Wednesday, August 25, 2010

Թուրքական շոու Ախթամարի շուրջ

«News.am», 25.08.10: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը լրջորեն ազդեց համաշխարհային տուրիզմի վրա, սակայն ճգնաժամի ազդեցությունը չերեւաց հոգեւոր տուրիզմի վրա։ Այս համատեքստում Թուրքիայի մշակույթի նախարարը ցանկանում է Թուրքիայում զարգացնել հոգեւոր տուրիզմը, այդ թվում՝ Վանի Աղթամարի կղզին դարձնել հոգեւոր տուրիզմի կենտրոն։ Այս մասին է գրում թուրքական Vatan-ը։ Աշխարհի հոգեւոր տուրիզմի միության (WRTA) տվյալների համաձայն՝ աշխարհում ամենազարգացող տուրիզմի տեսակը՝ հոգեւոր տուրիզմն է։ Ամեն 4 զբոսաշրջիկից 1-ը նախընտրում է հոգեւոր տուրիզմը։ 2010-ի առաջին 6 ամսում Թուրքիա եկած զբոսաշրջիկների 4,5 տոկոսին է բաժին ընկել հոգեւոր տուրիզմի ոլորտը։ Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը նախատեսում է մինչեւ 2012 թվականը հոգեւոր տուրիզմի ոլորտում զբոսաշրջիկների թիվը հասցնել 3 մլն-ի։ Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարը մշտապես կարեւորել է հոգեւոր տուրիզմի զարգացումը եւ նշել, որ այդ նպատակով եկածները ավելի շատ են ծախսում, քան ծովային հանգիստ նախընտրողները։ Այս համատեքստում, Թուրքիան կարեւորում է առաջիկա սեպտեմբերի 19-ին Վանի Աղթամար կղզու Ս. Խաչ եկեղեցու վերաբացումը կրոնական արարողությունների համար, նրա գմբեթին խաչի տեղադրումը եւ այնպիսի ծրագրի մշակում, որը կապահովի հայ ուխտավորների շարունական այցը Վան։ Թուրքիայի ճամփորդական գործակալությունների միության Վանի տարածաշրջանի ղեկավար Աբդուլլահ Թունչդեմիրը նշել է, թե Վանի զարգացման միակ ճանապարհը հոգեւոր եւ մշակութային տուրիզմի զարգացումն է եւ ավելացրել, որ Վանի շրջանում բազմաթիվ հայկական պատմական վայրեր կան։ Թունչդեմիրը Վանի շրջանը տուրիզմի դրախտ դարձնելու եւ պատմական հուշարձանները հայերին ներկայացնելու համար անհրաժեշտ է համարել դրանց վերականգնումը։ Ի դեպ, Վանի նահանգապետը սեպտեմբերի 19-ի Աղթամարի Ս.Խաչի վերաբացումը պատշաճ իրականացնելու,Վան ժամանած հայազգի հյուրերին դիմավորելու ու ճանապարհելու հետ կապված հրամանագիր է ստորագրել, որի օրինակներից մեկն ուղարկվել է Պոլսո Հայոց պատրիարքարան։ Վանի նահանգապետի հրամանագրում նշվում է, որ հատուկ սեպտեմբերի 19-ի համար հանձնաժողով է ստեղծվել, որը կզբաղվի կազմակերպչական աշխատանքներով։ Բացի այդ, հրամանագրում նշված են նաեւ Վանի տարբեր հաստատություններին պատկանող հյուրատներում սեպտեմբերի 18-20-ին մնալու արժեքները, ինչպես նաեւ Վանի շրջանում տուրերի արժեքները։ Նշենք, որ Մայր աթոռ Էջմիածինը որոշել է պատվիրակություն ուղարկել Աղթամարի Ս. Խաչի վերաբացմանը։ Իր հերթին, հանրային խորհուրդը հայաստանցիներին խորհուրդ է տվել չմասնակցել թուրքերի կազմակերպած շոուին։ Հասարակության մեջ Աղթամարի բացմանը մասնակցելու հարցում կարծիքները տարբեր են։ Օրինակ՝ թուրքագետ Արտակ Շաքարյանը պնդում է, որ պետք է օգտագործել նախադեպը՝ ապագայում Թուրքիայում տեղակայված հայկական մյուս եկեղեցիների վերաբացման եւ դրանցում ծիսակատարությունների անցկացման հարցը հասունացնելու նպատակով: Արթուր Հակոբյան

No comments: