Saturday, August 21, 2010

Մոսկվայի նպատակը Կովկասում միանձնյա հեգեմոնիա հաստատելն է. Արիել Քոեն

Tert.am, 20.08.10- Մոսկվան օգտագործում է իր աշխարհաքաղաքական գործիքների ողջ զինանոցը, որպեսզի փոխի ուժերի հարաբերակցությունը Հարավային Կովկասում։ Այդ մասին գրում է Ռուսաստանի և Եվրասիայի հարցերով «Ժառանգություն» հիմնադրամի (Heritage Foundation) առաջատար փորձագետ Արիել Քոենը Washington Times-ում հրապարակված հոդվածից։ Փորձագետը ներկայացրել է իր տեսակետը, թե տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի վրա, ընդհանուր առմամբ, և ԱՄՆ շահերի վրա, մասնավորապես, ինչպես կանդրադառնա Մոսկվայի կողմից զենիթահրթիռային С-300 համակարգի տեղակայումը Աբխազիայում և Գյումրիի ռուսական ռազմական բազայի գործողության ժամկետների երկարաձգումը։ Փորձագետի կարծիքով՝ դա կհանգեցնի նրան, որ Հարավային Կովկասի և սևծովյան հատվածի օդային տարածքի մի մասը կանցնի Ռուսաստանի վերահսկողության տակ։ «Օբամայի վարչակազմի պատասխանն այս առնչությամբ շատ թույլ է։ Մինչ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ողջունում է Կովկասում «մեղմ ուժի» քաղաքականությունը, Մոսկվան ռազմավարական նշանակության այդ գոտում ռազմաքաղաքական ուժի վրա հիմնված դասական քաղաքականություն է վարում»,–կարծում է Քոենը։ Ըստ նրա՝ Մոսկվայի վերջնական նպատակը Հարավային Կովկասում միանձնյա հեգեմոնիան է. «ԱՄՆ ներկա քաղաքականությունն անխուսափելիորեն կհանգեցնի Եվրասիայում Ամերիկայի ազդեցության վախճանին. տարիներ կպահանջվեն, եթե ոչ տասնամյակներ, այն վերականգնելու համար»։

No comments: