Tert.am. 2-8-2010- «Համարյա 5 տարի է անցել, ինչ ռուսական զորքերը լքել են Վրաստանի հայաբնակ Ախալքալաք քաղաքը։ Մեկ օրում գործազուրկ դարձավ ավելի քան հազար մարդ։ Վրացական իշխանությունները խոստացան աշխատանքի տեղավորել բոլորին։
Այն օրվանից, ինչ ռուսական վերջին շարասյունը Ախալքալաքից ուղղվեց հարևան Հայաստան, վրացական իշխանություններին այդպես էլ չհաջողվեց աշխատանքով ապահովել արդեն նախկին ռազմաբազայի հազար վրաստանցի աշխատակիցներից և ոչ մեկին։ Շրջանում ընդհանուր գործազրկության և սոցիալական լարվածության ֆոնին իշխանությունները մարդկանց աշխատանք են խոստացել ազգային բանակի զորամասում։ Սակայն վրացի զինվորականները այդպես էլ Ախալքալաք չեկան»,- գրում է Deutsche Welle-ն` ավելացնելով, որ վրացական իշխանությունները չկատարեցին իրենց խոստումը:
«Ախալքալաքի բնակիչ Հակոբ Խանոյանն աշխատել է ռուսական ռազմաբազայում մոտ 30 տարի: Նրա խոսքով` բազայի մոտ երեք տասնյակ նախկին աշխատակիցների հաջողվել է ինքնուրույն աշխատանք գտնել: Ոմանք աշխատանք փնտրելու համար ստիպված են եղել լքել հարազատ քաղաքը, սակայն շատերը սպասում են տրված խոստման կատարմանը»,- գրում է Deutsche Welle-ն` մեջբերելով Խանոյանի դժգոհությունը.
«Խոստացել էին մեզանից գնել կարտոֆիլ և այլ տեսակի գյուղամթերք վրացի զինծառայողների համար: Սակայն դա չարեցին: Մեր մասին ուղղակի մոռացել են»:
Ըստ Խանոյանի` թոշակի և սոցիալական նպաստների հարցում խնդիրներ են առաջանում բոլոր նրանց համար, ովքեր աշխատել են ռուսական ռազմաբազայում. եթե որևէ մեկն աշխատել է «օկուպանտների» հետ, ապա իր թոշակը պետք է նրանցից էլ պահանջի: Ողջ հույսը Ռուսաստանում, Հայաստանում և ԱՊՀ այլ երկրներում աշխատող հարազատների վրա է:
«Հակոբ Խանոյանի խոսքերին աջակցում էին Ախալքալաքի կենտրոնում հայկական եկեղեցու մոտ հավաքված բոլոր տղամարդիկ: Սակայն նրանցից ոչ մեկը չցանկացավ ներկայանալ: Քաղաքացիների խոսքով` կարող են խնդիրներ առաջանալ պետական կառույցներում աշխատող իրենց ընտանիքի անդամների համար»,- գրում է գերմանական լրատվամիջոցը:
Deutsche Welle-ն հեռախոսազրույց է ունեցել նաև Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Նալբանդովի հետ, ով ասել է, թե Սամցխե-Ջավախքում բնակվող հայ համայնքի խնդիրներից առկա են նաև Վրաստանի այլ շրջաններում:
«Սակայն, ինչպես նշում են Ախալքալաքի բնակիչները, Վրաստանի մյուս քաղաքացիները չունեն, օրինակ, ազգային դպրոցում մայրենի լեզվի և իր ժողովրդի պատմության ուսուցանման հետ կապված խնդիրներ: Վրաստանի մյուս շրջաններում չկա նաև հասարակությանն ինտեգրվելու խնդիր: Իսկ Ախալքալաքի շրջանի հայերը, որոնք կազմում են տեղի բնակչության 90%-ը, գործնականում չգիտեն պետական լեզուն` վրացերենը:
Նշելով, որ վրացական իշխանությունները դիտավորյալ չեն լուծում տարածաշրջանի խնդիրները՝ խալքալաքցիները բերում են պատգամավոր Շիրակ Թորոսյանի օրինակը: Վրացական իշխանությունները Վրաստանի հայաբնակ շրջանների խնդիրների մասին բարձրաձայնող Թորոսյանին ուղղակի արգելել են մուտք գործել Վրաստանի տարածք»,- գրում է Deutsche Welle-ն` եզրափակելով.
«Ամեն դեպքում տարածաշրջանում նկատվում են դրական փոփոխություններ: Այդտեղ ի վերջո սկսել են կառուցել բարձրակարգ ճանապարհներ, որոնք կես տարի առաջ գոյություն չունեին: Հայկական եկեղեցում, որի բակում հանդիպել էինք քաղաքացիների հետ, վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: Իսկ այդ վայրերում, ինչպես և Վրաստանի մյուս շրջաններում ավանդական համարվող կաշառակերությունը, ասում են` այլևս չկա: Մարդիկ սիրում են որպես օրինակ պատմել հյուրերին, որ վարորդական իրավունք կարելի է ստանալ 10-15 րոպեների ընթացքում` դրա համար չծախսելով «ավելորդ» փողեր»:
Monday, August 2, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment