանակ ինքներս մեզ ապացուցենք, որ հոդվածի սկզբում անցած դարասկզբի արհավիրքներն անցած անձի կողմից հայերին տված բնութագիրն ու նկարագիրը այսօր կարող են եւ հանկարծ իրականությանը չհամապատասխանել: ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: