Հարցազրույց Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանի հետ
-Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Կոսովոյի անկախությունը: Ձեր կարծիքով` Կոսովոյի նախադեպն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԼՂ խնդրի վրա: Արդյոք սա նշանակում է, որ ԼՂ խնդրում Հայաստանի դիրքերն էլ ուժեղացան:
-Ես այսպես կձեւակերպեի. մեզ համար նպաստավոր միջավայր է ստեղծվել առավել արդյունավետ կերպով առաջ մղել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը:
Իսկապես, մեր դիվանագիտությունը պարտավոր է օգտվել այս պատեհ առիթից եւ բազմապատկել ջանքերը համապատասխան կազմակերպություններում եւ մայրաքաղաքներում ներկայացնելու, որ Լեռնային Ղարաբաղը ունի նույնքան հիմքեր ճանաչվելու անկախ, որքան Կոսովոն: Արդեն բազմիցս ասվել է, որ իրավական այլ նշանակություն միջազգային դատարանի որոշումը չունի, սակայն քաղաքական նշանակությունը բավարար է, որպեսզի առնվազն արտաքին քարոզչական դաշտում մենք կարողանանք բեկում ապահովել: Կարծում եմ, որ ժամանակն է, որ ՀՀ արտաքին գերատեսչությունը հաշվետու լինի Հայաստանի ժողովրդին, թե ինչպես է օգտվել այս իրավիճակից, ինչ քայլեր է ձեռնարկել միջազգային հարթակներում ղարաբաղյան հարցը հայանպաստ ներկայացնելու ուղղությամբ` հաշվի առնելով Հաագայի դատարանի Կոսովոյին որոշման նախադեպը:
-Վերջերս եռանախագահները հայտարարություն տարածեցին` դժգոհելով ԼՂ խնդրում երկու երկրների իշխանությունների պասիվությունից: Ի՞նչ էր սա նշանակում: Արդյոք կստիպեն կողմերին ավելի արագ աշխատել` համաձայնության գալու շուրջ:
-Կարծում եմ, որ համանախագահներն էլ հասկանում են, որ բանակցությունները փակուղում են, եւ լրացուցիչ քայլեր են պետք խաղաղ գործընթացը տեղից շարժելու համար: Ի տարբերություն անցած տարվա բազմաթիվ հանդիպումների եւ ակտիվ շփումների, այս տարի միայն երկու հանդիպում է տեղի ունեցել Սարգսյան-Ալիեւ մակարդակով: Հաջորդ հանդիպումը չի էլ նշմարվում, կողմերի, համենայդեպս հրապարակային, արտահայտվող դիրքորոշումները բեւեռացված են եւ այս հանամանքը մեծապես ազդում է ողջ տարածաշրջանի վրա: Այսօր, փաստորեն, որեւէ զարգացում չկա, որեւէ ուղղության վրա չկա որեւէ առաջխաղացում` լինի դա հակամարտությունների կարգավորում, տարածաշրջանային համագործակցություն, սահմանների ապաշրջափակում, ժողովրդավարություն, թե տնտեսական զարգացում: Բնական է, որ միջազգային հանրությունը հայտնում է անհանգստություն եւ մասնավորապես համանախագահները փորձ են անում կողմերին մեղադրել դրական տեղաշարժ գրանցելու համար անհրաժեշտ քաղաքական կամքի բացակայության մեջ: Միեւնույն ժամանակ համոզված եմ, որ կարգավորման գործընթացում հիմնական զարգացումները տեղի են ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափից դուրս` այլ ատյաններում: Այսօր Ադրբեջանը, օգտվելով Թուրքիայի աջակցությունից, մեծ ջանքեր է գործադրում Հայաստանի դեմ միջազգային փաստաթղթեր ընդունելու ուղղությամբ: Ցավոք, վերջին շրջանում այդ աշխատանքները եղել են բավականին արդյունավետ:
-Իշխանությունները ողջունեցին Կոսովոյի անկախության ճանաչման մասին Հաագայի դատարանի որոշումը, սակայն նրանք չեն շտապում ճանաչել Կոսովոյի անկախությունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ փաստը:
-Որպես անհետեւողականության եւ անվստահության հերթական դրսեւորում: Եթե չես անելու հաջորդ, տրամաբանական քայլը` էլ ի՞նչ անհրաժեշտություն կար նման քարոզարշավ սկսել թե սեփական երկրում եւ թե ԱԳՆ մակարդակով: Ունեմ մտավախություն, որ դիվիդենտներ քաղելու փոխարեն մենք կարուստներ կունենանք: Այսպես, պաշտոնական Երեւանը չի կարողանալու ձեւավորել համապատասխան հասարակական կարծիք Ղարաբաղի վերաբերյալ, չի կարողանալու անգամ գնալ Կոսովոյի անկախության ճանաչմանը, դրանով հանդերձ մեր հակառակորդներին ի ցույց դնելով մեր անկարողությունը օգտվել մեզ համար նպաստավոր զարգացումներից: Այս պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան կփորձեն չեզոքացնել Կոսովոյի վերաբերյալ դատարանի որոշման հետեւանքները եւ կկրկնապատկեն ճնշումները Հայաստանի նկատմամբ: Միջազգային մակարդակում թուլության դրսեւորումը չի մնա անհետեւանք: Եթե մենք չէինք անելու որեւէ քայլ դատարանի վճռից հետո, իմաստ չկար նման քարոզչական աղմուկի:
-Վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է նաեւ ՌԴ-ի հետ մեծ պայմանագրի վերանայման եւ ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազաների ժամկետների երկարաձգման հարցը: Ինչպես եք վերաբերում Հայաստանում ՌԴ ռազմակայանների տեղակայման ժամկետների երակարաձգմանը:
-Ձեռնպահ կմնամ վերլուծելու փաստաթուղթը մինչեւ պայմանագրի դրույթներին ծանոթանալը: Միեւնույն ժամանակ կարծում եմ, որ մեծ անհրաժեշտություն պայմանագրի երկարաձգման չկար, քանի որ գործողն էլ նախատեսում է 25 տարվա ժամկետ ՌԴ ռազմաբազայի` Հայաստանում գտնվելու համար: Կասկած ունեմ, որ սրանով ՀՀ իշխանությունները վարձահատույց են լինում անցած տարի Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրված 500 մլն դոլար վարկի /որը բարձր տոկոսադրույքով է տրված մեզ/ համար, որովհետեւ այլ պատճառներ երկարաձգելու ժամկետը ես չեմ տեսնում: Առանց դրա էլ Հայաստանի անվտանգության ապահովման մեջ ՌԴ դերը բավականին բարձր է` այն նախատեսված է թե 1996 թ. ստորագրված հայ-ռուսական մեծ պայմանագրով եւ թե ՀԱՊԿ շրջանակներում ընդունված բազմակողմ փաստաթղթերով:
Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ
No comments:
Post a Comment