Saturday, August 7, 2010

Էրդողանը զանգել ու ցավակցել է Պուտինին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ եւ իր ցավակցություններն է հայտնել Ռուսաստանում անտառային հրդեհների հետեւանքով զոհերի կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է ՌԴ կառավարության լրատվական ծառայությունը, զրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ: Էրդողանն իր համերաշխությունն ու աջակցությունն է փոխանցել ռուսաստանցիներին, ովքեր այս տարի բախվել են անբնական շոգ եղանակի: Նա նշել է, որ Թուրքիան «ավելի լավ, քան որեւէ մեկը» հասկանում է այն դժվարությունները, որոնք ծագել են անտառային հրդեհների դեմ պայքարելիս, քանի որ Թուրքիան, ըստ էության, ամեն ամառ բախվում է այդ խնդրին: Թուրքիայի կառավարության ղեկավարը նաեւ հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտ օգնություն տրամադրել Ռուսաստանին: Պուտինն իր երախտագիտությունն է հայտնել այդ առաջարկի համար: ՌԴ ԱԻՆ տվյալներով, 2010-ի օգոստոսի 6-ի դրությամբ, անտառային հրդեհների մակերեսը կազմել է 179 հազար 595,5 հա: Ներկայումս Ռուսաստանում արձանագրվել է անտառային հրդեհների 831 օջախ, այդ թվում 42-ը տորֆային: Աղետի զոհ է գնացել 50 մարդ: Ուկրաինայի, Հայաստանի, Ադրբեջանի հրշեջները արդեն մեկնել են օգնության:

No comments: