Wednesday, August 11, 2010

Ալիևը կրկին պատերազմի մասին է խոսել, մեղադրել ու սպառնացել Հայաստանին

Panorama.am. 11-8-2010- «Մենք կվերականգնենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Պետք եղած ժամանակ բոլոր ռազմական կառույցները կգործեն որպես մեկ միասնական բռունցք ու կվերականգնեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Դրա համար անհրաժեշտ է ուժեղ տնտեսություն ու հզոր ռազմական պոտենցիալ»,-հերթական ռազմատենչ այս հայտարարությունը նախօրեին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների արել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` Պետական սահմանապահ ծառայության ակադեմիայի բացման ժամանակ: Ռազմատենչ հայտարարությունների սիրահար ղեկավարը չի մոռացել ավելացնել, որ Ադրբեջանը հզոր է ինչպես տնտեսությամբ, այնպես էլ ռազմական ներուժով, ընդգծել է, որ ռազմական ծախսերն իրենց ծավալով առաջին են բյուջեում: «Այդպես էլ պետք է լիներ: Մենք ապրում ենք պատերազմական պայմաններում: Պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է դրա միայն առաջին փուլը, գործում է հրադադարի ռեժիմ, բայց պատերազմը շարունակվում է: Մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք, և մենք պատրաստ ենք ազատագրել մեր օկուպացված հողերը»,-այսպես է խոսել Ալիևը, ապա ներկաներին ասել, որ Ադրբեջանի բանակն ու ռազմական պոտենցիալը թույլ կտան դա անել: Ելույթում հակառակորդ երկրի ղեկավարը խոսել է նաև ընթացող բանակցությունների մասին, ասել, որ Ադրբեջանի դիրքերը բանակցություններում ամրապնդվում են, իսկ Ադրբեջանի կառուցողական դիրքորոշումը բանակցություններում արդեն իրականություն է: «Իսկ հակառակորդ կողմը զբաղված է ժամանակի վատնումով և ուղղակի փորձում է ձախողել բանակցություններ: Բայց եթե բանակցությունները ձախողվեն, ապա կառաջանա նոր իրավիճակ ու օրակարգում խնդրի ռազմական լուծման հարց կդրվի»,-Հայաստանին ուղղված նման մեղադրանք ու սպառնալիք է հնչեցրել Ալիև կրտսերը:

No comments: