Saturday, September 25, 2010

ՌԴ ԱԳՆ աշխատակից. ԼՂ բանակցությունների սեղանին 17 սկզբունքներից բաղկացած փաստաթուղթ է

News.am. 24-9-2010- Ղարաբաղյան կարգավորման բանակցությունների ընթացքում առաջին անգամ փաստաթուղթ է հայտնվել, որի որոշ կետերի վերաբերյալ կողմերը համաձայնեցրել են իրենց դիրքորոշումները: Այդ մասին, ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Անդրեյ Կելինը:
«Բանակցությունները փակ բնույթ են կրում, եւ մանրամասների մեջ չենք տարածվում: Այդ մանրամասների մասին ավելի լավ է չխոսել; Բայց առաջին անգամ կա փաստաթուղթ, որտեղ սկզբունքների փաթեթ կա: Դրանք մոտ 17-ն են: Դրանց մի մասը գործնականում համաձայնեցված են, բայց կան եւ այնպիսիք, խորքային, որոնց վերաբերյալ հիմնարար տարաձայնություններ կան: Եւ առայժմ դրանց շուրջ համաձայնություն հասնել չի հաջողվում: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ այդ սկզբունքներն իսկապես շատ քիչ են: Եւ եթե քաղաքական կամք լինի, փոխզիջման հասնելը հեշտ կլինի»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ աշխատակիցը:
Անդրեյ Կելինը նկատել է, որ հակամարտության կարգավորման համար կարեւոր խթան է անհրաժեշտ, որ կողմերին մղի վերջնական մերձեցման. «Եթե դա չանենք, իրավիճակն ավելի կսրվի: Այն առանց այդ էլ սրված է, փոխհրաձգությունները չեն դադարում, միջադեպերն ավելի շատ են: Ուստի մտավախություն կա, որ այդ էսկալացիան կվերաճի ավելի լայնածավալ ինչ-որ բանի»:
Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի արդյունավետությունը՝ Կելինն ընդգծել է. «Բանը ձեւաչափի մեջ չէ, այլ ցանկության եւ կարգավորման գնացող մարդկանց քաղաքական կամքի: Վերջին շրջանում Թուրքիան ձգտում էր ավելի ակտիվ մասնակցել: Մենք դա հակաարդյունավետ ենք համարում, քանի որ յուրահատուկ վիճակ է ստեղծվել, երբ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում են»:

No comments: