Monday, August 2, 2010

Ֆուտբոլային հավաքները որպես պանթյուրքիստների հակաիրանական գործունեության հարթակ

Panorama.am. 2-8-2010- Թավրիզում կայացած ֆուտբոլային հավաքի ժամանակ պանթյուրքական ծայրահեղական խմբերն իրենց սադրիչ գործողություններով քաղաքում անկայունություն են առաջացրել, որին միջամտել են ոստիկանական ուժերը: Այդ մասին հայտնում է իրանական «մաշրեղնյուզ.իռ» կայքը: Ըստ հաղորդագրության` Իրանի ֆուտբոլային կոմիտեն վճիռ էր կայացրել, որպեսզի Թեհրանի և Թավրիզի ֆուտբոլային ընկերական հանդիպումն անցնի առանց երկրպագուների: Սակայն պանթյուրքիստները վիճարկելով կոմիտեի կայացրած վճիռը`երկրպագուների շրջանում սադրանքներ են կազմակերպել և հրահրել անկարգություններ: Քաղաքում կայունություն հաստատելու համար միջամտել են ոստիկանական ուժերը: Նշենք, որ վերջին շրջանում պանթյուրքական ծայրահեղական խմբավորումներն ակտիվացրել են իրենց հակաիրանական գործողությունները ` նմանատիպ ֆուտբոլային հավաքներն օգտագործելով որպես հակակառավարական գործողությունների հարթակ: Իրանական «սավալանսեսի.քոմ» կայքի փոխանցմամբ` անցյալ ամիս Թավրիզի և Էսֆահանի ֆուտբոլային թիմերի հանդիպման ժամանակ պանթյուրքիստները ևս անկարգություններ էին հրահրել: Ելնելով վերոնշյալ խնդիրներից` Իրանի հատուկ ծառայություններն ու անվտանգության ուժերը առանձնահատուկ ուշադրություն են ցուցաբերում վերոնշյալ հյուսիսային նահանգների անվտանգության և կայունության ապահովմանը: Միայն վերջին 2 ամսվա ընթացքում երկրի ազգային անվտանգությանը սպառնալու մեղադրանքով Իրանի հատուկ ծառայությունները ձերբակալել են ավելի քան 50 իրանցի թյուրքախոս ազերիների:

No comments: