«Իրանահայեր», 30.08.2010: Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի ներկայացնելիք բանաձևի նախագիծը` ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, Հայաստանի և Արցախի վրա ազդեցություն չի ունենա: Նման համոզմունք է հայտնել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը` արձագանքելով արցախցի ուսուցիչներից մեկի անհանգստությանը:
Ստեփանակերտի թիվ 11 դպրոցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից ուսուցիչների մեկը, մասնավորապես, հետաքրքրվել է ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրը ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում շահարկելու, այդպիսով` կարգավորման ներկայիս ձևաչափը խեղաթյուրելու Ադրբեջանի քաղաքական ուղեգծից:
Այս կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Այո, հավաստի տեղեկություններ կան, որ ադրբեջանցիները ՄԱԿ-ի գլխավոր նստաշրջանի քննարկմանն են ներկայացնելու մի բանաձև (ամենայն հավանականությամբ սեպտեմբերի 9-ին), որի ընդունվելը կամ չընդունվելը չի կարող էական ազդեցություն ունենալ Արցախի և Հայաստանի ոչ քաղաքական, ոչ տնտեսական կյանքում, ոչ էլ անվտանգության բնագավառում: Այդ բանաձևին, հավանաբար, կողմ կքվեարկեն մի քանի տասնյակ երկրներ: Թերևս, այն երկրները, որոնք մշտապես համերաշխություն են ցուցաբերում Ադրբեջանի հետ. առաջին հերթին, դրանք Իսլամական կոնֆերանսի կազմակերպության երկրներն են: Բայց վստահ եմ, որ բոլոր այն երկրները, որոնք ցանկանում են, որպեսզի այդ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով, դեմ են քվեարկելու այս բանաձևին: Առնվազն, գոնե ձեռնպահ են մնալու, որովհետև նրանք շատ լավ գիտակցում են, որ այդպիսի բանաձևերի ընդունումը չի կարող որևէ դրական ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա»:
Շարունակելով խոսքը` հանրապետության ղեկավարը հավելել է. «Երկրորդ հանգամանքը` կարծում եմ, որ շատ շատերի համար պարզ է, որ Ադրբեջանը հերթական անգամ կոպիտ սխալ է թույլ տալիս, և այդ կոպիտ սխալը մենք պետք է օգտագործեք մեր նպատակներին հասնելու համար: Ակնհայտ է, որ մեր կողմից ևս քայլեր կլինեն, և այդ քայլերը մեզ կմոտեցնեն մեր նպատակին»:
Monday, August 30, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment