Saturday, September 25, 2010

ԱԼԻԵՎ ԿՐՏՍԵՐԻ ՃԱՌԸ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ»

«ԱԶԳ», 25-09-2010- Ալիեւ կրտսերի հայտարարությունները ոչ միայն մեղմացել են, այլեւ փոխել են տոնայնությունը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանում Ադրբեջանի նախագահի սեպտեմբերի 23-ին ունեցած ելույթն ու հայտարարությունները, նախորդների համեմատ, բավականին մեղմ են ու սպառնալիք առանձնակի չեն պարունակել, սակայն միամիտ կլիներ սպասել, թե Ալիեւի խոսքը կարող էր որեւէ կառուցողական կետ ունենալ:
Արդեն վաղուց ստանդարտ հայտարարության տեքստ դարձած խոսքերը, թե «Ադրբեջանի 20 տոկոսն օկուպացված է», մի հսկա բանակ էլ փախստականներ կան երկրում, առանձնակի ոչինչ չեն տվել այս տարի կրկնելուց հետո ու դժվար թե որեւէ բան փոխեն` թեկուզ ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարության տեսքով կրկին լսարանին մատուցելու պարագայում:
Ալիեւյան պնդումները, թե Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է, տհաճ զարմանք են պատճառում, քանի որ Ադրբեջանի նախագահն անպատեհ ստով է մատուցում իր ելույթը բազմազգ հավաքի շրջանակներում: Ռազմատենչ ու ռեւանշիստական հայտարարությունների հեղինակը թերեւս մոռանում է սեփական խոսքերը, ինչպես Ադրբեջանում, հաստատապես, հաճախ է տեղի ունենում բարձրաստիճան ներկայացուցիչների խոսքում:
Ալիեւի հաջորդ խոսքերն առավել քան հետաքրքրական են, քանի որ հայաստանյան իրականության մեջ հնչող պնդումները, թե Հայաստանն արդեն իսկ համաձայնել է «վերադարձնել տարածքները», ինչպես նաեւ ադրբեջանական պնդումները, թե բանակցությունների սեղանին այդ նույն հարցի առնչությամբ Ադրբեջանն հասել է իր ուզածին, հենց Ալիեւի խոսքովՙ իրականությանը չեն համապատասխանում, քանի որ ՄԱԿ-ում Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե «Հայաստանը մտադիր չէ ազատել ադրբեջանական օկուպացված տարածքները»: ՄԱկ-ում Ալիեւը բարձրաձայնել է նաեւ, թե Արցախին հարակից շրջաններում «ոչնչացվում է մշակութային ժառանգությունը»: Տվյալ դեպքում Ֆրոյդը կամ նրա աշխատությունների նման գրքեր հեղինակողները կասեն, թե մարդն իր մեղքը պրոյեկտում է այլոց վրա. Ադրբեջանն իր վանդալիստական գործունեությունը հայկական մշակութային ժառանգության եւ ընդհանրապես հայկականության հանդեպ աշխարհին փորձում է մատուցել որպես ճիշտ հակառակ երեւույթ: Եվ, ցավոք, Ալիեւի ձեռքը բռնող այդպես էլ չեղավ, երբ, ասենք, ջուրը լցվեցին մոտ 5000 շիրմաքար ու խաչքար Հին Ջուղայում:
Իսկ այն, որ Ալիեւի ներկայացմամբ, Հայաստանը սրում է հակամարտության լարվածությունը, Ադրբեջանի նախագահիՙ ներքին լսարանին ուղղված հայտարարություններից մի հատված է, որ աշխարհին կրկին մատուցվում է կեղծ ու ստահոդ մեկնաբանությամբ այն դեպքում, երբ աշխարհն էլ առանձնակի չի շտապում Ադրբեջանի ձեռքը բռնել` թեկուզ շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո: Չմոռանալով, որ վերջերս Եվրոմիություննՙ ի դեմս Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի, զգուշացրել էր Ադրբեջանին նման պահվածքի առնչությամբ, իրականությունն այն է, որ Ադրբեջանում հրադադարի խախտումները դեռեւս օգտագործվում են որպես իրավիճակն առավել բարդացնելու միջոց:
Ալիեւյան եւս մեկ հայտարարություն, թե ղարաբաղյան հակամարտությունը սպառնում է միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, հարկ է, որ միանշանակ չընդունվի ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից, քանի որ Ադրբեջանը սպառազինվելու հարցում տարածաշրջանում հաստատ առաջինն է, էլ չասած այդ ուղղությամբ արվող ծախսերի միլիարդային սահմանն անցնելու մասին:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: