Wednesday, August 11, 2010

«Ազատության նավատորմ». Թուրքիան հերքում է ամեն ինչ

News.am. 11-8-2010- Իսրայելը պետք է պատասխանատվության ենթարկվի «Ազատության նավատորմի» վրա հարձակվելու համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Նա հերքել է մեղադրանքները, թե իր երկիրը աջակցել է «Ազատության նավատորմին», որը մեկնում էր Գազայի հատված: Բելգիայի ԱԳՆ ղեկավար Սթիվեն Վանակերեի հետ համատեղ մամուլի ասուլիսում Դավութօղլուն հայտարարել է, թե «Իսրայելը պետք է պատասխանատվության ենթարկվի` բաց ծովում անմեղ խաղաղ մարդկանց սպանության համար, այլ ոչ թե մեղադրի Թուրքիային»: Նշենք, որ իսրայելական անկախ հանձնաժողովում կայացած լսումներում վարչապետ Բենյամին Նաթանյահուն մեղադրել էր Թուրքիային` հակամարտությունն իր շահերին ծառայեցնելու մեջ: Հիշեցնենք, որ մայիսի 31-ին իսրայելական զինվորականները հարձակվել էին «Ազատության նավատորմի» վրա, որը մարդասիրական բեռներ էր տեղափոխում Գազայի շրջափակված հատված: Հարձակման արդյունքում զոհվել էր 9 հոգի: Իսրայելը անկախ հանձնաժողով է ստեղծել միջադեպի մանրամասները քննելու համար: Օրերս մի հանձնաժողով էլ ստեղծել է ՄԱԿ-ը, որի կազմում ընդգրկված են Նոր Զելանդիայի նախկին վարչապետ Ջեֆրի Փալմերը, Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեն, եւ մեկական ներկայացուցիչներ Իսրայելից ու Թուրքիայից:

No comments: