Wednesday, August 11, 2010

Ադրբեջանին վաճառված զենքն ի վերջո կարող է ուղղվել հենց Ռուսաստանի դեմ. KMnews

Ռուսական KMnews կայքը հոդված է հրապարակել «Ռուսաստանը խորտակեց Հայաստանում Արևմուտքի ողջ ռազմավարությունը» վերնագրով, որը ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ։ Ի հեճուկս իր մրցակիցների նենգություններին՝ Ռուսաստանը շարունակում է ընդլայնել իր աշխարհաքաղաքական ներկայությունը Անդրկովկասում, որտեղ նրա հիմնական ռազմավարական դաշնակիցը մնում է Հայաստանը։ Սևաստոպոլում ՌԴ Սևծովյան նավատորմի ներկայության ժամկետի երկարաձգման բեկումնային համաձայնությունից հետո Մոսկվան մոտ է այն բանին, որ ամրապնդի իր ռազմական ներկայությունը նաև Մեծ Կովկասի ողնաշարից այն կողմ։ Ինչպես սպասվում է, օգոստոսի 19-ին Հայաստան կատարելիք պաշտոնական այցի շրջանակում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն իր հայաստանցի պաշտոնակցի հետ կստորագրի ռուս-հայկական պայմանագիր՝ 49 տարով Գյումրիում ռուսական ռազմաբազայի ներկայության ժամկետի երկարացման մասին։ Ընդ որում՝ նոր պայմանավորվածության համաձայն՝ ենթադրվում է տարածաշրջանում ռազմական անվտանգության ապահովման գծով գործառույթների ընդլայնում։ Այսպիսով, մտավախությունները, թե հայ-թուրքական հարաբերությունների նկատվող «ջերմացման» պայմաններում Ռուսաստանը կարող է կորցնել իր դիրքերը տարածաշրջանում, մեղմ ասած, չափազանցված էին։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ղեկավարության որոշ քայլեր նախկինի պես ուղղակիորեն հակասում են Հայաստանի հետ ռազմաքաղաքական գործընկերության զարգացման կուրսին և այդ ուղղությամբ Մոսկվայի ներքաղաքական գծի անհետևողականության տպավորություն են թողնում։ Խոսքը վերաբերում է ԶԼՄ-ներում հայտված՝ Ադրբեջանին ռուսական С-300 համակարգերի տրամադրման հնարավորության մասին լուրերին։ Իհարկե, կարելի է հասկանալ մեր իշխանությունների՝ առևտրային տեսանկյունից այսքան հետաքրքիր գործարքից փող աշխատելու և այդպիսով գոնե մասամբ բյուջեի վերահաս պակասուրդի պայմաններում ֆինանսական խնդիրները լուծելու ցանկությունը։ Հատկապես, որ ԱՄՆ-ն, երևում է, կարողացել է արգելակել Ռուսաստանի՝ Իրանի հետ համանման պայմանագրի իրականացումը։ Սակայն Անդրկովկասում հիմնական ռազմավարական գործընկերոջ շահերի ոտնահարման հաշվին Իրանի հարցոում կոշտ ուղեգիծը պաշտպանելու իր անկարողությունը փոխհատուցելու ձգտումն ինչ-որ շատ անհամոզիչ է թվում։ Բացի այդ, հարկ է հաշվի առնել, որ եթե Ռուսաստանը, այնուամենայնիվ, ստիպված լինի կատարել իր դաշնակցային պարտավորությունները Երևանի նկատմամբ (իսկ բազայի հարցով, պետք է հասկանալ, նոր համաձայնությունը դա մասամբ ենթադրում է), ապա վտանգ կա, որ մենք կարող են հակազդեցություն ստանալ սեփական զենքից, որն ավելի վաղ անզգուշորեն մատակարարել էինք Ադրբեջանին։ Անդրկովկասում Ռուսաստանի քաղաքականության առանձնահատկությունները մեկնաբանել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Միխայիլ Ալեքսանդրովը. «Իմ կարծիքով՝ մեր քաղաքականությունն այդ տարածաշրջանում բավականին հետևողական է։ Ի դեպ, Ադրբեջանին С-300 համակարգերի սպասվող մատակարարման մասին տեղեկությունները դեռ պաշտոնապես չեն հաստատվել։ Եվ ես չեմ կարող հաստատ ասել, որ դա ընդհանրապես տեղի կունենա։ Սակայն եթե այդ լուրերը հանկարծ հաստատվեն, ապա ես դրանում ոչ մի հատուկ հակասություն չեմ տեսնում։ Որովհետև Անդրկովկասում ռուսական քաղաքականության իմաստը Ադրբեջանի և Հայաստանի միջև ուժերի և շահերի հավասարակշռությանն աջակցելն է։ Ընդ որում, մենք համարվում ենք Հայաստանի ռազմական դաշնակիցը, մենք երբեք չենք անում այնպես, որ ուժերի ռազմական հավասարակշռությունը խախտվի, քանի որ դա կարող է հանգեցնել նոր պատերազմի»։ Մենք այժմ Հայաստանի հետ ռազմաբազայի ներկայության 49 տարով երկարաձգման մասին նոր պայմանագիր ենք կնքում։ Այսպիսով, Երևանը հաստատում է, որ այս ամբողջ ընթացքում մնում է մեր կարևորագույն ռազմավարական դաշնակիցը Անդրկովկասում։ Ընդ որում, պայմանագրում վերապահում է արվում, որ այդ բազան նախատեսվում է ոչ միայն ռուսական ազգային շահերի, այլև Հայաստանի շահերի պաշտպանության համար։ Ինչը չի եղել նախկինում, երբ 1994թ. կնքվում էր այդ համաձայնագիրը։ Այնինչ 16 տարի անց հայերը հասկացել են Ռուսաստանի հետ ռազմավարական միության կարևորությունը։ Եվ այժմ իրենք են պնդում, որ այդ կետը ներառվի համաձայնագրում։ Դա նշանակում է, որ ռուսական բազան կարող է օգտագործվել Ադրբեջանի հետ Հայաստանի հակամարտության դեպքում։ Ընդգծեմ, որ ոչ թե Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, այլ հենց Հայաստանի (եթե պատկերացնենք այնպիսի հիպոթետիկ իրավիճակ, որ Ադրբեջանը գրոհում է ոչ միայն Ղարաբաղը, այլև Հայաստանը)։ Բնականաբար, դրանով հանդերձ Անդրկովկասում խախտվում է հավասարակշռությունը։ Եվ այն ուղղելու համար ռուսական իշխանությունները պատրաստ են տրամադրել С-300 համակարգեր։ Ի դեպ, այդ մատակարարումները համարյա չեն ազդի տարածաշրջանում առկա ռազմական ուժերի հավասարակշռության վրա։ Բացի այդ, հայերը կկորցնեն Բաքուն ռմբահարելու հնարավորությունը։ Բայց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության համար դա ամենակարևորը չէ։ Այդ համակարգերը ավելի շուտ պետք են Ադրբեջանին Իրանի դեմ պաշտպանության և Իրանի վրա հարձակման դեպքում ամերիկյան ռազմական ինքնաթիռների հնարավոր թռիչքների համար։ Այսինքն Ադրբեջանը պետք է ունենա հակաօդային պաշտպանության համակարգ, որը թույլ կտա ապահովել իր ինքնիշխանությունը ԱՄՆ և Իրանի միջև լուրջ պատերազմի դեպքում, որպեսզի նրա օդային տարածքը այդ դեպքում չվերածվի միջանցիկ բակի (проходной двор)։ Ընդ որում, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության տեսանկյունից, ընդգծում եմ, դրանք ոչ մի դեր չեն խաղում։ Եվ երրորդ պահը։ Արևմտյան շրջանակները Հայաստանում (և նույնիսկ Լեռնային Ղարաբաղում) սկանդալ են բարձրացրել` կապված պայմանագրի երկարաձգման հետ։ Քանի որ այդ պայմանագիրը, ըստ էության, խորտակում է Հայաստանի հանդեպ ողջ արևմտյան ռազմավարությունը։ Եթե նախկինում հույս կար, որ Հայաստանում ռուսական բազաների մասին նախկին համաձայնագրի լրանալուց հետո կկայանան նախագահական ընտրություններ, և պետության նոր ղեկավարը դուրս կբերի ռուս զինվորականներին՝ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու համար, ապա հիմա այն համարյա չկա։ Որովհետև համաձայնագիրը երկարաձգվում է 49 տարով, և այն չեղյալ համարելն այնքան էլ հեշտ չի լինի։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը այդ ընթացքում ՆԱՏՕ չի մտնի։ Այսպիսով, արևմտյան դիվանագետների՝ շրջանցիկ ճանապարհով Կասպից դուրս գալու բոլոր ճիգերը ձախողվեցին։ Այստեղից էլ սկանդալը և Սարգսյանին սևացնելու, ինչպես նաև Հայաստանում պրիմիտիվ ազգայնական ալիք բարձրացնելու փորձերը։ Չեմ կարծում, որ դա կաշխատի։ Հայերը վերջին տարիներին հասկացել են, որ անկախությունը բոլոր խնդիրների դարման չէ։ Ընդհակառակը, հարկավոր է ավելի ակտիվորեն ինտեգրվել Ռուսաստանին և ԱՊՀ երկրներին»։

No comments: