Thursday, August 12, 2010

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՇՐՋԱՆ

«Լրագիր» 12-8-2010- Ռուսական ազդեցության մունետիկները աղմուկ են բարձրացրել առ այն, թե Հայաստանում սկսել է հակառուսական հիստերիա, եւ շատերն, այդ թվում իշխանությունը, ուզում են Հայաստանը դուրս բերել ռուսական ազդեցությունից: Մի կողմ թողնենք այն, որ այս մարդկանց ձգտումներն ու նպատակները որեւէ կապ չունեն Հայաստանի շահերի հետ, իսկ նրանց փաստարկներին արդեն ոչ ոք լուրջ չի վերաբերում, այդ պատճառով էլ նրանց հրապարակումներն ու ելույթները վեր են ածվել իսկական հիստերիայի: Գանք բուն խնդրին: Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունները յուրովի փորձել են Ռուսաստանի հետ կառուցել հավասար, գործընկերային հարաբերություն, փորձելով հավասարակշիռ քաղաքականություն վարել: Դա հիմնականում չի ստացվել մի քանի պատճառներով. Նախ, Ռուսաստանն ինքը ԱՊՀ երկրներին երբեւէ չի համարել դաշնակիցներ, այլ ընդամենը` արբանյակներ, կամ ազդեցության գոտիներ: Իսկ Հայաստանի պարագան ավելի լուրջ է` այն համարվել է ընդամենը ֆորպոստ: Երկրորդ, առավել հիմնավոր պատճառն այն է, որ Ռուսաստանի ու Հայաստանի շահերն ամենասկզբունքային հարցերում տրամագծորեն հակառակ են: Փորձագետները նշում են պատմական մի հետաքրքիր օրինաչափություն, որը հաստատում է դա` Հայաստանը “մեծացել” եւ ուժեղացել է այն ժամանակ, երբ Ռուսաստանը հեռացել է մեր տարածաշրջանից: Եւ հակառակը, վերադառնալով ու գերիշխանություն հաստատելով տարածաշրջանում, ռուսական պետությունը դա արել է հայկական խնդիրներն օգտագործելով եւ հայերի հաշվին: Ամենաթարմ օրինակը Ղարաբաղյան պատերազմն է` հայերը հաղթեցին այն ժամանակ, երբ ռուսական բանակը հեռացավ տարածաշրջանից, որը մինչ այդ Ադրբեջանի կողմից մասնակցում էր հայերի տեղահանման գործողություններին: Հայաստանի նույնիսկ ամենառուսամետ գործիչները միշտ փորձել են դուրս գալ այս “կախարդական շրջանից”: Այդ փորձը ձեռնարկեց Լեւոն Տեր-Պետրոսյանը 90-ականներին: Այդ փորձը ձեռնարկեցին Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը: Նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը, որքան էլ տարօրինակ հնչի, փորձում էր փոխել իրավիճակը, սակայն 2007 թ. խորհրդարանի ընտրությունը ի չիք դարձրեց դա: Փորձո՞ւմ է արդյոք Սերժ Սարգսյանը, որը հենց այդ ալիքի վրա “վերցրեց” խորհրդարանը ու եկավ իշխանության: Թերեւս, այո: Համենայնդեպս, նրա մի շարք ելույթները ապացուցում են, որ նա հասկանում է խնդրի կարեւորությունը` թույլ չտալ Հայաստանի վերջնական ֆորպոստացումը “շատ երկար տարիներ”, ինչպես ասել է արեւմտյան փորձագետ Արիել Կոենը: Ի՞նչն է խնդիրը: Իհարկե, ոչ այն, որ խնդիր է դրված երկիրը դուրս բերել Ռուսաստանի ազդեցության գոտուց, կամ հակառուսական գիծ վարել: Պարզապես, բոլորն էլ հասկանում են, որ ֆորպոստը չի կարող զարգանալ: Ֆորպոստում կարող է լինել “տնտեսական աճ”, ինչը ամենեւին չի նշանակում երկրի տնտեսական, տեխնոլոգիական զարգացում: Վերջապես, ֆորպոստի կարգավիճակը թույլ չի տալիս արդյունավետ պաշտպանել սեփական շահերը: Ռուսաստանը նման փորձերը տապալելու բավարար ռեսուրս, միջոցներ ու հնարավորություններ ունի, ինչն էլ մշտապես գործի է դրել: Սկսած գործիչների անձնական հավակնություններից, վերջացրած բազմաթիվ այլ` տնտեսական, քաղաքական, ռազմական, սոցիալական մեխանիզմներով ու սպառնալիքներով, ինչը մինչ օրս աշխատում է անվրեպ: Կարելի՞ է փոխել այս իրավիճակը: Դրա համար պետք է, որ Հայաստանի քաղաքական գործիչներն առաջնորդվեն միմիայն սեփական երկրի շահերով, “թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի” սկզբունքով: Սակայն, դատելով նրանց գործելակերպից, նրանք առաջնորդվում են “թող զոհերը լինեն մեզնից բացի” սկզբունքով: Իսկ այդպես ոչինչ չի ստացվի: ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ

No comments: