
Panorama.am- 11-8-2010- Ադրբեջանցի պաշտոնյայի դուստրը, որ Լոնդոնում ապրում էր հայ տղայի հետ, հարկադրաբար բերվել է Բաքու: «Ենի Մուսավաթ»-ի աղբյուրներից մեկը թերթին հայտնել է, որ աղջիկը խիստ հսկողության տակ պահվում է Բաքվի մերձակա գյուղերից մեկում գտնվող հորը պատկանող ամառանոցում:
Անցյալ շաբաթ թերթը հայտնել էր, որ Ադրբեջանի նախարարներից մեկի` Լոնդոնում սովորող դուստրը սիրավեպ է սկսել ազգությամբ հայ տղայի հետ, ինչը դժգոհություն էր առաջացրել Բաքվի վերնախավի շրջանակներում: Արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովը և ուժային մեկ այլ նախարար դիմել էին երկրի ղեկավարին, որպեսզի վերջինս վերջնագիր ներկայացնի այդ նախարարին և պահանջի աղջկան անհապաղ վերադարձնել Ադրբեջան: Նրանք աղջկա արարքը որակել էին որպես Ադրբեջանի ժողովրդին հասցված վիրավորանք, պատվազրկություն, բիծ և խայտառակություն: Սակայն աղջկան տուն վերադարձնելու նախարար հոր ջանքերն ապարդյուն էին, քանի որ դուստրը հրաժարվել էր կատարել հոր պահանջը` ասելով, որ ինքն ազատ է իր սիրեցյալի ընտրության մեջ: Գործին խառնվել է Ք. Հեյդարովի` Լոնդոնում ուսանող որդին` Թալեհ Հեյդարովը, ով նաև Եվրոպայում ադրբեջանական համայնքի ղեկավարն է: Թալեհ Հեյդարովն իր 12 ընկերների հետ Լոնդոնի ռեստորաններից մեկում փորձել է ծեծել նախարարի աղջկա հայ սիրեցյալին, ինչն այնտեղ լուրջ սկանդալի է հանգեցրել: Թերթը միաժամանակ նշում է, որ իրենք հստակեցրել են այս տեղեկությունը և ունեն այդ միջադեպի ականատես բոլոր 12 ադրբեջանցի ուսանողների ցուցակը:
«Հավանաբար, ադրբեջանցի նախարարին ի վերջո հաջողվել է աղջկան հարկադրաբար բերել Բաքու: Հարցի հետաքրքրքական կողմն այն է, որ չնայած այս պատմության շուրջ բարձրացած աղմուկին` ոչ ոք հարցի հետ կապված որևէ պաշտոնական հայտարարություն չի արել», -գրում է «Ենի Մուսավաթ»-ը:
No comments:
Post a Comment